«Ուժեղ Հայաստան» դաշինքի պատգամավորի թեկնածու Դավիթ Ղազինյանը կալանավորվեց երկու ամսով։ Հակակոռուպցիոն դատարանը բավարարեց Հակակոռուպցիոն կոմիտեի միջնորդությունը։
Ղազինյանը մեղադրվում է ընտրակաշառք տալու նախապատրաստության հոդվածով։ Նա մեղադրանքը չի ընդունում։
Երեկ Կենտրոնական ընտրական հանձնաժողովը համաձայնություն էր տվել Ղազինյանի նկատմամբ քրեական հետապնդում հարուցելուն և նրան ազատությունից զրկելուն։ Դատախազությունը նման միջնորդություն էր ներկայացրել՝ հաշվի առնելով, որ Ղազինյանը պատգամավորի թեկնածու է և ունի անձեռնմխելիություն։
Ղազինյանի փաստաբան Արամ Վարդևանյանը ԿԸՀ նիստից հետո պնդել էր, որ միջնորդության մեջ բավարար հիմքեր չկան։ «Որևէ մի տվյալ չի եղել, նման միջնորդություն տևական ժամանակ չէի հանդիպել», - ասել էր նա։
Նույն նիստում ԿԸՀ-ն համաձայնություն էր տվել նաև «Հայաստան» դաշինքի նախընտրական ցուցակը գլխավորող Ռոբերտ Քոչարյանի նկատմամբ մեղադրանք առաջադրելու դատախազության միջնորդությանը։ Քոչարյանի դեպքում ազատությունից զրկելու միջնորդություն չի ներկայացվել։
Ընդդիմադիր թեկնածուների ներկայացուցիչները ԿԸՀ-ում քննարկվող միջնորդությունները կապում են հետընտրական քաղաքական գործընթացների հետ։ Իշխանությունն, իր հերթին, պնդում է, որ իրավապահ համակարգի աշխատանքին չի միջամտում։