Վարչապետ Նիկոլ Փաշինյանն ապրիլի 1-ին աշխատանքային այցով կմեկնի Ռուսաստանի Դաշնություն։
Այցի շրջանակում Մոսկվայում տեղի կունենա վարչապետ Փաշինյանի հանդիպումը ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի հետ:
Կառավարության վերջին ճեպազրույցին վարչապետն անդրադարձել էր իր և Ռուսաստանի նախագահի հանդիպման շուրջ մեկնաբանություններին, թե հենց Նիկոլ Փաշինյանն է մինչև ԱԺ ընտրությունները հանդիպում խնդրել:
«Ես Հայաստանի Հանրապետության վարչապետն եմ, և ես ինձ հաշիվ եմ տալիս, թե ինչ պետություն է Ռուսաստանը, ինչ պետություն է ԱՄՆ-ն, ինչ պետություն է Գերմանիան, ինչ պետություն է Ֆրանսիան, ինչ է ԵՄ-ն: Գիտե՞ք՝ սովորաբար ես եմ հանդիպում խնդրում և ոչ թե հակառակը: Հա, ես բոլորին էլ խնդրում եմ հանդիպել, դա ինձ համար նվաստացուցիչ չէ, ինչքան էլ հանդիպում եղել է 90..., ես չեմ հիշում՝ այլ նախաձեռնությամբ լինի, Ռուսաստանի նախագահն ինձնից պե՞տք է հանդիպում խնդրի, մի քիչ էլ երկրների քաշային կարգի... այսինքն Ռուսաստանի նախագահն ինձնից պե՞տք է հանդիպում խնդրի, պարզ է՝ ես պետք է խնդրեմ, կամ Ֆրանսիայի նախագահը պե՞տք է հանդիպում խնդրի, ինչքան էլ ջերմ անձնական... և՛ Ռուսաստանի նախագահի հետ, և՛ Ֆրանսիայի նախագահի հետ... որովհետև դա հակառակ կերպ մտածել, նշանակում է իրականության զգացումը կորցնել», - ասել է Փաշինյանը:
Հարցին՝ արդյոք հեռախոսազրույցի ընթացքում քննարկվե՞լ է Հարավկովկասյան երկաթուղու կառավարումը ռուսական կողմից վերցնելու և երրորդ այլ երկրի, օրինակ, ղազախական կողմին փոխանցելու հարցը, վարչապետը պատասխանել է. «Մենք դեմ չենք լինի, եթե պարզվի՝ մեր և Ռուսաստանի միջև կա փոխադարձ ըմբռնում, որ ղազախական ընկերությունը երկուսիս համար էլ ընդունելի է: Այնպես չէ, որ ՌԴ գործընկերները ասել են՝ լավ, համաձայն ենք, եկեք այդպես անենք, նկատի ունեմ՝ քննարկման այլ ռեժիմ է, այդպես գաղափարներ կան թևածող»:
Փաշինյանն ու Պուտինը մարտի 23-ին կայացած հեռախոսազրույցում քննարկել էին երկկողմ հարաբերությունների հետագա զարգացման տարբեր կողմեր, այդ թվում՝ համագործակցությունը առևտրա-տնտեսական, էներգետիկ և տրանսպորտային ոլորտներում: Փաշինյանն ու Պուտինը պայմանավորվել էին առաջիկա հարմար առիթով քննարկումը շարունակել հանդիպման ձևաչափով: