«Գրիգորյանի և Հաջիևի հանդիպումը պատերազմի սպառնալիքը կառավարելու համար էր». Փաշինյան

Վարչապետ Փաշինյանն Իլհամ Ալիևի օգնականի հայաստանյան այցը կապեց հունիսի 7-ի ընտրությունների արդյունքների հետ, պնդելով՝ Դիլիջանում հունիսի 14-ին Անվտանգության խորհրդի քարտուղար Արմեն Գրիգորյանի և Հիքմեթ Հաջիևի հանդիպումը ստեղծված սպառնալիքը կառավարելու համար էր:

«Արտաքին աշխարհում կարող ա հարց ծագել՝ մի րոպե, Հայաստանի Հանրապետությունում 500 հազար քաղաքացի կա, որ մտածում ա, որ պետք ա ծովից ծով Հայաստանը գնալ վերցնել, կամ պետք ա Ղարաբաղը հետ բերել, կամ պետք ա գնալ Ղարաբաղ, կամ պետք ա վերանայել խաղաղության համաձայնագիրը: Եթե մենք հիմա չկառավարենք էս իրավիճակը, և ընկալում ստեղծվի, որ Հայաստանի Հանրապետությունում 500 հազար մարդ կա, որ ասում ա՝ մենք պիտի Ղարաբաղի շարժումը շարունակենք, դա շատ լրջորեն կսրի ռազմաքաղաքական իրավիճակը Հայաստանում», - հայտարարեց Փաշինյանը՝ շարունակելով. - «Բայց մենք հո գիտենք իրողությունը, մենք հո գիտենք, որ չկա այդպիսի մարդ, այլ ընտրակաշառք ա բաժանվել արտաքին ուժերի օգնությամբ, ովքեր շահագրգռված են, որ տարածաշրջանը պայթի, և այո, ընտրակաշառքով կոնկրետ պատերազմի սպառնալիք են ստեղծել»:

«Ի՞նչն էր անհրաժեշտությունը, որ էս նախընտրական շրջանում, ընտրություններից իրեք օր-չորս օր հետո, կամ չգիտեմ քանի օր հետո, ասենք, էդ ձևաչափով հանդիպում կազմակերպվի. որպեսզի մենք կառավարենք էդ սպառնալիքը», - նշեց վարչապետը և հավելեց. - «Ես ասում եմ՝ էն մարդիկ, ովքեր ընտրակաշառք են վերցրել և քվեարկել են ըստ ընտրակաշառքի, այո, պատերազմի սպառնալիք են ստեղծել կոնկրետ: Եվ Գրիգորյանի և Հաջիևի հանդիպումը էդ պատերազմի սպառնալիքը կառավարելու համար էր»:

ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ

Ալիևի օգնականը Հայաստանում՝ ընտրությունների վերջնական արդյունքների ամփոփման օրը

Չնայած Փաշինյանի պնդումներին՝ ընդդիմադիր հիմնական ուժերից ոչ մեկը չի խոսել Արցախը ետ բերելու, առավել ևս՝ ծով ծովից Հայաստան ունենալու մասին:

Վարչապետը շարունակ վստահեցնում էր՝ Հայաստանում չկա 500 հազար մարդ, ով սատարում է ընդդիմությանը, դրանք, ըստ նրա, ընտրակաշառքով ստացած քվեներ են:

«500 հազար մարդ ասում ա, որ պետք ա մենք Ղարաբաղի շարժումը շարունակե՞նք: Ոչ, չի ասում: Եվ մենք պետք ա թույլ չտանք, որ դա, հանկարծ տենց տպավորություն ստեղծվի, որովհետև եթե տենց տպավորություն ստեղծվի, այո, խաղաղությունը կփլուզվի, և շատ արագ կփլուզվի», - վստահեցրեց Նիկոլ Փաշինյանը:

«Քոչարյան, կալուգացի օլիգարխ և բելառուսամետ օլիգարխ, դրանց անհատապես ջախջախելու եմ»

Վարչապետն այսօր այս հայտարարությունն արեց խորհրդարանի ամբիոնից՝ միաժամանակ սպառնալով ընդդիմության լիդերներին, մասնավորապես՝ խորհրդարան անցած ուժերից «Ուժեղ Հայաստան»-ի առաջնորդ Սամվել Կարապետյանին, «Հայաստան» դաշինքի առաջնորդ Ռոբերտ Քոչարյանի և «Բարգավաճ Հայաստան»-ի առաջնորդ Գագիկ Ծառուկյանին, ում ուժը դուրս մնաց խորհրդարանից երեք ընտրատեղամասերի արդյունքներն անվավեր ճանաչելու արդյունքում:

Կրկին պնդելով, որ այս երեք ուժերն ընտրակաշառքով են 500 հազարից ավելի ձայն հավաքել, Փաշինյանը հորդորեց՝ ովքեր դեմ են իր այս մոտեցմանը, թող դուրս գան փողոց:

Ի դեպ, խորհրդարանական ընդդիմությունը դարձյալ բոյկոտել էր վարչապետի մասնակցությամբ հարցուպատասխանը:

