Մեկնարկեց Սամվել Կարապետյանի դատավարությունը (լրացվող)

Այսօր Մեկնարկեց միլիարդատեր, «Ուժեղ Հայաստան» կուսակցության առաջնորդ Սամվել Կարապետյանի դատավարությունը:

14:28

Դատական նիստն այսօր ավարտվեց դատավորի ծանրաբեռնվածության պատճառով

13:31

Փաստաբան Արշակ Վարդանյանը նկատեց՝ հիմնավորվում է, որ չկան տնային կալանք կիրառելու հիմքերը, քանի որ Կարապետյանը չի կարող ազդեցություն գործել վկաների վրա. նրանք չեն հաստատել նրա մեղսակցությունը։

«Չկան նաև հանցանք կատարելու ռիսկեր, նա ունի նախանձելի կենսագրություն։ Բացակայում են նաև փախուստի դիմելու ռիսկերը», - նշեց Վարդանյանը։

12:37

Սամվել Կարապետյանի գործով դատախազը միջնորդեց տնային կալանքի ժամկետը երկարաձգել ևս երեք ամսով։

Կան անձինք, որոնց վրա Կարապետյանը կարող է ազդեցություն ունենալու, ասաց դատախազ Արգամ Դալլաքյանը։

12:34

Փաստաբան Արամ Վարդևանյանը ներկայացնելով իրենց միջնորդությունն ասաց՝ Կարապետյանը հիմա չի կարող մասնակցել ընտրացուցակի կազմմանը: Առաջիկայում համագումարն է կուսակցության, որը պետք է հաստատի ընտրացուցակի առաջին 30 անուններն ու հաջորդականությունը:

Դատարանը որոշեց այս հարցը քննարկել առաջնահերթության կարգով։

12:21

Փաստաբան Արամ Վարդևանյանը հայտարարեց, դեռ երեկ են դիմել դատարանին, որ փոխվի Կարապետյանի տնային կալանքը։ Ասաց՝ իրենց համար րոպեն էլ կարևոր է, որ Սամվել Կարապետյանն ազատ արձակվի տնային կալանքից, որ կարողանան ԿԸՀ ներկայացվող ցուցակի հետ կապված աշխատանքներն անել:

12:16

Միլիարդատեր գործարարը «աբսուրդային» որակես մեղադրանքը՝ նշելով՝ «բայց դատախազին բացարկ չեմ հայտնում»:

11:56

Սամվել Կարապետյանը սկսել է ՌԴ-ի և Կիպրոսի քաղաքացիությունից հրաժարվելու գործընթաց:

11:49

Սամվել Կարապետյանը թղթերի կույտ անվանեց մեղադրական եզրակացությունը։

11:28

«Տնտեսագետ եմ, դոկտորի կոչում ունեմ, բացի Հայաստանի քաղաքացիությունից, ունեմ ՌԴ և Կիպրոսի քաղաքացիություն, - դատարանին ներկայացավ Կարապետյանը, - Նախկինում դատված չեմ եղել, աշխատում եմ «Ուժեղ Հայաստան» կուսակցության նախագահ, նաև «Տաշիր գրուպ»-ի նախագահն եմ»:

11:15

Նրա փաստաբանները դեմ արտահայտվեցին, որ լրատվամիջոցները նկարահանեն դատավարությունը։ Արմեն Ֆերոյանը հայտարարեց, թե տեսանկարահանումը կխոչընդոտի իրենց գործունեությանը։ Ինքը՝ Սամվել Կարապետյանը, այս հարցը թողեց իր փաստաբանների հայեցողությանը։

Դատարանը բավարարեց այս խնդրանքը և թույլ տվեց միայն ձայնագրություն անել։

10:50

Տնային կալանքի տակ գտնվող Սամվել Կարապետյանը դատարան բերվեց ոստիկանական ավտոմեքենայով:

Գործարարը մեղադրվում է իշխանությունը զավթելու հրապարակային կոչի, ինչպես նաև հանցավոր ծագում ունեցող միջոցների օրինականացնելու համար, մեղքը չի ընդունում:

Կարապետյանը մեղադրյալի աթոռին հայտնվեց, երբ հայտարարեց իշխանության թիրախում հայտնված Հայ Առաքելական եկեղեցին «իր ձևով» պաշտպանելու մասին:

Երեկ միլիարդատեր գործարարի փաստաբանները միջնորդություն մուտք արեցին դատարան, որպեսզի դատավորը նախ քննի Կարապետյանին տնային կալանքից ազատելու հարցը: Նորաստեղծ «Ուժեղ Հայաստան»-ի առաջնորդը ցանկանում է մասնակցել իր կուսակցության՝ հաջորդ շաբաթ կայանալիք համագումարին:

Դատախազ Արգամ Դալլաքյանն օրերս Հանրային հեռուստաընկերության եթերում ներկայացրել էր գործարարի ենթադրյալ ծանր հանցանքները՝ 8.5 միլիարդ դրամի հափշտակություն և հարկերից խուսափում: Ըստ այդմ, Սամվել Կարապետյանն ապօրինի փողերն օրինականացնելու համար Ռուսաստանի քաղաքացիների է որպես աշխատակից գրանցել:

59-ամյա Սամվել Կարապետյանը, ըստ «Ֆորբս» պարբերականի, 4.1 միլիարդ դոլարի կարողություն ունի: Նախկինում նա ուղղակի ներգրավված չի եղել քաղաքականության մեջ:

ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ

Սամվել Կարապետյանը կմնա տնային կալանքի տակ