324 ապրանքախումբ՝ առանց մաքսատուրքի. ինչ կշահի Հայաստանը Բրյուսելի առաջարկից

Հայաստանին մաքսային արտոնություններ տալով՝ Բրյուսելի հաշվարկներով հայաստանցի գործարարները երկու տարվա ընթացքում Եվրամիությանն ընդհանուր 5.4 միլիոն եվրոյի չափով մաքսատուրք չեն վճար: Բրյուսելի քայլի արդյունքում հայ արտադրողներն ու արտահանողները կկարողանան մի քանի հարյուր տեսակի ապրանքներ եվրոպական շուկա արտահանել առանց մաքսատուրքերի: Ու եթե վարչապետ Նիկոլ Փաշինյանը հայտարարում է, թե արտոնություններն անժամկետ են, Եվրահանձնաժողովի կայքում հրապարակված նախագծում ուղիղ գրել են՝ 2 տարով են նախատեսում արտոնյալ պայմաններ տրամադրել.

ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ

Բրյուսելը մտադիր է Հայաստանի համար մաքսային արտոնյալ ռեժիմ սահմանել

Հայաստանի համար մաքսային արտոնյալ ռեժիմ սահմանելու մտադրության մասին Եվրահանձնաժողովի նախագահ Ուրսուլա ֆոն դեր Լայենը երեկ՝ Երևանում ազդարարեց: Խոսքն առևտրի ինքնավար միջացառումների՝ Autonomous Trade Measures-ի կամ ATM-ի մասին է.

«Սրանով մենք կարող ենք վերաուղղորդել այն ապրանքները, որոնք մեծապես ռուսական շուկա են արտահանվում, և դրանք ուղարկել Եվրոպական միության միասնական շուկա՝ 450 միլիոն մարդկանց համար»,- հայտարարեց Եվրահանձնաժողովի նախագահ Ուրսուլա ֆոն դեր Լայենը:

«Ազատությունն» ուսումնասիրել է նախագիծը, որն ընդհանուր 324 ապրանքախմբի համար ազատ առևտրի հնարավորություն է նախատեսում: Եվրահանձնաժողովը նախ ընդգծում է՝ Ռուսաստանի գործողությունները էական բացասական ազդեցություն են թողնում Հայաստանի առևտրային հնարավարությունների վրա ու լուրջ խոչընդոտներ են ստեղծել հայ արտադրողների ու արտահանողների համար:

ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ

«Եթե ԵԱՏՄ-ում ապրանքների, աշխատուժի ազատ տեղաշարժի չլուծվող խնդիրներ կան, ուրեմն միությունը գոյություն չունի». Փաշինյան

Մոսկվան Հայաստանի նկատմամբ տնտեսական սահմանափակումներ կիրառեց մայիսին եվրոպացի առաջնորդների մասնակցությամբ անցակացված գագաթնաժողովներից հետո ու նախընտրական շրջանում. արգելեցին, ըստ էության, հայկական ամբողջ գյուղմթերքի ներկրումը, սահմանափակել են նաև կոնյակի, ձկների ներկրումը, հանքային ջրի վաճառքը, Ռուսաստանը նույնիսկ թույլ չի տալիս իր տարածքով տարանցիկ բեռնափոխադրումներ իրականացնել.

Ինչպես Երևանն, այնպես էլ Բրյուսելն ընդգծում է՝ կարևոր է, որ նախագիծը կյանքի կոչվի ու իրագործվի այնքան արագ, որքան հնարավոր է, Եվրահանձնաժողովը Հայաստանին նման արտոնություն տրամադրելու անհրաժեշտությունը հրատապ է համարում:

«Հույս ունենք նաև, որ այն հնարավոր կլինի ընդունել հնարավորինս սեղմ ժամկետներում՝ հաշվի առնելով, որ բերքահավաքի շրջանը Հայաստանում արդեն մեկնարկել է»,- նախօրեին հայտարարեց վարչապետ Փաշինյանը:

Այդուհանդերձ, Հայաստանը մաքսային արտոնյալ պայմաններ կունենա միայն, երբ նախագիծն ընդունվի Եվրամիության անդամ 27 պետություններում:

Ի՞նչ ապրանքներ կարող են հայ արտադրողներն ու արտահանողները առանց մաքսատուրքի Եվրամիության շուկա հասցնել և ինչ քանակով

