Սամվել Կարապետյանի առաջնորդած քաղաքական ուժը խորհրդարանական ընտրություններին կմասնակցի «Ուժեղ Հայաստան» կուսակցությունների դաշինք անվամբ, լրագրողներին հայտնեց կուսակցության անդամ Գոհար Մելոյանը:
Չնայած դրան, քաղաքական ուժի այսօրվա համագումարին տարբերանշանների վրա գրված էր «Ուժեղ Հայաստան Սամվել Կարապետյանի հետ»:
«Ուժեղ Հայաստանը» տարբեր ուժերի հետ երկար բանակցություններից հետո նախորդ ամիս դաշինք կնքեց հանրությանն անհայտ «Նոր դարաշրջան» և «Միավորված հայեր» կուսակցությունների հետ: Այդ ժամանակ հայտարարեցին, որ ընտրություններին մասնակցելու են «Ուժեղ Հայաստան Սամվել Կարապետյանի հետ» դաշինքով:
Սակայն քաղաքական ուժերի առաջադրումների մեկնարկից ընդամենը 5 օր առաջ իշխող «Քաղաքացիական պայմանագիրը» փոխեց Ընտրական օրենսգիրքը: Քաղաքական ուժերն այլևս հնարավորություն չունեն դաշինքի անվանման մեջ անձնանուն ներառել:
Կուսակցության խոսնակ Մարիաննա Ղահրամանյանը հրապարակեց ընտրացուցակը, որն առաջնորդում է քաղխորհրդի անդամ, Սամվել Կարապետյանի եղբորորդին՝ Նարեկ Կարապետյանը: Գործարարի անունը ցուցակում չկա: Նա Ռուսաստանի և Կիպրոսի քաղաքացիություն ունի: Դատարանում հայտարարել էր, որ դրանցից հրաժարվելու գործընթաց է սկսել։
Գոհար Մելոյանը պնդեց՝ Սամվել Կարապետյանն է իրենց վարչապետի թեկնածուն: Լրագրողի հարցին, թե այդ դեպքում ինչու նրա անունը չկա ցուցակում, Մելոյանն արձագանքեց. «Որովհետև Սամվել Կարապետյանն այս պահի դրությամբ չի համապատասխանում վարչապետի համար ներկայացրած թեզերին»:
«Ուժեղ Հայաստանը» հայտարարում է՝ ընտրություններում մեծամասնություն ստանալուց հետո սահմանադրական փոփոխության նախագիծ են բերելու, որով Սամվել Կարապետյանը կկարողանա ստանձնել վարչապետի պաշտոնը:
«Պրոցեսները գնում են, և մենք տեսնում ենք, որ կգան բարեհաջող հանգուցալուծման շատ արագ, և Սամվել Կարապետյանը կլինի միայն ՀՀ քաղաքացի այն ժամանակ, երբ մենք կընտրենք իրեն որպես երկրի վարչապետ: Մենք տեսնում ենք, որ այն ժամկետներում, որով ընտրություններից հետո գնում է ընտրական գործընթացը, մենք տեղավորվում ենք», - նշեց ցուցակը գլխավորող Նարեկ Կարապետյանը:
Ընտրացուցակի երկրորդ հորիզոնականում Ռոբերտ Քոչարյանի գլխավորած «Հայաստան» դաշինքի ցուցակով 2021-ի ընտրություններում պատգամավոր դարձած, ապա 1.5 տարի հետո մանդատից հրաժարված փաստաբան Արամ Վարդևանյանն է, երրորդն՝ իրավաբան Գոհար Մելոյանը:
«Ուժեղ Հայաստանի» այսօրվա համագումարին ներկա են նաև «Ապրելու երկրից»: Քաղաքական ուժն այսօր հայտարարել էր «Ուժեղ Հայաստան» դաշինքի հետ հուշագրի ստորագրման մասին: Նախընտրական փուլում այս ուժերն աջակցելու են միմյանց, «Ապրելու երկրի» մարզային ներկայացուցիչներն ընդգրկված են լինելու ցուցակում: Կուսակցության համահիմնադիր Մեսրոպ Առաքելյանն էլ ասաց, որ իրենք ընդհանուր կարևոր օրակարգ ունեն:
«Խորհրդարանական ընտրություններն ընտրություն են հանձնվելու և պայքարելու միջև, դա ընտրություն է ունենալ այնպիսի պետություն, որտեղ հայ գերիների վերադարձը կդառնա անվիճելի առաջնահերթություն՝ ազգային արժանապատվության վերականգնման և արդար ու կայուն հաստատման կարևորագույն նախապայման», - նշեց նա:
Ըստ էության, «Ապրելու երկրի» համահիմնադիրները, այդ թվում՝ նախկին նախարար Մանե Թանդիլյան չեն լինելու «Ուժեղ Հայաստան» դաշինքի ցուցակում:
Մելոյանն ասաց, որ բաց են համագործակցության «ձեռքերը չկեղտոտած» քաղաքական ուժերի հետ, բացառում են համագործակցությունը ԱԺ-ում ներկայացվածների հետ:
Նարեկ Կարապետյանն էլ հավելեց, որ կան ուժեր, որոնց հետ քննարկում են ընթանում, սակայն փակագծեր չբացեց, թե ում մասին է խոսքը:
Ինչ վերաբերում է արցախահայերի վերադարձի հարցին, նա շեշտեց՝ իրենց ուժի մոտեցումը հետևյալն է՝ պետք է վստահ լինեն, որ վերադարձն անվտանգ է լինելու. «Երբ մենք վստահ կլինենք, որ մեր հայրենակիցներն անվտանգ են լինելու Արցախում, այդ ժամանակ վստահ կգնանք այդ քայլերին»: