«Խլելով երկիրը կարո՞ղ է զարգանալ». Դատախազությունը «Արարատցեմենտին» առնչվող նոր խախտումներ է բացահայտել

Չնայած ընտրությանը 5 օր է մնացել, բայց Գագիկ Ծառուկյանը չի շտապում հրապարակել ԲՀԿ-ի վարչապետի թեկնածուի անունը, պնդել էր՝ ինքը չի ուզում, բայց թեկնածուները չորսն են:

«Որ ժամանակը լինի, կասեմ։ Սաղ հաշվարկած է։ Ծառուկյանի համար են քվեարկելու, Ծառուկյանն էլ ժողովրդին իր պատասխանը կտա», - ասաց Ծառուկյանը։

«Արարատցեմենտի» ավելի քան 91 տոկոսի բաժնետեր Ծառուկյանը տեղյակ չէր ընկերության շուրջ ի՞նչ նոր զարգացումներ կան:

«Առաջիկայում ես ասում եմ, որ «Արարատցեմենտ» գործարանը նույնպես որպես Գուլոյան-Ծառուկյան կլանի կողմից ապօրինի յուրացված գույք կվերադարձվի Հայաստանի Հանրապետությանը և կպետականացվի, կազգայնացվի», - Այդ թվում Ծառուկյանի ուժին պատերազմի եռագլուխ կուսակցություն անվանող վարչապետը հենց ընտրարշավի ընթացքում հայտարարեց իր որոշման մասին:

ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ

Փաշինյանը պատրաստվում է պետականացնել «Արարատցեմենտ»-ը, Ծառուկյանը հակադարձում է՝ «իրենց վերջը եկել է»

Դա մայիսի 20-ին էր, դրանից ժամեր անց միայն իրավապահները հաղորդեցին, որ 2002-ին «Արարատցեմենտի» մասնավորեցման գործընթացում առերևույթ հանցանքի տարրեր են հայտնաբերել, չնայած պնդել էին, որ վարչապետի հայտարարությունից առաջ են ուսումնասիրությունն արել:

Հակակոռուպցիոնում գործի նախաքննությունը դեռ շարունակվում է, բայց դատախազությունը հանցանքի մասին հաղորդում տալուն զուգահեռ նաև կառավարությանն առաջարկել էր քննարկել խախտումները և դրանց հետևանքները վերացնելու նպատակով ընկերությունում ժամանակավոր կառավարիչ նշանակելու նպատակահարմարությունը: Մինչ այս հաղորդագրությունը կտարածվեր, Փաշինյանն արդեն ասել էր՝ կնշանակվի:

Մոտ 2 շաբաթ է անցել, բայց կառավարիչ նշանակելու մասին գործադիրից չեն հաղորդել. «Ես ոչ մի բանից տեղյակ չեմ, միայն լսել եմ, ասել են, ես էլ ասել եմ, որ հիմնականում իմ խոսելուց, ժողովրդին ավելի ընդունելի եմ դառել, հասկանալի խոսում են, ինքը լիարժեք նայելով, հարցումներ անելով..., դրա համար ինքը հունից հելելա: 25 տարվա գործարանն առել եմ։ Տեղը տեղին կազմակերպել եմ, ներդրումն արել եմ, հարկերը տալիս եմ, ի՞նչ հիմունքների վրա, եթե այսօր խլելով է, այս երկիրը կարո՞ղ է զարգանալ: Խախտումը ո՞րն է, դուք գնացեք մի հատ վերցրեք նայեք։ Դատախազությունը փնտրում է, թող փնտրի, ես ասում եմ՝ այն ժամանակ Շվեյցարիայից է եղել առաջին մարդը, որ պետք է գար, եկել է ներդրման համար, տեսել է գործարանի վիճակը, վախից թողել գնացել է, գործարանը եղել է պարտքի տակ»:

Այսօր արդեն դատախազությունը «Արարատցեմենտին» 2009-ին ավելի քան 74 հեկտար տարածքի օտարման հարցում է խնդիրներ տեսել: Արարատ համայնքի նախկին ղեկավարն, ըստ հաղորդագրության, արոտավայրը ձևական աճուրդներով է օտարել ընկերությանը: Համայնքապետի անունը չի նշվում:

Իրավապահները այս դրվագով և՛ դիմել են Հակակոռուպցիոն՝ գործ հարուցելու, և՛ միաժամանակ դատարան՝ ընդդեմ Արարատ համայնքի ու «Արարատցեմենտ»-ի՝ աճուրդներն անվավեր ճանաչելու և հողերը վերադարձնելու պահանջով:

