«Արարատցեմենտի» աշխատակիցները հավաքվել են գործարանի դիմաց․ պարզաբանումներ են պահանջում

Ծառուկյաններին պատկանող «Արարատցեմենտի» աշխատակիցները վաղ առավոտից հավաքվել են գործարանի դիմաց՝ պահանջելով պարզաբանել, թե ինչու գործարանն արդեն չորրորդ օրն է չի աշխատում։

Աշխատակիցների պնդմամբ՝ մինչ այս պահը չեն ստացել նաև նախորդ ամսվա աշխատավարձը։ Ըստ նրանց՝ գործարանի վարչական բաժինների աշխատանքը կասեցված է, հաշվապահությունն էլ չի աշխատում, ինչի հետևանքով վճարումները չեն կատարվել։

Ընկերության ղեկավարությունն ասում է՝ հստակ տեղեկություն չունի, թե երբ կվերականգնվի աշխատանքը։

Գործարանի տարածք են եկել իրավապահները, գործարանի կապարակնքված դուռը բացեցին և ներս մտան:

Պարզ չէ՝ արդյոք գործարանի աշխատանքը կվերսկսվի: Լրագրողներին մոտենալ չեն թույլատրում։ Աշխատակիցներն էլ սպասում են շենքի հարակից տարածքում։

Ավելի ուշ, գործարանի ղեկավարը հայտնեց, որ այժմ քննիչների հետ բանակցում են գործարանի աշխատանքները վերսկսելու շուրջ, սակայն հստակություն չկա։

Նա աշխատակիցներին հորդորեց՝ տուն գնալ, նշելով, թե երբ նորություն լինի՝ կտեղեկացնեն։

Նրանք այժմ կապարակնքված շենքում են, աշխատակիցներն էլ հեռանում են։


Ծառուկյանների ընտանիքին պատկանող գործարանը դադարեցրել է աշխատանքը այն բանից հետո, երբ իրավապահները խուզարկություններ են իրականացրել Գագիկ Ծառուկյանին և նրա ընտանիքին պատկանող մի շարք ընկերություններում, ապա կապարակնքել դրանք։

«Արարատցեմենտի» աշխատակիցների պնդմամբ՝ իրավապահները գործարան են եկել հերթափոխի ժամին, խուզարկել տարածքը, կապարակնքել վարչական շենքն ու հեռացել՝ առանց հստակ բացատրության։

Գագիկ Ծառուկյանի առանձնատան խուզարկություններին և նրա ձերբակալությանը զուգահեռ կապարակնքվել են նաև Ծառուկյանների ընտանիքին պատկանող այլ ընկերություններ, այդ թվում՝ Երևանի «Արարատ» կոնյակի, գինու և օղու կոմբինատը, «Մուլտի Սթոունը», «Մուլտի Վելնեսը», Օլիմպավանը և «Փարավոն» ռեստորանը։

ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ

Խուզարկություններ՝ Ծառուկյանի տանը և բիզնեսներում. ԲՀԿ առաջնորդը ձերբակալվեց, կալանքի միջնորդություն կներկայացվի