«Աբսուրդ է, քաղաքական հաշվեհարդար». ինչո՞ւ են պահանջում դադարեցնել Ծառուկյանի լիազորությունները ՀԱՕԿ նախագահի պաշտոնում

Արխիվ

Ինչո՞ւ է վարչապետի աշխատակազմի ղեկավարի գլխավորած ֆեդերացիան պահանջում, որ Գագիկ Ծառուկյանի լիազորությունները դադարեն Հայաստանի ազգային օլիմպիական կոմիտեի ղեկավարի պաշտոնում: Ծանրամարտի ֆեդերացիայի գլխավոր քարտուղար Սամվել Գասպարյանը հրաժարվում է պատճառների մասին խոսել: Խնդրում է սպասել ֆեդերացիայի պաշտոնական հայտարարությանը, որ ըստ իրեն, առաջիկա օրերին կլինի:

Ծանրամարտի ֆեդերացիան ապրիլի 8-ին դիմել է դատարան, պահանջում է, որ Օլիմպիական կոմիտեի նախագահի լիազորությունները դադարեցնեն, անվավեր ճանաչեն 2025-ի սեպտեմբերի 9-ից հետո նրա բոլոր որոշումներն ու գործողությունները, վերստուգիչ հանձնաժողովի անդամների լիազորությունները: Հիմքերի մասին Դատալեքսում հրապարակային ոչինչ չկա: Հայաստանի ազգային օլիմպիական կոմիտեի համար այս հայցը անակնկալ է եղել, ասում է կոմիտեի գլխավոր քարտուղար Հրաչյա Ռոստոմյանը:

«Իհարկե, անակնկալ էր, իսկ թերությունների մասով եթե մասնավորեցնեք՝ թերությունը որն է, ես կփորձեմ պատասխանել՝ կա, թե չկա նման բան», - ասաց նա:

Ծանրամարտի ֆեդերացիայի հայցի պատճառով տապալվել է կոմիտեի ասամբլեայի հատուկ նիստը, որի ժամանակ նախագահ պետք է ընտրեին, «Ազատությանը» պատմեց Հրաչյա Ռոստոմյանը: Նիստը նշանակված էր ապրիլի 11-ին, ու Ծանրամարտի ֆեդերացիան դրանից երկու օր առաջ դիմել է դատարան, ապրիլի 10-ին արդեն դատարանը վարույթ է ընդունել դիմումը:

«Հենց այդ նիստին պետք է ընտրվեր, և դա բիրտ խոչընդոտ եղավ մեր Օլիմպիական կոմիտեի, շարժման բնականոն գործունեության հանդեպ», - նշեց Ռոստոմյանը:

Կոմիտեի նախագահի, ընտրված անդամների լիազորությունները շարունակվելու են, քանի դեռ ընտրություն չի եղել: Նրանք աշխատում են՝ առաջնորդվելով կոմիտեի կանոնադրությամբ ու միջազգային օլիմպիական խարտիայով, շեշտում է գլխավոր քարտուղարը:

Ի՞նչ հիմքերով է ֆեդերացիան պահանջել ղեկավար կազմի լիազորությունները դադարեցնել ու անվավեր համարել կոմիտեի վերջին ութ ամսվա որոշումները՝ Ռոստոմյանը վստահեցնում է՝ տեղյակ չէ, իրենց իրավաբաններն աշխատում են, ու իրավական ճանապարհով, ըստ նրա, հարցը կհանգուցալուծեն. «Այս հարցի հանգուցալուծումը մեր և մեր մարզաշխարհի օգտին է լինելու, ես միանշանակ վստահ եմ»:

Ռոստոմյանը պնդում է՝ իրենք աշխատել են բացառապես օրենքի շրջանակում և նիստից մեկ ամիս առաջ օրակարգն ուղարկել են կոմիտեի անդամ 39 ֆեդերացիաներին, Արայիկ Հարությունյանի ղեկավարած ֆեդերացիան միակն է եղել, որ առաջարկներ չի արել ու դիմել է դատարան: Կոմիտեի ղեկավար կազմին ֆեդերացիաների ներկայացուցիչներն են ընտրում, ու այս անգամ էլ միակ թեկնածուն Գագիկ Ծառուկյանն է եղել:

«Բազմաթիվ անդամներից ընդամենը մեկը՝ Ծանրամարտի ֆեդերացիայի Ձեր նշած նախագահը, ստանալով օրակարգը, որոշել է որևէ առաջարկ չներկայացնել օրակարգային հարցերի վերաբերյալ, այդ թվում՝ թեկնածությունների մասով և որոշել է, որ պետք է խոչընդոտի կոմիտեի բնականոն աշխատանքը»,- պնդեց Ռոստոմյանը:

Գագիկ Ծառուկյանը Հայաստանի ազգային օլիմպիական կոմիտեն ղեկավարում է 2004 թվականից՝ 22 տարի: 2021-ի հերթական ընտրություններում միակ թեկնածուն է եղել ու վերընտրվել է: Ինչո՞ւ 2025-ին ընտրություն չի եղել՝ Ռոստոմյանն ասաց՝ ժամկետի սահմանափակում չկա, ամառային օլիմպիական խաղերից հետո նշանակվել է հատուկ նիստ ապրիլի 11-ին, և այդ նիստը տապալվել է:

