Փաշինյանը հայտարարում է՝ Ծառուկյանին ձերբակալելու կադրերը չի տեսել

Վարչապետ Նիկոլ Փաշինյանն այսօր լրագրողների հետ ճեպազրույցում հայտարարեց, թե ԲՀԿ ղեկավար Գագիկ Ծառուկյանին ձերբակալելու կադրերը չի տեսել:

Փաշինյանը հայտարարեց՝ իրավապահները գործում են իրենց լիազորությունների շրջանակներում. «Հայաստանի Հանրապետությունը գործում է իր լիազորությունների շրջանակներում, այդ թվում՝ ՀՀ ժողովրդի տված մանդատի շրջանակում»:

Գագիկ Ծառուկյանը ձերբակալվեց օրերս՝ իր առանձնատանը: Դատարանը նրան երկու ամսով կալանավորելու որոշում կայացրեց, ինչին զուգահեռ Քննչական կոմիտեն հրապարակեց խուզարկության օրվա կադրերը:

Մեկրոպեանոց տեսանյութում երևում է, թե ինչպես են Ազգային անվտանգության ծառայության զինված ու դիմակավորված աշխատակիցները ներխուժում գործարարի առանձնատուն: Արդեն ներսում ԱԱԾ-ի մոտ մեկ տասնյակ ծառայողներ շրջապատում են 70-ամյա Ծառուկյանին, բռնում նրա ձեռքերից ու ոտքերից և տապալում գետնին:

«Ազատության» հարցիի՝ «Ձեր նախընտրական խոստման մի մասն արդեն համարո՞ւմ եք իրականացված», Փաշինյանն արձագանքեց. «Իմ նախընտրական խոստումները կհամարեմ իրականացված, եթե ինչպես և խոստացել եմ ամբողջ թալանածը բոլորի հատիկ-հատիկ հետ բերվի, երբ «Մարտի 1»-ի գործով պատասխանատումները ենթարկվեն պատասխանատվության: Ոչ, չեմ համարում, որ իմ նախընտրական խոստումները կատարվել են»:

«Որ ասում են՝ տեղի է ունենում քաղաքական հետապնդում, իսկ ես ասում եմ՝ մինչև վերջերս տեղի է ունեցել քաղաքական չհետապնդում։ Քանի որ նախորդ քաղաքական իշխանությունների, այդ թվում` պետական համակարգում գործող շոշափուկները պրոտեկցիոն պայմաններ են ստեղծել շատերի համար, և դրա վերջը պետք է տրվի», - նշեց նա։

«Բարգավաճ Հայաստան» կուսակցության առաջնորդի հետևից իրավապահները գնացին վարչապետի հրապարակային սպառնալիքներից հետո։ Ծառուկյանը Նիկոլ Փաշինյանի թիրախում հայտնվեց, երբ մտավ ընտրապայքարի մեջ ու հայտարարեց «Քաղաքացիական պայմանագրին» իշխանազրկելու իր որոշման մասին։ Թե՛ քարոզարշավի ընթացքում, թե՛ հետընտրական փուլում վարչապետ Փաշինյանն արդեն բաց տեքստով, ուղիղ սպառնում էր ընդդիմադիր ուժի առաջնորդին՝ խոստանալով ոչ միայն բանտ ուղարկել, այլև ունեզրկել նրան։

Գագիկ Ծառուկյանն այսօր «Երևան-Կենտրոն» ՔԿՀ-ից հայտարարություն է տարածել՝ պնդելով՝ իր հանդեպ իրականացվողը «ակնհայտ կեղծ է»:

ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ

Ծառուկյանը հայտարարում է՝ իր հանդեպ իրականացվողը «ակնհայտ կեղծ է»