Հունգարիան ընտրեց Եվրոպային, Եվրոպան մշտապես ընտրել է Հունգարիային, X-ում գրել է Եվրոպական հանձնաժողովի նախագահ Ուրսուլա ֆոն դեր Լայենը՝ արձագանքելով Հունգարիայի խորհրդարանական ընտրության արդյունքում ընդդիմադիր Պետեր Մաջյարի հաղթանակին։
«Երկիրը վերգտավ իր եվրոպական ուղին։ Միությունն ավելի է ուժեղանում», - գրել է Ֆոն դեր Լայենը։
«Իրենց ձայնը հստակ է»․ Կոստա
Արձագանքել է նաև Եվրոպական խորհրդի նախագահը։
«Մասնակցության պատմական ռեկորդն ի ցույց է դնում հունգարացի ժողովրդի ժողովրդավարական ոգին։ Նրանք արտահայտել են իրենց ձայնը, և իրենց ձայնը հստակ է», - X-ում գրել է Անտոնիո Կոստան՝ պատրաստակամություն հայտնելով հանուն ավելի ուժեղ և բարեկեցիկ Եվրոպայի սերտորեն գործակցել նորընտիր վարչապետի հետ։
Ֆրանսիան ողջունում է ժողովրդավարական մասնակցության հաղթանակը
Ֆրանսիայի նախագահ Էմանյուել Մակրոնն էլ X-ի գրառմամբ տեղեկացրել է, որ հեռախոսով զրուցել է Մաջյարի հետ և շնորհավորել նրան։
«Ֆրանսիան ողջունում է ժողովրդավարական մասնակցության հաղթանակը, հունգարացի ժողովրդի հանձնառությունը Եվրոպական Միության արժեքներին և Հունգարիայի հանձնառությունը Եվրոպայի հանդեպ, - գրել է Մակրոնը, - Եկե՛ք միասին առաջ շարժվենք դեպի ավելի ինքնիշխան Եվրոպա՝ հանուն մեր մայրցամաքի անվտանգության, մեր մրցակցայնության և մեր ժողովրդավարության»։
«Հունգարացի ժողովուրդը որոշում կայացրեց». Մերց
Շնորհավորական գրառում է կատարել նաև Գերմանիայի կանցլերը։ Ֆրիդրիխ Մերցը նշել է․ «Հունգարացի ժողովուրդը որոշում կայացրեց։ Սրտագին շնորհավորանքներս Ձեր ընտրության առթիվ, հարգելի՛ Պետեր Մաջյար։ Սպասում եմ մեր համատեղ աշխատանքին։ Եկե՛ք համախմբենք ջանքերը հանուն ուժեղ, անվտանգ և, որն ամենակարևորն է, միասնական Եվրոպայի»։
Լեհաստանի վարչապետ Դոնալդ Տուսկն էլ իր հերթին Հունգարիայում ընդդիմության հաղթանակը «փառահեղ հաղթանակ» է անվանել՝ ընդգծելով, որ Հունգարիան, Լեհաստանը և Եվրոպան «կրկին միասին են»։
Ապրիլի 12-ին Հունգարիայում անցկացված խորհրդարանական ընտրություններում հաղթել է ընդդիմադիր առաջնորդ Պետեր Մաջյարը՝ պարտության մատնելով երկիրը 16 տարի կառավարող Վիկտոր Օրբանին։