27 ընդդիմադիրներ ճաղերի հետևում. «Ուժեղ Հայաստանը» և «Հայաստան» դաշինքը հերքում են մեղադրանքները

Իրավապահներն այսօր վաղ առավոտյան լայնածավալ խուզարկություններ են արել ընդդիմադիր հիմնական երկու ուժերի՝ «Ուժեղ Հայաստանի» և «Հայաստան դաշինքի» գրասենյակներում:

Քննչականը խուզարկում էր միլիարդատեր գործարար Սամվել Կարապետյանի առաջնորդած «Ուժեղ Հայաստան» կուսակցության 50 գրասենյակներն ինչպես Երևանում, այնպես էլ այլ բնակավայրերում: Օրվա վերջում արդեն մեղադրանք առաջադրեցին 37 հոգու, որոնք, ըստ քննչականի, օժանդակել են կուսակցության առանցքային գործիչ Ալեքսան Ալեքսանյանին: 25 հոգի ձերբակալված է:

Ալեքսանյանը երեկ կալանավորվեց ընտրողներին նյութապես շահագրգռելու և առանձնապես խոշոր չափերով փողերի լվացման հոդվածներով: «Ուժեղ Հայաստանի» խոսնակ Մարիաննա Ղահրամանյանը հերքում է իրենց ուժին առնչվող մեղադրանքներն ու պնդում՝ փորձում են ճնշումներ բանեցնել:

«Ամենևին զարմանալի չի ճնշումների և քրեական գործիքակազմի կիրառման այս երևույթը, որը նոր թափ է ստացել։ Մեր համակիրները ճնշումներից չեն վախենում, մենք ճնշումներից չենք վախենում»,- շեշտում է կուսակցության խոսնակ Մարիաննա Ղահրամանյանը:

Հակակոռուպցիոնն, իր հերթին, Կարապետյանի առաջնորդած ուժին վերագրվող ընտրակաշառքի մասին հերթական գաղտնալսումները հրապարակեց, որտեղ տարբեր մարդիկ փողի շուրջ են զրուցում: Ըստ իրավապահների, Աջափնյակի կուսակցության գրասենյակի պատասխանատուները համակիրներին ընտրակաշառք են խոստացել ու տվել: Թե ինչ հանգամանքներում են արվել այդ ձայնագրությունները, իրավապահները չեն մանրամասնում:

«Ուժեղ Հայաստանի» ներկայացուցիչների փաստաբանը պնդում է՝ դրանք իրականացվում են առանց դատարանների որոշումների, օրինակ էլ ունի. «Ուժեղ Հայաստան» կուսակցության ձևավորումից առաջ Կարապետյանների նախաձեռնած «Մեր ձևով» շարժման աջակցի գործի նախաքննությունն ավարտվել է, գործը դատախազի սեղանին է, բայց փաստաթղթերի մեջ չկա գաղտնալսման մասին դատարանի որոշումը:

«Գործի նյութերում չկա, որ դատարանը թույլատրել է, որպեսզի իր հեռախոսային խոսակցությւնները լսվի»,- ասում է փաստաբան Տիգրան Հայրապետյանը, ով էլի օրինակներ ունի, որոնք, ըստ նրա, հերքում են Հակակոռուպցիոնի մեղադրանքները, թե ամիսներ առաջ Կարապետյանի թիմակիցները մարդկանց նյութապես շահագրգռել են:

Փաստաբանի խոսքով.- «Անձինք սեպտեմբեր ամսից մինչև հիմա աշխատում են, այսինքն՝ 10 ամիս աշխատել են ու օրենքով, սահմանված կարգով քարտերով 200 հազար դրամ աշխատավարձ են ստացել: Այսինքն՝ 2 միլիոն դրամ ստացվում է մեկ անձին աշխատավարձ են տվել, որ դա դիտվի ընտրակաշառք»:

