Կաթողիկոսն ու որոշ ընդդիմադիրներ այսօր Սարդարապատում էին, իշխանականները Հանրապետության հրապարակում

Ամենայն հայոց կաթողիկոսն այսօր Սարդարապատի հուշահամալիրում էր, իշխանականները Հանրապետության հրապարակում՝ տոնական զորահանդեսի։

Գարեգին Երկրորդը, ի տարբերություն 2024-ի, այսօր անարգել հասավ Սարդարապատի հուշահամալիր։ Երկու տարի առաջ նա ստիպված էր հաղթահարել ոստիկանական պատնեշը, երբ վարչապետի հետ գրեթե միաժամանակ եկել էին ծաղիկներ խոնարհելու։

Վեհափառն այսօր անպատասխան թողեց «Ազատության» հարցերը, այդ թվում՝ իրեն կաթողիկոսական գահից հեռացնելու «Քաղաքացիական պայմանագրի» ծրագրերի մասին հարցը։

Ծաղիկներ խոնարհեց, աղոթեց, հեռացավ։ Ավելի վաղ Մայր Աթոռը տարածել էր նրա տոնական ուղերձը, որտեղ Վեհափառը ներկան բարդ է համարում արտաքին ու ներքին մարտահրավերներին հանդիման միաբանվելու, միասնաբար պետությունը հզորացնելու կոչ անում։

Սարդարապատ իշխանությունն այսօր չգնաց, բայց Արմավիրի մարզ ուղարկվել էին բարձրաստիճանների, այդ թվում` վարչապետի ծաղկեպսակները։ Ի տարբերություն նախորդ տարիների` Սարդարապատը այսօր պաշտոնաշատ չէր։ Առավոտյան ընտրապայքարի մեջ մտած մի քանի ընդդիմադիրներ եկան։

Հաջորդ իշխանությունը զենքը նվեր է ստանալու, հայտարարեց «Ուժեղ Հայաստան»-ի ցուցակը գլխավորող Նարեկ Կարապետյանը։ Թե որ երկիրն է պատրաստ այդքան թանկարժեք նվեր անել Հայաստանին, Կարապետյանը չմանրամասնեց։

Իսկ 90-ականներից հետո մայիսի 28-ին տեխնիկայի ցուցադրությամբ զորահանդեսի նախաձեռնությունը, նրա կարծիքով, իշխանության նախընտրական հնարքն է ցույց տալու, թե կարողացել են զենք գնել. «Հաջորդ իշխանությունները զենքը նվեր են ստանալու, շատ էժան են գնելու, և Հայաստանն ունենալու է լուրջ անվտանգային համակարգ, զենքերն իրար հետ համահունչ են լինելու»:

Սամվել Կարապետյանի ուժը ռուսական գազից կախվածությունը թուլացնելու խոստում էր այսօր տալիս։

«Եթե Պարսկաստանը համաձայնվի մեծ քանակությամբ բարտերային պայմանագրի լայնացմանը, իսկ մենք տեսնում ենք, որ կհամաձայնվի, մենք կբալանսավորենք, դիվերսիֆիկացիան ամեն դեպքում գծերի կպահենք, բայց գազից կախվածությունը, կախվածությունը որպես գումար դուրս հանելու, արտարժույթ դուրս հանելու... տնտեսության կախվածությունը կթուլացնենք, իհարկե: Դա չենք անի ինչ-որ երկրի դեմ, այլ դա կանենք ուղղակի մեր երկրի համար։ Իրանական [գազը] թանկ է, գումար չենք տալիս գազի դիմաց, էլեկտրականություն ենք տալիս, որը ստանում ենք արևային կայաններից։ Արևն էլ ինքնարժեք չունի, գազը ինչ գնով էլ հաշվեն, էժան է», - նշեց Նարեկ Կարապետյանը։

Իշխանության հայտարարությունները, թե ԵԱՏՄ-ից գոնե այս պահին դուրս չեն գալու, նա սուտ խոստում համարեց. «Նույն էլ ադրբեջանցիների վերադարձի հարցը։ Խաբում են։ Նախընտրական սուտ խոստում է։ Ժողովրդին չեն ասում, գյուղացիներին չեն ասում, որ իր քաղաքական վիրաժների արդյունքում գյուղացու բերքը մնալու է փչանա: Պետք է չկենտրոնանալ միայն Ադրբեջանի հետ հարաբերությունները կարգավորելու վրա հույսը չդնել միայն, մեր հին դաշնակիցների հետ լավ հարաբերություններ պահպանել, որպեսզի կարողանանք հավասարակշռել»։

Այս օրերին Նիկոլ Փաշինյանը սատարումներ է ստանում։ Այդ շարքում Դոնալդ Թրամփի աջակցությունը Նարեկ Կարապետյանը մտահոգիչ չի համարում։ Եվրամիությունից՝ այո. «Աջակցությունը շատ մտահոգիչ է, բացի Դոնալդ Թրամփը, նա մեր բարեկամ երկրի ղեկավարն է, ես վստահ եմ՝ փոփոխությունից հետո նա աջակցություն է հայտնելու նաև Սամվել Կարապետյանին»:

Սարդարապատում էր նաև առաջին անգամ ընտրապայքար մտած «Շնորհապետական» կուսակցության առաջին համարը՝ Գուրգեն Սիմոնյանը թիմակիցների հետ։

«Ազատության» հարցին՝ «եթե դուք իշխանություն չեք վերցնում առաջիկա ընտրությունների արդյունքներով և օրինակ ձեր ձայներից կախված լինի այսօրվա իշխանությանը, ո՞ւմ կտաք ձայները», Գուրգեն Սիմոնյանը պատասխանեց. «Ոչ մեկին։ Որևէ մեկին չենք պատրաստվում միանալ և հայ ժողովրդի ակնկալիքները ուղղակի ի չիք դարձնել»։

Ի դեպ, «Ուժեղ Հայաստան»-ի ցուցակը գլխավորող Նարեկ Կարապետյանը «Ազատությանը» փոխանցեց թե՛ Սամվել Կարապետյանի մասին ռուսական գործակալ, թե՛ իր Ռուսաստանի քաղաքացի լինելու լուրեր տարածողների դեմ հայցերը արդեն ներկայացրել են դատարան։

«Մեր փաստաբաններն են հանել, թե ով է այդպիսի բան ասել, վերնախավից ՔՊ-ական, փոքրիկ խմբակի, ու կենթարկվեն պատասխանատվության։ Ֆինանսական խնդիր չստեղծենք մեր քաղաքացիների համար, իսկ քաղաքական գործիչները, մանավանդ ՔՊ-ական, վերջերս այդ ֆինանսական խնդիրները չունեն», - ասաց նշեց Նարեկ Կարապետյանը։

«Ազատության» հարցին՝ զրպարտությա՞ն համար են դատի տվել, Կարապետյանը պատասխանեց՝ «իհարկե»:

Բայց Կարապետյանը չասաց, թե կոնկրետ ում դեմ են այդ հայցերը ներկայացվել։ Փաստաբաններից էլ չհաջողվեց ճշտել։

ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ

ՌԴ էներգետիկայի նախարարը նամակում գրել է՝ գազը կթանկանա, եթե Հայաստանը «ԵԱՏՄ-ից գնա ԵՄ»Մոսկվայից հնչող ակնարկները սպառնալիքների են վերածվում, Երևանն արձագանքում էՆարեկ Կարապետյանը մինչև երեկո դատի կտա Քննչական կոմիտեինՆարեկ Կարապետյանը երբեք չի ունեցել ՌԴ քաղաքացիություն․ ԳալուզինՔԿ-ն հայտնում է՝ Նարեկ Կարապետյանը թաքցրել է օտարերկրյա քաղաքացիությունը, Կարապետյանը հերքում է