Գյուղատնտեսական 8 մշակաբույսերի համար հստակ քանակական սահմանափակումներ կլինեն. արտոնյալ պայմաններով հնարավոր կլինի տարեկան 6500 տոննա վարունգ արտահանել, 5000 տոննա խաղող, 750 տոննա տանձ, 7000 տոննա ծիրան, 2000 տոննա բալ, 3500 տոննա դեղձ, 1500 տոննա սալոր ու 2500 տոննա ելակ: Արդյո՞ք սա կծածկի ռուսական սահմանափակումների հետևանքով մնացած բացը: Օրինակ՝ Հայաստանը շատ ավելի քիչ ծավալով է վարունգ արտահանում, քան առավելագույն 6500 տոննայի սահմանափակումը, սակայն խաղողի դեպքում 5000 տոննան Հայաստանի տարեկան արտահանումների կեսն էլ չի փակում, անցած տարի Հայաստանն ընդհանուր 13 հազար տոննայից շատ խաղող է արտահանել, թե որքան տանձ է Հայաստանից այլ երկրներ արտահանվում բաց աղբյուրներում հասանելի չէ: Հայաստանի վիճակագրական կոմիտեն ներկայացնում է ընդհանուր ապրանքախումը՝ որտեղ ներառում են նաև խնձորի ու սերկևելի վերաբերյալ ցուցանիշները, նույն տրամաբանությամբ՝ մեկ տողով են ներկայացնում նաև ծիրանի, բալի, դեղձի, սալորի արտահանման տվյալները: Եվրամիությունն այս մրգերի համար ընդհանուր 14 հազար տոննա առանց մաքսատուրքի ներկրելու հնարավորություն է նախատեսում, մինչդեռ, 2025-ին Հայաստանից արտահանումն ընդհանուր գրեթե 72 հազար տոննա է կազմել: Ելակի պարագայում, սակայն, Բրյուսելի արտանությունը լիովին փակում է Հայաստանի արտահանման ծավալները, նույնսիկ կարելի է ավելին արտահանել, քան անցած տարի:

Բացի այդ, ևս 316 խումբ ապրանք առանց մաքսատուրքի Եվրամիության երկրներ արտահանելու համար ոչ մի քանակական սահմանափակում չի լինի. ցանկն ընդարձակ է՝ մսամթերք, կաթնամթերք, բանջարեղեն, ընդեղեն, հագուստ, ալկոհոլային խմիչք, ծխախոտ և այլն.

Մոլդովայի փորձը

Գյուղատնտեսական ապրանքներն արտահանելու այսպիսի արտոնյալ պայմաններ Եվրամիությունը նաև Մոլդովային է տվել. մաքսատուրքերից ազատելու որոշումը պարբերաբար երկարաձգում են: Մոլդովացի տնտեսագետ Վիորել Կիվրիգայի խոսքով՝ Մոլդովայում ոչ շատ արագ, սակայն արդեն փոխություններ են տեղի ունեցել, ասում է. -«Տնտեսական տեսանկյունից դեպի եվրոպական շուկա ցատկ է տեղի ունենում, բացի այդ, ընկերությունները զարգանում են, շատանում են նաև աշխատատեղերը»:

Մոլդովացի տնտեսագետը նշում է՝ իր երկրի արտադրողներն ու արտահանողները զգում են եվրոպական շուկաների վրա կենտրոնանալու առավելությունները.

«Նրանք տեխնիկապես են վերաիմաստավորում իրենց արտադրությունը, մեծացնում են արտադրական հզորությունները ու ժամանակակից դարձնում»,- ընդգծում է Վիորել Կիվրիգան:

Եվրաինեգրացիայի ուղին ընտրած Մոլդովան նույնպես ռուսական տնտեսական սահմանափակումների առաջ է կանգնել: Տնտեսագետն ընդգծում է՝ հասկացել են, որ մեկ շուկայի ուղղությամբ չպետք է կենտրոնանան, նրա խոսքով.- «Պետք է արտադրել որևէ այլ բան, որը պահանջված կլինի այլ շուկաներում, որտեղ այլ կանոններ են գործում՝ նորմալ կանոններ, որտեղ չկան խոչընդոտներ, չկա շանտաժ: Շատ անգամներ նույնիսկ ասում ենք, որ եթե ռուսական կողմի շանտաժը չլիներ՝ Մոլդովայում գյուղատնտեսության ոլորտում բարեփոխումներն ավելի դանդաղ կընթանային՝ առանց այսպիսի արդյունքների, սա մոլդովացի արտադրողներին մի իրավիճակում թողեց, երբ պետք էր լուծում գտնել»:

ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ

«Նոր ստանդարտից մինչև նոր շուկա եթե չաջակցեք, փոքր բիզնեսը կմահանա»


Հայաստանի համար նախատեսված մաքսային արտոնությունների նախագիծը, եթե ուժի մեջ մտնի, հետագայում կարող է չեղարկվել կամ սահմանափակվել, եթե, օրինակ Հայաստանից արտահանվող ապրանքը բացասաբար ազդի Եվրամիության տեղական արտադրանքի վրա, եթե նույնսիկ անդամ մեկ պետություն բավարար հիմքերով դիմում ներկայացնի, Բրյուսելը կուսումնասիրի ու ընթացք կտա:

Իսկ ի՞նչպես են վերահսկելու գործընթացը, որ խարդախություններ չլինեն. օրինակ՝ հայկականի անվան տակ այլ երկրի արտադրանք արտոնյալ պայմաններով եվրոպական շուկա չարտահանեն: Բրյուսելը վերահսկողության մեխանիզմներ է նախատեսում կիրառել, և եթե նման դեպքեր լինեն, կարող են արտոնություններն ընդհանրապես չեղարկել:

Պայմաններից մեկը Հայաստանի արդյունավետ համագործակցությունն է. հայկական կողմը պետք է հավաստող տեղեկություններ ներկայացնի, որ ապրանքն, իրոք, հայկական է: Բացի այդ, Հայաստանն, իր հերթին, եվրոպական արտադրանքի համար նոր մաքսատուրքեր չպետք է սահմանի ու այլ սահմանափակումներ կիրառի: