ԵԱՏՄ, թե՞ ԵՄ․ Միրզոյանը հայտարարում է՝ դեռ ընտրության ժամանակը չէ

ԵԱՏՄ, թե՞ ԵՄ՝ պետք է կողմնորոշվել. անցած շաբաթվանից Մոսկվայից գրեթե ամեն օր հնչող այս հորդորին Հայաստանի արտգործնախարար Արարատ Միրզոյանն արձագանքում է, թե այսօր դեռ պահը չէ:

Կրեմլի ղեկավարի ուղիղ առաջարկից հետո այսօր էլ Ռուսաստանի ԱԳՆ ԱՊՀ չորրորդ վարչության ղեկավար Միխայիլ Կալուգինն է հայտարարել՝ «Հայաստանը երկու աթոռին միաժամանակ նստել չի կարողանա» և զգուշացրել՝ «Երևանի, այսպես կոչված, եվրոպական ուղիով առաջխաղացումը ինչ-որ պահի կարող է հանգեցնել ռուս-հայաստանյան հարաբերություններում համակարգային փոփոխությունների»:

«Ինտեգրացիան պահանջում է համակարգված աշխատանք, ինչը դժվար թե համատեղելի լինի այն մոտեցման հետ, որի դեպքում ԵԱՏՄ-ին անդամակցությունը դիտվում է որպես ժամանակավոր միջոց, մինչդեռ ընթանում են այլընտրանքային միության որոնումները կամ միանալու գործընթացը։ Պարզ ասած՝ երկուսը միաժամանակ հնարավոր չէ», - նշել է ռուս դիվանագետը:

ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ

ԵՄ, թե՞ ԵԱՏՄ. Պուտինը հորդորում է Հայաստանին կողմնորոշվել, Փաշինյանն արձագանքում է

Արտգործնախարար Միրզոյանն «Ազատության» հետ զրույցում ընդգծում է՝ իրենք էլ են նույնն ասում, որ այդ երկու կառույցները համատեղելի չեն, իսկ երբ ընտրություն անելու պահը գա, կընտրեն: Նախարարը հնարավոր համարո՞ւմ է, որ Մոսկվան պարտադրի արագ որոշվել:

«Մենք ռուսաստանցի գործընկերների հետ վերջին խոսակցությունը այդ կետի վրա ենք ավարտել, որ ինչ-որ պահ լինի, երբ պետք է ընտրություն անել, մենք թափանցիկ, գործընկերաբար կխոսենք և մեր ժողովրդի հետ այդ ընտրությունը կանենք: Թե որը կլինի այդ ընտրությունը, չգիտենք: Ակնհայտորեն ԵԱՏՄ և ԵՄ անդամ լինելը միաժամանակ չի լինի, այսօր այդ հարցը չկա», - ասաց Միրզոյանը:

Ռուս դիվանագետը կրկին շեշտել է, որ Ռուսաստանը Հայաստանի հիմնական առևտրատնտեսական գործընկերն է, և որ հայկական ալկոհոլային խմիչքների 78 տոկոսը և գյուղատնտեսական արտադրանքի մեծ մասը արտահանվում է ռուսական շուկա: Կալուգինի խոսքով՝ «Հայաստանի ու Ռուսաստանի առաջնորդները պայմանավորվել են «իրենց քաղաքացիներին բացատրել Եվրասիական և Եվրոպական միությունների դրական և բացասական կողմերը»։

Նախարար Արարատ Միրզոյանը այսօր չհամաձայնեց ձևակերպման հետ, թե Հայաստանը «փորձում է միաժամանակ երկու աթոռի վրա նստել»:

«Հիմա Հայաստանը նստած չէ, հիմա Հայաստանը կանգնած զարգանում և առաջ է գնում: Եթե տենց շատ ուզում եք ալեգորի, դա ուրեմն 2 աթոռ չէ, 22 աթոռ է», - նշեց արտգործնախարարը:

