Ազատի կացարանում ավելի քան երեք տարի առաջ հրդեհից զոհված զինվորի պապիկին այսօր չթույլատրեցին ավարտել խոսքն ուղղված Լոռու մարզի Սպիտակ քաղաքի հրապարակում քարոզարշավ անցկացնող վարչապետ Նիկոլ Փաշինյանին։ Ներկաները վանկարկումներով լռեցրին նրան։
Քաղաքացիական հագուստով տղամարդիկ, որոնցից մեկը ոստիկան ներկայացավ, բերանը փակելով տարեց տղամարդուն հեռացրին հավաքից։
Զինվորական կացարանում այրված թոռան մասին հայտարարությունից հետո Նիկոլ Փաշինյանն ամբիոն դարձած ավտոմեքենայի թափքից ոստիկաններին հրահանգեց՝ «խոչընդոտելու համար եկածներին հեռացրեք»։ Պնդեց, թե նրանց փող են տալիս ու ուղարկում իր հավաքը հատուկ խոչընդոտելու. «Ասենք կալուգացի օլիգարխը ամեն տեղ մի 200 հազար դրամից բանից տալիս է... Ես հրահանգում եմ ոստիկաններին, ով որ խոչընդոտելու համար գալիս է, հանգիստ հեռացրեք, մարդիկ թող գնան իրենց գործին»:
15 զինվորի կյանք խլած դեպքից 3,5 տարի է անցել, բայց մինչ օրս այդ դեպքով որևէ մեկը քրեական պատժի չի ենթարկվել։ Նախորդ շաբաթ էլ զոհված զինվորներից մեկի մայրն էր ընդհատել վարչապետի ելույթը՝ իշխանություններից պատասխան պահանջելով նաև գործի ոչ պատշաճ քննության համար։
ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ
«Ես ուզում եմ իմ էրեխուն, կարա՞ս իմ էրեխուն բերես». Ազատի կացարանի հրդեհի հետևանքով զոհվածի մայրը՝ ՓաշինյանինԱյսօր Փաշինյանին լսելու եկածների մեջ շատ էին քաղաքապետարանի, «Հայփոստ»-ի աշխատակիցները։ Ոմանք թաքցնում էին դեմքը, չցանկանալով նկարահանվել, մյուսները հաստատում էին՝ քաղաքապետարանի աշխատակից են։
Ինչպես Սպիտակում, այնպես էլ Լոռու մարզի այլ բնակավայրերում, Փաշինյանն այսօր խոսեց խաղաղությունից, ասաց՝ ոչ թե կանգառ, այլ հանգրվան պետք է դիտարկվի Հայաստանը ու կոչ արեց սփյուռքից ու Արցախից եկածներին Հայաստանում հաստատվել չերազել իրենց նախկին բնակավայրեր վերադառնալու մասին։
Այսօր Փաշինյանը նաև Տաշիր համայնքի Մեծավան բնակավայրում եղավ, որտեղ անցած շաբաթ միջադեպ էր տեղի ունեցել իշխող «Քաղաքացիական պայմանագրի» և ընդդիմադիր «Ուժեղ Հայաստան» կուսակցության աջակիցների միջև։ Այսօր վարչապետի այցին ընդառաջ մեծ թվով անվտանգության աշխատակիցներ ստուգումներ էին իրականացնում գյուղի կենտրոնում, այդ թվում՝ վարչական ղեկավարի աշխատասենյակում։ Մեծավանի վարչական ղեկավար Հովիկ Մարկոսյանն անգամ դուրս էր բերվել աշխատասենյակից, որտեղ անվտանգության աշխատանքներ էին իրականացվում։ Անգամ սանհանգույցն էր փակ բոլորի համար։
Մեծավանում շաբաթ օրը իշխանական կուսակցության ներկայացուցիչները, ինչպես նաև քննչական կոմիտեն հայտարարել էր, թե Մեծավանում ու հարևան Նորաշենում փակել են իրենց ճանապարհն ու խոչընդոտել են քարոզարշավին։ Այս գործով վեց անձի նկատմամբ կալանքի, հինգի նկատմամբ տնային կալանքի որոշումներ կան։
ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ
Մեծավանում միջադեպի գործով վեց անձ կալանավորվել է, մեկ անձ՝ տնային կալանքի տակ էՄեծավանում ու նաև Տաշիրում, որտեղ ընդդիմադիր Սամվել Կարապետյանի աջակցությունը վայելող համայնքապետ է պաշտոնավարում 2022 թվականից, համայնքապետարանի աշխատակիցների չտեսանք, բայց այնտեղ հարակից գյուղերից բնակիչներ էին ու դպրոցի աշխատակիցներ։
Այսօր Տաշիրում իշխանության ու ընդդիմության համակիրները չառերեսվեցին, ինչպես օրեր առաջ էր։ Միայն մի պահ, երբ վարչապետ Փաշինյանը քայլում էր հրապարակից մինչև ՔՊ-ի շտաբ, հարակից շենքի պատշգամբներից մեկից ընդդիմադիր «Ուժեղ Հայաստանը» գովազդող վանկարկումներ եղան։ Ի պատասխան Փաշինյանի աջակիցները դարձյալ ավելի բարձր վանկարկումներով լռեցրին նրանց։
Սպիտակում, ի դեպ, համայնքապետի տեղակալ Արտակ Մաթոսյանն այսօր հունից դուրս եկավ, երբ փորձեցինք ճշտել, թե աշխատանքային ժամին ինչո՞ւ է ներկա իշխող ուժի քարոզարշավին։ Մաթոսյանն անգամ տեսախցիկին հարվածեց։
Լրագրողների ներկայությունը դուր չեկավ նաև Սպիտակի ՔՊ-ական համայնքապետ Քաջայր Նիկողոսյանին։