Վարչապետ Փաշինյանի ու «Քաղաքացիական պայմանագրի» վերնախավի հանդիպումները Գեղարքունիքի մարզում շարունակվում են:
Փաշինյանը գրեթե բոլոր կանգառներում անդրադարձավ ռուսական կողմի վերջին սահմանափակումներին:
Հայաստանյան խորհրդարանական ընտրություններից առաջ Ռուսաստանը սահմանափակել է հայկական մի շարք ապրանքների մուտքն իր շուկա՝ որակական անհամապատասխանության պատճառաբանությամբ:
Վարչապետը վստահեցրեց, որ հունիսի 7-ին վերընտրվելուց հետո կվերադառնա աշխատանքի և այս հարցերը կլուծի։ Նա տեղեկացվեց, որ Մոսկվա է մեկնելու, Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի հետ հանդիպման պայմանավորվածություն ունի։
Նիկոլ Փաշինյանը Ռուսաստանի գործողություններն ու քայլերը սխալ որակեց՝ ընդգծելով, որ ՌԴ-ի կողմից շատ ավելի խելամիտ կլիներ, որ փորձեր Հայաստանին բացատրել՝ ինչ օգուտներ կարելի է ստանալ ԵԱՏՄ-ում մնալով՝ նման կոշտ հռետորաբանության փոխարեն:
Անցյալ շաբաթավերջին ԵԱՏՄ գագաթնաժողովի ավարտին Ռուսաստանի նախագահը և ԵԱՏՄ մյուս երեք երկրների առաջնորդները համատեղ հայտարարություն ընդունեցին ու Հայաստանին հորդորեցին Եվրամիություն մտնելու կամ ԵԱՏՄ-ում մնալու հարցով հանրաքվե անցկացնել, ինչին ի պատասխան Երևանն արձագանքում է՝ հիմա նման հանրաքվե անցկացնելու նպատակահարմարություն չեն տեսնում։
Վարչապետը այսօր նաև Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոյի հայտարարություններին անդրադարձավ. «2022 թվին էր երևի կամ 23 թվին էր, Բելառուսի նախագահը՝ Լուկաշենկոն, մի սենց հայտարարություն արեց, ասեց՝ «դե հայերը ո՞ւմ են պետք, Հայաստանը ո՞ւմ է պետք, Հայաստանը մենակ մեզ է պետք»։ Գիտեք, դա մի հայտարարություն էր, որը պետք է ունենար քաղաքական հետևանքներ, և տեսե՞լ եք, այսօր Բելառուսի նույն նախագահը ընկած համոզում է, որ Հայաստանը ԵԱՏՄ-ից դուրս չգա, բայց Հայաստանը ԵԱՏՄ-ից դուրս գալու խնդիր չի էլ դրել: Մենք ուրիշ բան ենք ասում, ես իմ մեծագույն խնդիրներն եմ համարում, որ երբևէ որևէ մեկը իրավունք և հնարավորություն չունենա, որ ասի՝ «Հայաստանը ոչ մեկին պետք չի»: Հայաստանը բոլորին է պետք»:
Լուկաշենկոն օրերս հայ ժողովրդին կոչ է արել «այդպիսի քայլ անելուց առաջ»՝ ենթադրաբար նկատի ունենալով ԵԱՏՄ-ից հնարավոր դուրս գալը և դեպի Եվրամիությանն անդամակցություն ընթանալը, «շատ լուրջ մտածել»: «Ահա միակ բանը, ինչի կոչ եմ անում ես նրանց: Ժողովուրդն իր կարծիքը կարտահայտի՝ մենք նրա հետ կհամաձայնենք», - հայտարարել է Բելառուսի նախագահը: Հայերը պետք է շատ զգույշ լինեն, որպեսզի չկրկնեն այն, ինչ տեղի ունեցավ Ուկրաինայում, հայտարարել է Լուկաշենկոն:
ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ
Լուկաշենկոն զգուշացնում է հայերին Ուկրաինայի իրադարձությունների կրկնությունից«Ազատությունն այսօր զրուցեց նաև Գեղարքունիքի բնակիչների հետ՝ հասկանալու, թե ի՞նչ ակնկալիքներ ունենք ընտրություններից հետո: Բնակիչները հիմնականում բարձրաձայնում էին աշխատատեղերի խնդիրի մասին. այս մարզից շատ տղամարդիկ մեկնում են արտագնա աշխատանքի Ռուսաստան: Նրանք ասացին՝ ուզում են, որ հենց այստեղ՝ իրենց բնակավայրերում գործ ունենան: