Ձուկ չեն արտահանել, բայց 2 ձկնարտադրող ընկերություններ ռուսական պատժամիջոցների տակ են հայտնվել

Ձկնարտադրությամբ զբաղվող «ՄՖ Էքսպորտ» և «Ինվեստ պլյուս» ընկերությունները թեև անցած շաբաթներին իրենց արտադրանքը Ռուսաստան չեն արտահանել, բայց հայտնվել են ռուսական պատժամիջոցների տակ:

«Այդ 2 ընկերությունների ներմուծումը Ռուսաստանի Դաշնություն արտոնելուց հետո, այդ ընկերությունները որևէ խմբաքանակ չեն արտահանել», - «Ազատությանը» փոխանցեց Հայաստանի Սննդամթերքի անվտանգության տեսչության խոսնակ Անուշ Հարությունյանը:

Անցած ամիս ստուգումներ անցկացնելուց հետո, ռուս մասնագետները «ՄՖ Էքսպորտ» և «Ինվեստ պլյուս» ընկերություններին թույլատրել էին կրկին ձուկ արտահանել Ռուսաստան: Բայց փաստորեն ավելի ուշ «Ռոսսելխոզնադզոր» որոշել է ժամանակավորապես դադարեցնել նաև այս ձեռնարկությունների արտադրանքի սերտիֆիկացումը:

Եթե ձուկ չեն արտահանել, ինչո՞ւ են այդ ընկերությունները ևս պատժամիջոցների տակ հայտնվել: Այս հարցին ՍԱՏՄ-ից դժվարանում են պատասխանել:

«Դուք ինձ հարց եք տալիս, որի պատասխանը ես չունեմ, ես չեմ կարող ասել Ռուսաստանը ինչով է առաջնորդվում, միայն տեղյակ ենք, որ այդ ընկերություններին արտոնելուց հետո այդ երկու կազմակերպությունները որևէ խմբաքանակ չեն արտահանել», - ասաց կառույցի խոսնակը:

Անուշ Հարությունյանը տեղեկացրեց, որ ռուսական կողմի հետ համատեղ ստուգումներ են իրականացվել 4 ձեռնարկություններում, դրանց արդյունքները ռուսական կողմը ուղարկել է իրենց, կատարված լաբորատոր փորձաքննությունների արդյունքներին և ներկայացված դիտարկումներին ծանոթանալուց հետո, ՍԱՏՄ -ն կպատասխանի ռուսական կողմին:

ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ

Ռուսական պատժամիջոցներին զուգահեռ 2 հայկական ընկերության նկատմամբ արգելքը հանվել է

Մանրամասները տե՛ս այստեղ