ԲՀԿ-ի մանդատը վճռորոշ է ՔՊ-ի համար. Փաշինյանի հետ գործարք կլինի՞

Նիկոլ Փաշինյանի հետ համագործակցությունը բացառող Գագիկ Ծառուկյանը հետընտրական զարգացումների գլխավոր ինտրիգն է դարձել։ Եթե վերահաշվարկի արդյունքում ԲՀԿ-ն խորհրդարան անցնի հինգ մանդատով, վճռորոշ դեր կունենա։

Այդ դեպքում ընդդիմության մանդատները բավարար կլինեն Փաշինյանի կառավարության մի շարք նախաձեռնությունները տապալելու համար։ Օրինակ՝ իշխող ուժը չի կարողանա ընտրել գլխավոր դատախազ, Կենտրոնական ընտրական հանձնաժողովի նախագահ, Բարձրագույն դատական խորհրդի անդամներ, բարձր դատարանի դատավորներ և ընդունել սահմանադրական օրենքներ։

«Քանի Հայաստան պետությունը կա, Գագիկ Ծառուկյանից տները սկսել ենք արդեն վերադարձնել ժողովրդին։ Եվ առաջիկայում ես ասում եմ, որ «Արարատցեմենտ» գործարանը նույնպես, որպես Գուլոյան-Ծառուկյան կլանի կողմից ապօրինի յուրացված գույք, կվերադարձվի Հայաստանի Հանրապետությանը», - քարոզարշավի ժամանակ հայտարարել է Նիկոլ Փաշինյանը։

Վարչապետ Փաշինյանն այս քարոզարշավի ընթացքում հրապարակային սպառնում էր Գագիկ Ծառուկյանին ունեզրկել, կալանավորել, նրա հետախուզվող որդուն Բելառուսից բերել բանտարկել։

ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ

«Լակոտիդ բռնելու ենք». Փաշինյանը սպառնում է Ծառուկյանին, ԲՀԿ առաջնորդն արձագանքում էՓաշինյանը պատրաստվում է պետականացնել «Արարատցեմենտ»-ը, Ծառուկյանը հակադարձում է՝ «իրենց վերջը եկել է»

Երկու տարի հետախուզվող Նվեր Ծառուկյանը մեղադրվում է խուլիգանության ու կողոպուտի համար։ Նա Բելառուսում է։

Այսօր էլ Ծառուկյանի դեմ քրեական գործ է հարուցվել։ Նրան մեղադրանք է առաջադրվել հարկերից խուսափելու համար, հարստությունից զրկվելու, իրեն ու որդուն կալանավորելու սպառնալիքների պայմաններում, արդյոք Գագիկ Ծառուկյանը իշխող ուժի հետ որևէ գործարքի չի՞ գնա կամ չի՞ հայտարարի քաղաքականության էջը փակելու մասին, ինչպես նախկինում է արել։

Սերժ Սարգսյանի կառավարության հետ 2008-ին կոալիցիա կազմած Ծառուկյանը 2012-ին լքեց կոալիցիան, չպաշտպանեց Սարգսյանի թեկնածությունը նախագահական ընտրություններում, հետո էլ միացավ Սարգսյանի հրաժարականը պահանջող ուժերին։ «Բարգավաճ Հայաստան» կուսակցության առաջնորդը 2014-ին Ազատության հրապարակի հարթակից ժողովրդին խոստանում էր պայքարից չնահանջել։ Չորս ամիս անց հեռացավ քաղաքականությունից։

Ժողովրդին աննահանջ պայքար խոստացող Ծառուկյանը քաղաքականության էջը փակեց իշխանության բացահայտ ճնշումներից հետո։ Դրանից ընդամենը օրեր առաջ նախագահ Սարգսյանը Հանրապետական կուսակցության նիստում ենթականներին հանձնարարեց զբաղվել Ծառուկյանին առնչվող օդում կախված լուրերով:

Այս նիստից 20 օր անց Ծառուկյանը նույնիսկ իր կուսակցության ղեկավարի պաշտոնից հրաժարվեց, բացատրեց, թե ցնցումներից ու արյունահեղությունից խուսափելու համար է այդպես որոշել։

Երկու տարի անց Գագիկ Ծառուկյանը քաղաքականության էջը բացեց, 2017-ի խորհրդարանական ընտրություններից հետո դարձավ Ազգային ժողովի երկրորդ ուժը, 2018-ին հեղափոխությանը սատարեց, երկու տարի անց քովիդի համաճարակի ժամանակ պահանջեց Փաշինյանի կառավարության հրաժարականը։ Դրանից հետո կրկին հայտնվեց իրավապահների ուշադրության կենտրոնում։ Նրա դեմ քրեական գործ հարուցվեց 2017-ին ընտրակաշառք բաժանելու մեղադրանքով։ Փաշինյանի թիմը խորհրդարանում նրան պատգամավորական անձեռնմխելիությունից զրկեց։ Այս անգամ Ծառուկյանը նույնիսկ երդվեց, որ չի նահանջի։

44-օրյա պատերազմից հետո, երբ ընդդիմադիրները իշխանափոխության պայքար սկսեցին, Ծառուկյանը հրապարակային հարթակներում չերևաց, բայց նրա թիմակիցները ակտիվ էին։ 2021-ի ընտրություններում էլ էր պասիվ։ ԲՀԿ-ն անցողիկ շեմը չհաղթահարեց ստեղծման օրից՝ 2004-ից հետո առաջին անգամ։

Քարոզարշավին Փաշինյանին քննադատում էր արտաքին քաղաքականության ու տնտեսական ձախողումների, Արցախը Ադրբեջանին հանձնելու համար։ Բելառուսի նախագահի հետ սերտ հարաբերություններ ունեցող Ծառուկյանը նաև մեղադրում էր Փաշինյանին Ռուսաստանի հետ հարաբերությունները վատթարացնելու համար, պնդում, թե դա Հայաստանի տնտեսության համար կործանարար է։

«Ծառուկյանը նմա՞ն է հանուն ունեցվածքի... որ ես իմ ազգովի խայտառակվեմ, որտեղ մտնեն, ասեն դավաճան, իրա ունեցվածքի համար սաղ ժողովրդին վարի տվեց։ Ո՞նց կարաս դու քո ունեցվածքի համար... ընդմիշտ դու ոնց որ դառնալու ես ազգի թշնամի։ Ծառուկյանը այդ գործարարներից չի։ Ես ասել եմ՝ իմ ունեցվածքը, ինձ տեղյակ են պահել, որ այսպես նախապատրաստում են դեռ երկու ամիս առաջ, թղթեր են հավաքում, ես ասել եմ՝ երբեք ես չեմ կարող իմ հայրենիքը դավաճանել հանուն ունեցվածքի, ես հզոր տղերք ունեմ», - նշել է Ծառուկյանը։

ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ

«Հանուն ունեցվածքի չեմ կարող հայրենիքս դավաճանել». կփակի՞ Ծառուկյանը քաղաքականության էջը

Քվեարկությունից 11 օր առաջ, երբ դեռ հայտնի չէր, որ ԲՀԿ-ն կարող է վճռորոշ դեր ունենալ գալիք խորհրդարանում, Ծառուկյանը «Ազատությանը» վստահեցնում էր՝ Փաշինյանի իշխանության հետ ոչ մի կոմպրոմիս չի լինի, անգամ եթե ստիպված լինի զրկվել ունեցվածքից։