Տասն ամիս առաջ, երբ դեռ նշանակված էլ չէր քվեարկության օրը, չէին կարող մարդկանց նյութապես շահագրգռել կամ ընտրակաշառք տալ, պնդում է փաստաբանն ու ընդգծում՝ իրականում այն ժամանակ «Մեր ձևով» շարժումը աշխատողներ էր հավաքագրել, ամիսներ շարունակ աշխատավարձեր վճարել, այդ գումարներից հարկեր վճարել պետական բյուջե: Բայց իրավապահները դա որակել են հանցագործություն: Երեկ կալանավորված Ալեքսանյանի մեղադրանքը ևս սին է, ընդգծում է փաստաբանը. «Ալեքսանյանն իբրև թե, որ էս գումարները կազմակերպել է, աշխատավարձեր է ձևակերպել, որպեսզի իրենք գնան «Ուժեղ Հայաստանի» օգտին...»:

Հակակոռուպցիոնն այսօր նաև հայտարարեց երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի առաջնորդած «Հայաստան» դաշինքի Գյումրիի գրասենյակների խուզարկությունների և երկու հոգու ձերբակալության մասին: 4 ժամ տևած քննչական գործողությանը մասնակցել էր «Հայաստան» դաշինքի պատգամավորի թեկնածու Հովիկ Պետրոսյանը:

«Առգրավել են գրասենյակի աշխատանքային համակարգիչները և մի քանի աշխատանքային փաստաթղթեր, որոնք պարունակում են հիմնականում տեղամասեր, տեղամասային կենտրոններ, ընտրական հանձնաժողովների անդամների ցուցակներ: Ինչ նպատակով, որ այցելել էին մեր գրասենյակ, ոչ մի նման փաստաթուղթ, մենք չենք ունեցել։ Բնականաբար, եթե ոչ մի փաստաթուղթ, իրենց չակերտավոր հետաքրքրող փաստաթուղթ, իրենք չկարողացան գտնել»,- պատմում է «Հայաստան» դաշինքի պատգամավորի թեկնածու Հովիկ Պետրոսյանը:

«Հայաստան» դաշինքի փաստաբան Հովհաննես Խուդոյանի խոսքով՝ որքան մոտենում է քվեարկության օրը, այնքան քրեական գործերը շատանում են:

«Քանի որ որևէ ապօրինի գործողություններ «Հայաստան» դաշինքի շտաբներում չեն կատարվում, ապա իրավապահներն ազատ են գործել իրենց սրտի ուզածի պես, ինչքան մարդ ուզում են, թող բռնեն, դա շտաբների աշխատանքի կազմակերպման վրա որևէ ձև չի ազդելու և որևէ կերպ ընտրողին հետ չի պահելու գնալ ընտրատեղամաս՝ քվեարկությունը կատարել»,- նկատում է փաստաբանը:

Ի դեպ, Հակակառուպցիոնն այսօր պնդեց, թե տարբեր կուսակցությունների համակիրներ ներգրավված են ընտրակաշառք տալու հանցավոր գործողություններում, պատրաստվում են ընտրությանը նախորդող օրը, այդ թվում՝ ուշ գիշերին, նախապես համաձայնություն տված քաղաքացիներին ընտրակաշառք տալ՝ ենթադրելով, թե լռության օրը իրավապահներն ակտիվ չեն արձագանքի: Կրկին զգուշացրեցին խիստ պատասխանատվության մասին:

Թե ո՞ր ուժերն են դրանք, և արդյո՞ք նրանց շարքում է նաև վարչապետի գլխավորած «Քաղաքացիական պայմանագիրը», իրավապահ կառույցը չի մանրամասնում: Այս պահի դրությամբ ՔՊ-ին առնչվող վարույթ չկա, ընտրախախտումների մեղադրանքներով անցնում են միայն ընդդիմադիրները:

ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ

«Խուժանավարի տարել են». փաստաբանները չէին կարողանում մտնել Հակակոռուպցիոն՝ պաշտպանելու ձերբակալված ընդդիմադիրներին «Փաշինյանի սպառնալիքներն ուղիղ կապ ունեն ՔՊ-ականների բռնությունների հետ». իրավապաշտպան ՔԿ․ բացահայտվել է մարդկանց նյութապես շահագրգռելու և փողերի լվացման դեպք, ձերբակալվել է Ալեքսան Ալեքսանյանը