Մատչելիության հղումներ

Ջեյ Դի Վենսն ընտրություններից մի քանի օր առաջ ժամանել է Հունգարիա

ԱՄՆ փոխնախագահ Ջեյ Դի Վենսն այսօր ժամանել է Հունգարիա՝ նպատակ ունենալով աջակցել ազգայնական վարչապետ Վիկտոր Օրբանի նախընտրական քարոզարշավին, որը կանգնած է իր քաղաքական կարիերայի ամենադժվար վերարտադրության փորձի առաջ։

Հունգարիայի կառավարության աղբյուրները հայտնում են, որ երկօրյա այցի ընթացքում, որը տեղի է ունենում ապրիլի 12-ի խորհրդարանական ընտրություններից ընդամենը մի քանի օր առաջ, Վենսը կհանդիպի Օրբանին և նրա հետ կմասնակցի հանրահավաքի։

Հասարակական կարծիքի հարցումները ցույց են տալիս, որ Օրբանը, ում Թրամփն արդեն հրապարակայնորեն աջակցել է՝ անվանելով նրան «իրապես ուժեղ և հզոր առաջնորդ», և նրա «Ֆիդես» կուսակցությունը կանգնած են 2010 թվականին իշխանության վերադառնալուց ի վեր ամենաբարդ ընտրության առաջ։ Անկախ հարցումների մեծ մասում նրանք զիջում են Պետեր Մաջարի ղեկավարած կենտրոնամետ-աջակողմյան «Տիսա» կուսակցությանը։

Վենսի ժամանումից առաջ Մաջարը X հարթակում գրառում է արել՝ զգուշացնելով արտաքին միջամտության մասին. «Սա մեր երկիրն է։ Հունգարիայի պատմությունը չի գրվում Վաշինգտոնում, Մոսկվայում կամ Բրյուսելում. այն գրվում է Հունգարիայի փողոցներում և հրապարակներում»։

Իր հերթին, Հունգարիայի արտաքին գործերի նախարար Պետեր Սիյարտոն հայտարարել է, որ ԱՄՆ փոխնախագահի այցը ցույց է տալիս, որ Վաշինգտոնի և Բուդապեշտի միջև հարաբերությունները հասել են նոր «ոսկե դարաշրջանի»: Նա հավելել է, որ հունգարական ղեկավարությունը Վենսի հետ կքննարկի միգրացիայի, գլոբալ անվտանգության, ինչպես նաև տնտեսական և էներգետիկ համագործակցության հարցեր։

XS
SM
MD
LG