Ինչո՞ւ Ծանրամարտի ֆեդերացիան դատարան դիմեց նախընտրական փուլում, երբ Գագիկ Ծառուկյանը «Առաջարկ Հայաստանին» դաշինքով միացավ ընտրապայքարին, Նիկոլ Փաշինյանն էլ ընդդիմադիր Ծառուկյանի, Սամվել Կարապետյանի ու երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի դաշինքները որակել է «եռագլուխ պատերազմի կուսակցություն» ու հատկապես նրանց է քննադատում:

«Մնացածը թողնում են ձեր դատողության վրա», - ասաց Ռոստոմյանը:

ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ

«Պատերազմի եռագլուխ կուսակցությունը հագնելու է ժողովրդի պատին». Փաշինյանը՝ ՔՊ վարչապետի թեկնածու

ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ

«Պետք է նոր դեմքեր լինեն». Ծառուկյանը կոալիցիա չի կազմի Քոչարյանի հետ, Կարապետյանի դեպքում՝ «կքննարկեն»

Հարցին, թե արդյոք դատարան դիմելը համարում են քաղաքական ճնշում, միտում տեսնում են, նա պատասխանեց. «Ես՝ որպես գլխավոր քարտուղար, քաղաքական Ձեր հարցերին ուղղակի իրավասու չեմ պատասխանելու, բայց դրա համար մեզ ոչ խելք է պետք ունենալ, ոչ մեծ մեղք՝ հասկանալու, թե ինչու են անում դա»:

Եթե Ծանրամարտի ֆեդերացիան Օլիմպիական կոմիտեի նախագահի ու վերստուգիչ հանձնաժողովի պաշտոնավարումն ու որոշումները խնդրահարույց է համարում, ինչո՞ւ ավելի վաղ չեն դիմել դատարան՝ գլխավոր քարտուղար Սամվել Գասպարյանը հրաժարվեց այս հարցերին պատասխանել: Վստահեցրեց, թե քաղաքական նկատառումներով չեն դատարան հասել:

«Քաղաքական ենթատեքստեր չկան, մենք կունենանք հայտարարություն, հայտարարությունով էլ հանդես կգանք», - ասաց նա:

Օլիմպիական կոմիտեի դեմ այս դատական հայցը աբսուրդ է որակում, պատգամավոր, իրավաբան Էլինար Վարդանյանը, որ Ծառուկյանի գլխավորած ցուցակում իններորդ համարն է: Ըստ ընդդիմադիր պատգամավորի՝ սա քաղաքական հաշվեհարդար է. «Սրան կարելի էր վերաբերվել որպես ընթացիկ իրավական գործընթացի, եթե չլիներ մի շատ կարևոր հանգամանք՝ Ծանրամարտի ֆեդերացիան գլխավորում է ՀՀ վարչապետի աշխատակազմի ղեկավարը»։

Վարչապետի աշխատակազմի ղեկավար, ՔՊ վարչության անդամ Արայիկ Հարությունյանը հրապարակավ դեռ չի արձագանքել այս մեղադրանքին:

Պետության միջամտությունն օլիմպիական կոմիտեների գործունեությանն անընդունելի է Միջազգային օլիմպիական կոմիտեի համար։ Հենց այս մարմինն է օլիմպիական խաղերի կազմակերպիչն ու վերահսկիչը։ Օրինակ՝ 2015-2019 թվականներին Քուվեյթի օլիմպիական թիմը հնարավորություն չստացավ հանդես գալու Քուվեյթի դրոշի և հիմնի ներքո, քանի որ մինչ այդ կառավարությունը միջամտել էր սպորտային կոմիտեի գործերին և փոխել օրենքները՝ երկրի օլիմպիական կոմիտեն ու սպորտային ֆեդերացիաները վերահսկելու համար։ Քուվեյթի նկատմամբ սպորտային պատժամիջոցը վերացվեց, երբ երկիրը հաջողությամբ իրագործեց Միջազգային օլիմպիական կոմիտեի սահմանած ճանապարհային քարտեզը ու չեղարկեց վիճահարույց փոփոխությունները։

2012-2014 թվականներին Միջազգային օլիմպիական կոմիտեն երկու տարով պատժեց Հնդկաստանին, ինչի հետևանքով հնդիկները չկարողացան հանդես գալ սեփական դրոշի ներքո 2014-ի Սոչիի օլիմպիական խաղերում։ Սրա պատճառն այն էր, որ Հնդկաստանի իշխանությունները միջամտել էին օլիմպիական կոմիտեի ընտրություններին և փորձել էին դրանք անցկացնել պետական օրենքների համաձայն՝ անտեսելով միջազգային օլիմպիական կոմիտեի կարգերը։ Հնդկաստանի նկատմամբ պատժամիջոցները վերացվեցին միայն օլիմպիական կոմիտեի նոր ընտրություններից հետո։