Նաև ուսումնասիրում են «Արարատցեմենտին» պատկանող այլ գույքերի ձեռքբերման իրավաչափությունը: Այս վերջին դրվագով հաղորդումն արդեն վարչապետի հայտարարությունից հետո է եղել:

«Եթե դա անօրինական է, խնդրեմ, հարց չկա, բայց եթե համայնքը ներկայացրել է աճուրդ, տենդեր, մենք մասնակցել ենք, ես խաբար էլ չեմ, գնել ենք, ի՞նչն է խնդիր։ Հիմա երևի ուզում են դա հետ վերցնեն, որ ադրբեջանցիները գան ցեմզավոդն էլ դնե՞ն», - նշեց Ծառուկյանը:

ԲՀԿ ղեկավարն այսօր Մասիսում էր, իր շուրջ իրավական գործընթացը զուտ իր ընդդիմադիր կեցվածքի հետ է կապում. «Այսպիսի բան երբեք չի եղել։ Սկի 36 թվին չի եղել՝ մարդիկ խոսան բռնեն»։

Իշխանությունից դժգոհ է: Մինչ Նիկոլ Փաշինյանն ասում է, որ Գագիկ Ծառուկյանի, Ռոբերտ Քոչարյանի ու Սամվել Կարապետյանի ուժերը պայքարի են ելել՝ իր բերած խաղաղությունը վերանայելու համար, ԲՀԿ ղեկավարն էլ այսօր պնդում էր՝ եթե ՔՊ-ն հաղթի, 6 ամսից ադրբեջանցիները նոր տարածքային պահանջ են ներկայացնելու:

ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ

«Հանուն ունեցվածքի չեմ կարող հայրենիքս դավաճանել». կփակի՞ Ծառուկյանը քաղաքականության էջը

«Որ ասում են՝ «մենք խաղաղություն ենք բերել»։ Ժողովուրդ ջան, բերել են, թող էդ թուղթը մի հատ ցույց տան հեռուստացույցով, որ ստորագրված է խաղաղություն, որ էլ պատերազմը չի լինելու, զարգանալու է։ Չկա այդպիսի թուղթ։ Կա բանավոր պայմանավորվածություն, որ այդ պայմանավորվածությունները՝ անընդհատ պահանջներ, որ պետք է կատարենք։ Պետք է ժողովուրդն էլ գա մնա, պետք է այս լինի, պետք է այն լինի, անկլավները պետք է տանք, և ոչ մի զարգացում չի կարող լինել», - ասաց Ծառուկյանը։

Ռուսաստանի հետ հարաբերություններն է իշխանությունը փչացնում: Դա էլ դժգոհության երկրորդ պատճառը: Տնտեսությունը, կարծում է, քանդման եզրին է:

Փաշինյանը Ծառուկյանի ու Լուկաշենկոյի ընկերական կապերն ակնարկելով՝ նրան բելառուսամետ օլիգարխ է անվանում, ԲՀԿ ղեկավարը Ռուսաստանի հետ ծագած խնդիրները մեկ օրում լուծելիք հարց համարում, հայկական բոլոր բեռների համար էլ՝ կանաչ ճանապարհ խոստանում:

«Ժողովուրդ ջան, 10 տարի չեն կարող շուկա բացել եվրոպայի հետ, այսօր Թուրքիան չի կարում բացի քանի տարի, այդ ո՞նց եք Եվրոպայի շուկա բացելու, այս ժողովուրդը սնանկանալու է», - ընդգծեց նա:

Պատրաստ էր բոլորի հարցերին պատասխանել, վստահեցրեց՝ Ծառուկյանը երկու խաղ չի խաղում. «Ես էլ դիմելով՝ ՔՊ եղբայր, ՔՊ քույրիկ, հարց ունեք, տվեք, կարող եք քննադատել, քննադատեք, տեղին լինի, կընդունեմ, տեղի, չլինի, կպատասխանեմ»։

Հարց եղավ՝ վարկերի մարման հեռանկարից: Ծառուկյանը խոստանում է իշխանության գալու դեպքում մինչև 3 միլիոնանոց վարկերը ներել. «Թող 15 միլիարդի տեղը դառնա 16 միլիարդ 100 միլիոն»։

Այս ամենը մեծահարուստ գործարարը ծրագրում է անել պետական պարտքն ավելացնելու հաշվին: