«Դատարանի որոշումը չեմ մեկնաբանում, պայքար է», - Այսպես է արձագանքում Արամայիս Թախմազյանը՝ Թալինի նախկին հոգևոր հովիվ, կարգալույց քահանա Տեր Թադեն, վարչական դատարանի վճռին, որով արձանագրվել է՝ ոստիկանները պիտի կանխեին իր ներխուժումը Թալինի Սուրբ Աստվածածին եկեղեցի։
«Սա պայքար է, ու մենք պիտի հաղթենք վերջում, վերջ, այլ տարբերակ չկա», - նշեց նա։
Նախկին քահանան հույս ունի, որ Փաշինյանի հռչակած հակակաթողիկոսական պայքարին միացած հոգևորականների դեմ այս առաջին վճիռը վերջինը կլինի. «Մենք ունենք իշխանությունից աջակցություն, բայց մեր դեմ որոշումներ կան»։
Էջմիածինն էր դատական հայց ներկայացրել ընդդեմ Ներքին գործերի նախարարության։ Ըստ փաստաբան Արա Զոհրաբյանի՝ կարգալույծ հռչակված Տեր Թադե քահանան եկեղեցու խորան բարձրանալու ու ծեսեր անելու իրավունք չուներ ու իրենք ոստիկանություն էին դիմել այդ գործողությունները կանխելու ու կարգալույծին վտարելու պահանջով։ Նախկին քահանան, սակայն, մի քանի բազմամարդ պատարագներ է արել վարչապետ Փաշինյանի մասնակցությամբ։
Եկեղեցու իրավաբանը դա ոչ թե պատարագ, այլ պատարագանման գործողություն է անվանում։ Թեմի քահանաները պատմում էին, որ բազմաթիվ ոստիկաններ ու Թալինի համայնքապետ Սափեյանն անձամբ արգելել են իրենց մուտքը եկեղեցի ու ապահովել, որ պատարագ մատուցի կարգալույծը։
ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ
Թալինում Սուրբծննդյան պատարագը խոչընդոտել են. խորան է բարձրացել կարգալույծ քահանան«Մեր դիմաց կանգնել էր փոխոստիկանապետը Հայաստանի, առավոտ վաղ եկել էին, թույլ չէին տալիս, մեծ թվով ոստիկանական ծառայողներ կային, իրենք ասում էին իբրև՝ հասարակական կարգ են պահպանում, չեն թույլատրում, որպեսզի խոչընդոտ չլինի», - ասաց Արա Զոհրաբյանը։
Վարչական դատարանն այժմ, ըստ փաստաբանի, ոստիկանների գործողությունները ոչ իրավաչափ է ճանաչել:
Նախկին Տեր Թադե քահանայի վտարման գործընթացը Թալինի Սուրբ Աստվածածին եկեղեցուց դեռ ավարտված չէ։ Սա առանձին հայց է։ Նախկին քահանան ասում է՝ եթե այդպիսի որոշում լինի, պատրաստ է ենթարկվել դատարանի որոշմանը, բայց ոչ նահանջի տրամադրությամբ։ Նա կասկած չունի, որ «Եկեղեցու նորոգում» կոչվող շարժումը չի մարի, ավելին՝ կպսակվի հաջողությամբ, քննարկումներն, ասում է, կանգ չեն առնում։
«Ամեն ինչ չի, որ պիտի երևա էլի, կերևան որոշակի դրսևորումներ, բայց ոչ ամբողջը, բայց դրսևորումներ անշուշտ կլինեն, ինչն էլ կհասնի վերջնանպատակին», - ասաց նա։
Ըստ Մայր Աթոռի փաստաբանի՝ Հովանավանքը գրաված կարգալույց քահանայի մասով էլ նույնանման վճիռ են ակնկալում։ Վարչական դատարանը հուլիսի 1-ին է որոշումը հրապարակելու։ Հովանավանքն էլ քահանայական կարգից զրկված Ստեփան Ասատրյանի՝ նախկին Տեր Արամ քահանայի հսկողության տակ է։ Արա Զոհրաբյանը պնդում է՝ Փաշինյանի արշավին միացած նախկին ու ներկա հոգևորականներին ոստիկանությունն աջակցում է, ապահովում, որ նրանք մնան այն եկեղեցիներում, որոնք Մմայր Աթոռի տիրապետության տակ են։
Նախկին Տեր-Թադե քահանան հիշեցնում է՝ իրենց կարգալուծության վերաբերյալ Վեհափառի որոշումը չեն ընդունում. «Ես այսպես եմ ուզում և վերջ։ Ես, եթե ուզում եմ, պիտի լինի, վերջ։ Սա է իրենց մոտեցումը։ Ի՞նչ օրենք, ի՞նչ բան։ Ես կարծում եմ, որ իրենք այդ սկզբունքով են շարժվում»։
Նախկին քահանաների սոցցանցային էջերը լի են իշխանական դեմքերի լուսանկարներով։ Հովանավանքի կարգալուծ քահանայի՝ Ստեփան Ասատրյանի գլխավոր նկարում մշտական Նիկոլ Փաշինյանն է։ Կաթողիկոսին գահից իջեցնել ցանկացողները եկեղեցու քաղաքականացված լինելն էին համարում գլխավոր պատճառներից մեկը։ Այս կարգալույցները նույնը չե՞ն անում։
«Պարզ է, որ Տեր Արամը, ես և մյուս եկեղեցականներս ունենք աջակցություն, և ի՞նչ անենք, հիմա մեր կաթողիկոսը չի ուզում մեր հետ նկարվի, ի՞նչ ասենք», - նշեց Թալինի նախկին հոգևոր հովիվը։
Նախկին քահանան վարչապետի, Թալինի քաղաքապետի, Արագածոտնի մարզպետի լուսանկարներն իրենց էջերում համարում է սիրուց դրդված գործողություն, աջակցում են «Քաղաքացիական պայմանագրին», որովհետև ընդհանուր գործ ունեն հանգստի ուղարկել Վեհափառին։
Այս թեման, սակայն, վերջին ամիսներին կորցրել է հրատապությունը։ Կաթողիկոսին հեռացնելը ծրագրային դրույթ դարձրած իշխող թիմը քարոզարշավի ընթացքում ծրագրային այդ մի կետը շրջանցեց։ Երեկ էլ վարչապետ Նիկոլ Փաշինյանը Նոր Նորքի Սուրբ Սարգիս եկեղեցում պատարագի էր, առանց Վեհափառի անունը շրջանցելու նախապայմանի։
«Վարչապետը եկել է, մասնակցել է պատարագին, ամեն ինչ նորմալ անցել է, ինչպես ես պատարագը մատուցել եմ, այդպես էլ երեկ նույն ձևով անցել է, վեհափառի անունը տրվել է, իհարկե», - ասաց Տեր Կարապետ քահանա Կարապետյանը: