Սահմանադրական դատարանում «Հայաստան» դաշինքի ներկայացուցիչ, փաստաբան Հովհաննես Խուդոյանը «Ազատությանը» հայտնեց, որ դիմում են ներկայացնելու բարձր ատյան, որպեսզի դատավոր Սեդա Սաֆարյանի մասնակցությունը ուրբաթ մեկնարկելիք դատավարությանը ճանաչվի անհնարին՝ կողմնակալության հիմքով:
Սեդա Սաֆարյանը 2021 թվականի խորհրդարանական ընտրություններում ընդգրկված էր «Շիրինյան-Բաբաջանյան ժողովրդավարների դաշինք»-ի ցուցակում:
Արման Բաբաջանյանի «Հանուն Հանրապետության» կուսակցությունը ևս Սահմանադրական դատարանում բողոքարկում է ընտրությունների արդյունքները, իսկ 2021-ին Բաբաջանյանը Սաֆարյանի հետ նույն դաշինքում էր:
Ավելի վաղ հայտնի դարձավ, որ ՍԴ որոշմամբ դատավորներ Վլադմիր Վարդանյանը և Արտակ Զեյնալյանը չեն մասնակցի քաղաքական յոթ ուժերի դիմումների քննությանը, քանի որ նրանք «կանխակալ վերաբերմունք ունեն» դատավարության կողմերի նկատմամբ:
Վլադիմիր Վարդանյանը Սահմանադրական դատարան է տեղափոխվել խորհրդարանից՝ կառավարող «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցությունից, իսկ Արտակ Զեյնալյանը մինչև դատավոր ընտրվելը Արամ Սարգսյանի «Հանրապետություն» կուսակցության, Երևանի ավագանու համանուն խմբակցության անդամ էր: