ԿԸՀ-ն Թևանյանին զրկեց անձեռնմխելիությունից, նրան մեղադրանք առաջադրեցին ու ձերբակալեցին

Կենտրոնական ընտրական հանձնաժողովի թույլտվությունից հետո իրավապահները Անդրանիկ Թևանյանին ծանոթացրին մեղադրանքին, ձեռնաշղթաներ հագցրին ու ձերբակալեցին: Կալանավորելու միջնորդությունը կքննվի այսօր:

Կենտրոնական ընտրական հանձնաժողովը մոտ 9 ժամ տևած նիստից հետո բավարարել էր դատախազության միջնորդությունն ու «Բարգավաճ Հայաստան» կուսակցության պատգամավորի թեկնածուին զրկել անձեռնմխելիությունից։

Դատախազությունը հայտնել էր, որ ԿԸՀ-ն բավարարել է ոչ միայն Թևանյանի նկատմամբ քրեական հետապնդում հարուցելու, այլևս ազատությունից զրկելու վերաբերյալ միջնորդությունները:

«Մայր Հայաստան» կուսակցության առաջնորդ, ԲՀԿ ընտրացուցակի երկրորդ համար Անդրանիկ Թևանյանը մեղադրվում է լրտեսության և պետական դավաճանության հոդվածներով, մեղքը չի ընդունում, հետապնդումն էլ համարում է քաղաքական։

Քննչականը, սակայն, հակադարձում է՝ ունեն տեղեկություններ, որ Թևանյանը հավաքագրվել է օտարերկրյա հատուկ ծառայությունների կողմից և երկու տարի առաջ «Ռուսսիա Կովկաս» աշխարհաքաղաքական կենտրոնի տնօրենը, ով ըստ իրավապահների, օտարերկրյա գործակալ է, 622 հազար դոլարի դիմաց Թևանյանից ստացել է պետական գաղտնիք պարունակող տեղեկություններ: Դրանք վերաբերում են 2024 թվականի ապրիլին Ազգային ժողովի փակ, գաղտնի նիստում կայացած լսումներին, որոնք սահմանազատման թեմայով էին։ Ընդդիմության նախաձեռնությամբ հրավիրված այդ նիստին մասնակցել էին արտգործնախարարն ու Սահմանազատման հանձնաժողովի նախագահ, փոխվարչապետ Մհեր Գրիգորյանը։

ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ

Խուզարկություններ՝ Անդրանիկ Թևանյանի և Մարտուն Գրիգորյանի տներում և գրասենյակներում Դատախազը դիմել է ԿԸՀ՝ Թևանյանի նկատմամբ քրեական հետապնդում հարուցելու համաձայնություն ստանալու վերաբերյալ«Ապօրինի ցուցում». Անդրանիկ Թևանյանը «տեղյակ չէ» պետական դավաճանության մասին վարչապետի հնչեցրած մեղադրանքից