«Ռոբերտ Քոչարյան, կալուգացի օլիգարխ և բելառուսամետ օլիգարխ, պտի ջախջախվեն իրանց բնում, ես ասում եմ՝ քանի վարչապետ եմ, ջախջախելու եմ հասցեական դրանց, դրանց հասցեական ջախջախելու եմ: Էն քաղաքացիները, որոնք էս գծի հետ համաձայն չեն, ես կոչ եմ անում հեղափոխություն անել Հայաստանի Հանրապետությունում և փոխել կառավարությունը: Ասում եմ՝ կալուգացի օլիգարխ, Ռոբերտ Քոչարյան, բան, էն մեկը՝ բելառուսացին, ջախջախելու եմ, անհատապես ջախջախելու եմ, ու իրանց շոշափուկներին և մետաստազներին, ջախջախելու եմ հասցեական, բոլոր հնարավոր միջոցներով: Ով որ Հայաստանի Հանրապետության քաղաքացիներից համաձայն չի, հենց էսօրվանից դուրս էկեք փողոցներ, հեղափոխություն արեք, էս պրոցեսը ուրիշ ձևով կանգնեցնելու հնարավորություն չկա», - հայտարարեց Նիկոլ Փաշինյանը:

Խորհրդարանական ընտրություններից հետո Ազգային ժողով-Կառավարություն առաջին հարցուպատասխանին Փաշինյանը հիմնականում խոսում էր ընտրակաշառքից, պնդում էր՝ չի եղել, որ այդքան մեծ ծավալի ընտրակաշառք բաժանվի, բայց ժողովուրդը հաղթի:

«Հիմա կամ նորից հեղափոխությունը նոր թափ ա ստանում, կամ հակահեղափոխությունը հաղթում ա: Էս ա մեր ընտրությունր: Պետք ա արագ ռեակցիներ ըլնեն, պետք ա հեղափոխական ռեակցիներ ըլնեն: Եվ մենք գնալու ենք էս ճանապարհով: Հայաստանի Հանրապետության սիրելի քաղաքացիներ, ուղիղ նայում եմ ձեր աչքերի մեջ և ասում եմ՝ մենք գնալու ենք էս ճանապարհով, եթե համաձայն չեք էս ճանապարհի հետ, դուրս էկեք փողոցներ, կանգնեցրեք մեզ: Մենք ձեզ ենթակա ենք միշտ, մենք ասել ենք՝ դուք ինչ որոշեք, մենք անող ենք: Մենք գնալու ենք էս ճանապարհով: Ես կոնկրետ անձնապես ասում եմ՝ գնալու եմ քրեաօլիգարխիան ջարդուփշուր անելու, ոտի տակ տալու ճանապարհով: Եթե համաձայն ենք, համաձայն եք, զբաղվեք ձեր գործերով, մենք էդ ամեն ինչը կանենք, եթե համաձայն չեք, դուրս էկեք փողոց», - ասաց վարչապետը:

«Ձեր ձայները կեղծվել են, ու դուք տանը վեր ընկա՞ծ եք, քյաբա՞բ եք ուտում»

Փաշինյանն անդրադարձավ նաև ընդդիմադիր ուժերի այն մեղադրանքներին, որ ընտրությունները կեղծվել են:

Հինգ ընդդիմադիր ուժեր պատրաստվում են ընտրությունների արդյունքները վիճարկել Սահմանադրական դատարանում՝ պնդելով, որ իշխող «Քաղաքացիական պայմանագիր»-ը կիրառել է լայնածավալ վարչական ռեսուրս, ռեպրեսիվ մեթոդներ, իսկ երեք ընտրատեղամասերում էլ ընտրությունների արդյունքները անվավեր ճանաչելով միտումնավոր դուրս է թողել Գագիկ Ծառուկյանի ղեկավարած ԲՀԿ-ին խորհրդարանից:

ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ

Ընդդիմադիր 5 ուժեր ընտրությունների արդյունքները կվիճարկեն ՍԴ-ում

Փաշինյանը հարցրեց՝ եթե ընտրությունները կեղծվել են, հապա ո՞ւր է խորհրդարանական ընդդիմությունը, ինչո՞ւ են նրանց աթոռները, ինչպես նաև հրապարակները դատարկ:

«Ընտրությունները կեղծվել են, և հանրապետության հրապարակները դատարկ ե՞ն, էդ ո՞ւմ ձայնն ա կեղծվել, ո՞ւմ ձայնն ա կեղծվել և ո՞նց, տենց բան հնարավոր ա՞: Ո՞ւմ ձայնն ա կեղծել, որ հմի տանը, հազար ներողություն, ես խոսում եմ լիդերների մասին՝ ձեր հետևորդների ձայնը կեղծվել է, դուք տանը վեր ընգած ե՞ք , քյաբա՞բ եք ուտում, հա, ու բանը, ձայները կեղծված են, հաջորդ օրը օդանավակայանում եք հայտնվո՞ւմ», - հայտարարեց վարչապետը:

«Ո՞ւմ ձայնն ա կեղծված. ասում եմ՝ դուրս էկեք հրապարակներ, ում ձայնը կեղծված է, դուրս էկեք հրապարակներ, ասում եմ՝ ում ձայնը կեղծվել ա, դուրս էկեք, ես կոչ եմ անում՝ դուրս էկեք հրապարակ: Որովհետև հաջորդիվ դուրս են գալու հրապարակ նրանք, ում ձայնը իրոք կեղծվել ա ձեր լրտեսական ցանցերի և ձեր ընտրակաշառքների միջոցով, և ես առաջնորդելու եմ էդ մարդկանց: Այդ ժամանակ դուք հեղափոխությունը կտենաք», - ասաց Նիկոլ Փաշինյանը:

ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ

Հետընտրական զարգացումները Հայաստանում