Մենք արտաքին քաղաքականության ոլորտում Հայաստանի ներքին կյանքին վերաբերող հարցեր չենք քննարկում, լրագրողների հետ ճեպազրույցում հայտարարեց վարչապետ Նիկոլ Փաշինյանն՝ արձագանքելով Ադրբեջանի արտգործնախարար Ջեյհուն Բայրամովի հայտարարությանը:
«Սահմանադրության փոփոխության օրակարգը ներառված է ՀՀ կառավարող մեծամասնության ծրագրում, և դա փաստ է, 726 հազար մարդ քվեարկել է դրա օգտին», - ասաց Փաշինյանը:
Բայրամովը հայտարարել է, որ խաղաղության համաձայնագիրը կարող է ստորագրվել միայն այն բանից հետո, երբ, իր ձևակերպմամբ, Հայաստանի Սահմանադրությունից հանվեն Ադրբեջանի նկատմամբ տարածքային պահանջները։
«Այդ օրակարգը կա, մենք պետք է վերլուծենք իրավիճակն ու դիրքավորվենք այդ հարցի շուրջ», - ասաց վարչապետը:
Փաշինյանն ընդգծեց՝ «մենք շարունակելու ենք աշխատել խաղաղության հետագա ինստիտուցիոնալացման վրա»:
Անկլավների մասին
Անդրադառնալով սահմանազատման թեմային վարչապետն ասաց, որ որևէ նոր զարգացում չկա:
Ինչ վերաբերում է անկլավների թեմային, Նիկոլ Փաշինյանը հայտարարեց՝ «պետք է բոլոր կիսատ մնացած թեմաները լուծենք»: «Մենք նույնպես այդ թեմայով շահագրգռություն ունենք, որովհետև Արծվաշեն գյուղը էքսկլավային կարգավիճակով գտնվում է Ադրբեջանի վերահսկողության ներքո ու Հայաստան Հանրապետության ինքնիշխան տարածք է՝ համաձայն 1991 թվականի Ալմա Աթայի հռչակագրով արձանագրված սկզբունքների»:
Փաշինյանն ընդգծեց՝ չի կարող հայտարարել, թե հրաժարվում ենք անկլավների կամ էքսկլավների թեմայից: «Մենք պետք է այդ հարցին լուծում տանք»:
«Ադրբեջանի դրամի և անձնագրի քարտեզների մեջ Արծվաշենը որպես անկլավ արձանագրված է, սա շատ կարևոր նրբություն է, և կարծում եմ, որ մենք էլ պետք է հայելային նույն մոտեցումը ցուցաբերենք», - նշեց Փաշինյանը: