Հունգարիայի վարչապետ Վիկտոր Օրբանը նախորդ տարի առաջարկել է «հնարավոր ամեն կերպ» օգնել Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինին, օրինակ՝ Բուդապեշտում ուկրաինական պատերազմը հանգուցալուծելուն միտված գագաթնաժողով կազմակերպելու միջոցով, հայտնում է Bloomberg-ը՝ հղում անելով իր ձեռքի տակ հայտնված հեռախոսազրույցի սղագրությանը։
Հունգարիայի կառավարությունից առայժմ չեն մեկնաբանել լուրը՝ անարձագանք թողնելով նաև հոկտեմբերի 17-ին տեղի ունեցած խոսակցության սղագրությունը հրապարակելու դիմումը։
Կրեմլից ևս լուռ են։
Օրբանի և Պուտինի հեռախոսազրույցը տեղի ունեցավ, երբ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը համաձայնեց ռուս-ուկրաինական պատերազմի թեմայով երկրորդ գագաթնաժողովը Հունգարիայի մայրաքաղաքում անցկացնել։
Հեռախոսազրույցի ժամանակ Օրբանը Պուտինին ընկեր է անվանում՝ նշելով, որ իրենց մտերմությունը առաջացել է 2009-ին սանկտպետերբուրգյան հանդիպումից հետո։
«Բայց երեկ մեր բարեկամությունը վերաճեց մի մակարդակի, որ ես կարող եմ հնարավոր ամեն կերպ օգնել։ Մեր հունգարական պատկերազարդ գրքերում մի պատմություն կա, որտեղ մուկն առյուծին է օգնում - ըստ սղագրության՝ Պուտինին ասել է Օրբանը՝ շարունակելով - Ես պատրաստ եմ անմիջապես օգնել…Ցանկացած հարցով, որ կարող եմ օգտակար լինել, ես պատրաստ եմ»։
Պուտինն ի պատասխան ասում է, որ բարձր է գնահատում Օրբանի հետ հարաբերությունները։ ՌԴ առաջնորդը նշում է, որ Հունգարիան «հավանաբար միակ եվրոպական երկիրն է, որն ընդունելի վայր է» Թրամփի հետ հնարավոր հանդիպման համար։
Նախագահը երախտիքի խոսքեր է հայտնում ուկրաինական ճգնաժամի հարցում Օրբանի «անկախ և ճկուն» դիրքորոշման համար։
Ապրիլի 12-ին Հունգարիայում խորհրդարանական ընտրություն է անցկացվելու։ 16 տարի կառավարող եվրոսկեպտիկ հայացքներով Օրբանի համար սա վերընտրության անենաբարդ փորձությունն է, գրում է Reuters-ը։
Չնայած Ուկրաինա ռուսական ներխուժմանը, Օրբանը ջերմ հարաբերություններ է վարում Պուտինի հետ։
Այս համատեքստում սրված են Բուդապեշտի հարաբերությունները Կիևի հետ։ Հունգարիան դեկտեմբերին արգելափակել էր Եվրոպական Միության կողմից Ուկրաինայի համար նախատեսված վարկի տրամադրումը։