Երրորդ տարին է՝ Երևանը պնդում է, թե վարում է բալանսավորված և բալանսավորման քաղաքականություն, բայց, օրինակ նախորդ տարի Եվրամիության հետ առևտուրը կազմել է 2.5 միլիարդ, ինչը Հայաստանի ընդհանուր առևտրաշրջանառության 11.7 տոկոսն է, մինչդեռ Ռուսաստանի հետ առևտուրն անցած տարի կազմել է 7.7 միլիարդ՝ ընդհանուրի 35.8 տոկոսը:

Ռուս դիվանագետն անդրադարձել է նաև Հարավկովկասյան երկաթուղու կառավարման հարցին: Այստեղ էլ կրկնել է այն, ինչ անցած ամիսներին ասվել էր, թե Հայկական երկաթուղիների ռուսական կառավարումը չի սահմանափակում Հայաստանի մրցակցային առավելությունները: Նաև Փաշինյան-Պուտին ապրիլմեկյան հանդիպումից է որոշ մանրամասներ հայտնել:

ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ

Մեզ մոտ ազատազրկման վայրերում քաղաքական գործընթացների մասնակիցներ չկան. Փաշինյանը՝ Պուտինին

«Պարզաբանումներ են տրվել հայկական կողմին հուզող բոլոր հարցերի վերաբերյալ, և փոխըմբռնում է ձեռք բերվել հետագա աշխատանքի եղանակների վերաբերյալ, այդ թվում՝ տարածաշրջանային հաղորդակցությունների ապաշրջափակմանը ռուսական կողմի մասնակցության համատեքստում», - նշել է Կալուգինը։

Թե կոնկրետ ինչ մասնակցության մասին է խոսքը, և ինչպես է այն իրականացվելու՝ Ռուսաստանի ԱԳՆ ներկայացուցիչը չի մանրամասնել: Շատ փակագծեր չբացեց նաև Հայաստանի արտգործնախարարը:

«Էն գլխից էլ, երբ սկսեցինք խոսել ապաշրջափակման մասին, եթե չեմ սխալվում ռուսաստանյան գործընկերները հրապարակային ողջունեցին էլ, ցանկություն էլ հայտնեցին որևէ կերպ մասնակցեն: Հիմա էլ կարան. օրինակ՝ հենց հիմա Հարավկովկասյան երկաթուղիները ռուսական ընկերություն է, մասնակցում են արդեն, եթե Ռուսաստանից ցորենն, օրինակ, գալիս է Ադրբեջան, Վրաստան, Հայաստան, Հայաստանում էլ այդ երկաթուղիները կարծես... այսինքն՝ հազար շերտ կա էլի», - ասաց Միրզոյանը:

«Ազատության» հարցին՝ բացի դրանից ինչ-որ ուրիշ մասնակցության ձևաչափ քննարկվե՞լ է, Միրզոյանը պատասխանեց. «Կլինի, կքննարկենք, նոր է այդ գործընթացը սկսվել»:

TRIPP-ում ռուսական մասնակցության մասով Միրզոյանն ասաց՝ այս պահին Երևանն ու Վաշինգտոնը որևէ երրորդ կողմի ներգրավվածության շուրջ քննարկում չունեն: TRIPP-ից խոսել է նաև ռուս պաշտոնյան և պնդել՝ Սյունիքով Ադրբեջանը Նախիջևանին կապող այդ ուղին «ավտոմատ կերպով չի նախատեսում հայկական և ադրբեջանական երկաթուղային ենթակառուցվածքների լիարժեք համակցում»:

Երևանի և Մոսկվայի միջև առկա այս տարաձայնություններին զուգահեռ Ազգային ժողովի նախագահն է «Դոյչե Վելլե»-ին ասել՝ Հայաստանում տեղակայված ռուսական ռազմաբազան կմնա այնքան, որքան նախատեսված է պայմանագրով, իսկ դրանից հետո կհասկանան:

Թեև իշխանությունը հայտարարում է հաստատված խաղաղության մասին, Սիմոնյանը հարցազրույցում չէր բացառում որևէ X երկրի հարձակումը Հայաստանի վրա: