Հայ-թուրքական երկխոսությունը այնքան հասունացած է, որ ցանկացած պահի արդեն կարող ենք ունենալ նույնիսկ ամբողջական կարգավորում, հայտարարեց արտգործնախարար Արարատ Միրզոյանը:
Նշելով, որ հայ-թուրքական սահմանը դեռ շարունակում է փակ մնալ, Միրզոյանը վստահություն հայտնեց, որ «առաջիկայում մի օր էլ այդ սահմանը կբացվի»: «Արդեն ուղիղ կներմուծվի ապրանքը, այժմ մաքսային իմաստով ուղիղ, իսկ ֆիզիկապես կգնա Վրաստանով տարանցում կարվի ու կմտնի Հայաստան», - ասաց Միրզոյանը:
Նախօրեին հայտնի դարձավ, որ Երևանն ու Անկարան ավարտել են երկու երկրների միջև ուղիղ առևտրի մեկնարկի նախապատրաստական աշխատանքները: Հայ-թուրքական հարաբերությունների կարգավորման հարցով հատուկ բանագնաց Ռուբեն Ռուբինյանը նշել էր՝ Հայաստանի և Թուրքիայի միջև մաքսային իմաստով ուղիղ՝ առանց վերաձևակերպումների առևտուրը դարձել է հնարավոր։
ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ
Անկարայի և Երևանի միջև առևտրի մեկնարկի նախապատրաստական աշխատանքներն ավարտվել ենԽաղաղության պայմանագրի մասին
Անդրադառնալով խաղաղության պայմանագրի վերաբերյալ «Ազատության» հարցին Միրզոյանն ասաց. «Մենք ունենք Ադրբեջանի հայտարարություն այն մասին, որ նախ խաղաղությունը հաստատված է, սա և՛ օգոստոսի 8-ի հռչակագրով վարչապետ Փաշինյանը, և՛ նախագահ Ալիևը, և՛ նաև վկայությամբ նախագահ Թրամփի ստորագրել են»:
Այսօր ավելի վաղ Ադրբեջանի նախագահի խորհրդական Հիքմեթ Հաջիևը հայտարարել է, տարիներ տևած հակամարտությունից հետո Հայաստանի հետ հարաբերությունների կարգավորումը ցույց է տալիս տարածաշրջանում խաղաղության և կայունության հասնելու Բաքվի ձգտումը:
«Ազատության» հարցին Սահմանադրությունից Անկախության հռչակագրի հեռացումից հետո կստորագրվի՞ խաղաղության պայմանագիրը, ԱԳ նախարարը պատասխանեց. «Ես վստահ եմ, որ այդ պայմանագիրը ստորագրվելու է, իսկ ե՞րբ և որտեղ, ինչպես և նախկինում, այսօր ևս ես կարող եմ վերահաստատել, մենք հենց հիմա կարող ենք խոսել այդ մասին»:
Բաքուն հրաժարվում է ստորագրել հայ - ադրբեջանական խաղաղության համաձայնագիրը, քանի դեռ Մայր օրենքի նախաբանից չի հեռացվել հղումն Անկախության հռչակագրին, որտեղ Լեռնային Ղարաբաղի ու Հայաստանի միավորման մասին հիշատակում կա: Սա, Բաքվի գնահատմամբ, Ադրբեջանի նկատմամբ տարածքային պահանջ է: Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանն էլ Անկախության հռչակագիրը որակել է կոնֆլիկտածին:
Ռազմական տեխնիկա ձեռք բերելու մասին Միրզոյանն ասաց. «Ցանկացած պետություն իր պաշտպանության համար, տարբեր սցենարների համար իրավունք ունի ձեռք բերել ռազմական տեխնիկա և զենք, ինչը մենք արել ենք և շարունակելու ենք անել»։
TRIPP-ի մասին
TRIPP-ի գործընթացը, արտգործնախարարի փոխանցմամբ, դեռևս փաստաթղթային փուլում է։
«Եվ հիմա հաջորդ փուլը արդեն պետք է պայմանագիր կոնկրետ կնքվի էլի, որի կարգավիճակը մի քիչ ավելի բարձր է, քան հայտարարությունը իրավական առումով։ Հիմա այդ պայմանագիրը և դրանից բխող իրավական, ֆինանսական հարցեր կան, որոնք ներդրումների հետ կապված, որոնք պետք է հստակեցվեն, և երբ որ արդեն սա էլ կանցնենք, կմտածենք շինարարության մասին», - ասաց Միրզոյանը։
Մայիսի 12-ին Հայաստան էր ժամանել ԱՄՆ պատվիրակությունը՝ քննարկելու TRIPP նախագծի իրականացման ուղղությամբ տարվող աշխատանքների ընթացքը: Նրանց ընդունել էր փոխվարչապետ Մհեր Գրիգորյանը:
Նախօրեին էլ փոխվարչապետն ընդունել էր ԱՄՆ պետքարտուղարության «Գլոբալ ենթակառուցվածքների ու ներդրումների շուրջ գործակցության հիմնադրամի» պատվիրակմամբ Հայաստան ժամանած ամերիկյան AECOM ընկերության թիմին։ Կառավարության փոխանցմամբ՝ ամերիկյան ընկերության ներկայացությունները Հայաստանում են՝ մեկնարկելու TRIPP-ի տեղանքի հետազոտման աշխատանքները: