Ձերբակալությունից մեկ օր անց իրավապահները չեն մանրամասնում, թե կոնկրետ ինչ բառի ու արարքի համար է Արցախից տեղահանված Արթուր Օսիպյանը հայտնվել ճաղերից այն կողմ: Երիտասարդ տղամարդը ձերբակալվեց Ղարաբաղի թեմայով վարչապետին հարց տալուց հետո: Հարցն այնքան էր հունից հանել Փաշինյանին, որ անցավ կոպիտ արտահայտությունների:
Քննչական կոմիտեն նաև չի բացահայտում, թե արդյոք արդեն մեղադրա՞նք է առաջադրել ու կտանի՞ արդյոք նրան կալանքի: Կոռեկտ տոնով Փաշինյանին դիմած Օսիպյանը կոշտ վիրավորանքների ու գոռգոռոցի էր արժանացել. վարչապետն անգամ կշտամբել էր, թե ինչու չի զոհվել ղարաբաղյան պատերազմում:
Փաստաբան Ռոման Երիցյանի փոխանցմամբ՝ իրավապահները կասկածանքի հիմքում հենց Փաշինյանի հետ Օսիպյանի շփումն են դրել, ոչ թե դրանից առաջ նրա արած գրառումը: Արաբկիրում քարոզչություն անող վարչապետին Օսիպյանի գրառումը ցույց էր տվել ԱԺ նախագահը: Այդ սքրինշոթում գրված էր, թե Փաշինյանի տեղն է փնտրում, որ «բմբուլները օդ հանի»:
Ըստ Ներքին գործերի նախարարության, տղամարդուն ձերբակալել են անմիջականորեն ծագած կասկածով, բայց թե կոնկրետ խուլիգանական ինչ արարք է թույլ տվել Օսիպյանը, ժամեր շարունակ չեն բացատրում: Իսկ ինչո՞ւ Ներքին գործերի նախարարությունը նույն կերպ չի վարվել Օսիպյանի վրա գոռացող Փաշինյանի հետ՝ նախարարությունը լուռ է:
ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ
Դատախազությունը չի ուսումնասիրում վարչապետի երեկվա վարքագիծըԳլխավոր դատախազությունն էլ չի ուսումնասիրում վարչապետ Նիկոլ Փաշինյանի երեկվա վարքագիծը՝ համեմված վիրավորական արտահայտություններով ու սպառնալիքներով: Ինչո՞ւ՝ նրանք էլ չեն մանրամասնում:
ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ
«Ռոբին կզացնելու եմ, սատկացնելու եմ, կալուգացուն էլ, Սերժին էլ, Գագոյին էլ». ՎարչապետԻշխանականները վստահ են, որ օրենքն իրենց դեմ չի կիրառվի. Իրավապաշտպան
Սակայն իրավապահները իշխանությանը քննադատող ընդդիմադիր հայացքներ ունեցող քաղաքացիների նկատմամբ անմիջապես վարույթներ են հարուցում խուլիգանության, սպառնալիքների, բռնության կոչի, ատելության խոսքի հոդվածներով, մեղադրանքներ առաջադրում, հաճախ՝ կալանավորում: Իշխանականները վստահ են, որ օրենքն իրենց դեմ չի կիրառվի, կարծում է իրավապաշտպան Վարդան Հարությունյանը:
«Սրանք սպառնալիքներ են, հայհոյախոսություններն են, քրեորեն դատապարտելի արարքներ են, որոնց իրավական գնահատական պետք է տրվի, - ասաց Հարությունյանը և նշեց, - իրենք կարողացել են արդարադատությունը, ընդհանրապես ուժային կառույցներին, այդ ամբողջ բուրգը վերցնել իրենց ձեռքում, իրենց թվում է՝ այնպես ամուր են պահում, որ այդ օրենքն իրենց դեմ չի աշխատելու ոչ մի դեպքում»:
Իրավապաշտպանն ընդգծում է՝ Փաշինյանը շարքային քաղաքացի չէ, նա պատասխանատու է իր ամեն մի խոսքի համար: Հարությունյանը, սակայն, արդարադատության հույս չունի, պնդում է՝ ատելության, բռնության խոսքի տարածման հեղինակը սիրո ու թավշյա հեղափոխության խոստումները դրժած Փաշինյանն է, որը, սակայն, ինքն է խախտում իր թիմի ընդունած էթիկայի կանոնագիրքը:
«Նախկինում էլ մի բարձր մակարդակ չենք ունեցել, հիմա ընդհանրապես դա վերածվել է փողոցային, խուլիգանական կռվի, փողոցային լեզվակռվի, փողոցային ծեծկռտուքի: Առաջատարը, տանող ուժը, շոգեքարշը Փաշինյանն է», - նշեց Վարդան Հարությունյանը:
Ընդամենը հինգ ամիս առաջ էր իշխող «Քաղաքացիական պայմանագիրը» ազդարարել այս կանոնագրքի մասին, որով մերժվում է հանրային միջավայրում բռնության ցանկացած դրսևորում, այդ թվում՝ քաղաքական գործընթացներում: Ըստ կանոնագրքի՝ ՔՊ-ականները պարտավոր են ցուցաբերել պարկեշտություն, համեստություն, զսպվածություն և հարգանք բոլորի հանդեպ, ինչպես նաև խթանել հանդուրժողականությունը։
«Քրեական, փողոցային մտածողությամբ են առաջնորդվում», - ընդգծեց իրավապաշտպանը:
Հենց Փաշինյանն էր իրենց կանոնագրքի մասին տարեվերջին գրառում արել ու ընդգծել, որ կուսակցությունը, որպես կառավարող ուժ, հատուկ պատասխանատվություն է զգում երկրում քաղաքական միջավայրի, մթնոլորտի, կուլտուրայի զարգացման գործում։ Այս փաստաթուղթն, ի դեպ, նաև կարգապահական պատասխանատվություն է սահմանում: