ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ կցանկանար «վերցնել Իրանի նավթը», բայց միաժամանակ վստահեցրել է, թե Վաշինգտոնի և Թեհրանի բանակցությունները «չափազանց լավ» են ընթանում, և ինքը «գրեթե վստահ է», որ կկնքվի խաղաղության համաձայնություն։ Սպիտակ տան ղեկավարը այս հայտարարություններն արել է Financial Times-ին տված հարցազրույցում և դրանից հետո՝ Air Force One-ում լրագրողների հետ զրույցում։
Լրագրողների հետ զրույցում ԱՄՆ նախագահն ասել է, որ Իրանի հետ շփումները ընթանում են ինչպես ուղիղ, այնպես էլ անուղղակի ձևաչափով, և պնդել է, թե Թեհրանը մասամբ բացում է Հորմուզի նեղուցը։ Սակայն նա չի հստակեցրել, թե ինչ նկատի ունի ուղիղ բանակցություններ ասելով։ Reuters-ի փոխանցմամբ՝ Թեհրանը հայտարարել է, որ ստացել է ամերիկյան 15 կետից բաղկացած խաղաղության ծրագիրը, սակայն այն չի ընդունելու։
«Մենք այդ բանակցություններում չափազանց լավ ենք առաջ գնում։ Բայց Իրանի դեպքում երբեք չգիտես՝ մենք բանակցում ենք նրանց հետ, հետո միշտ ստիպված ենք լինում ռմբակոծել», - ասել է Թրամփը՝ հիշատակելով թե՛ B-52 ռմբակոծիչները, թե՛ 2015 թվականի միջուկային համաձայնագրից ԱՄՆ-ի դուրս գալը։ Նրա խոսքով՝ գործարք կլինի, բայց չի բացառել նաև հակառակ սցենարը։ Թրամփը նաև հայտարարել է, թե Իրանի վարչակարգն արդեն «ջախջախված» է, իսկ նոր ղեկավարներին բնութագրել է որպես «շատ ողջամիտ»։
FT-ին տված հարցազրույցում Թրամփն ասել էր, որ իր նախընտրած տարբերակը Իրանի նավթը վերցնելն է։ Նա նաև նշել է, որ Միացյալ Նահանգները կարող է վերցնել Խարգ կղզին, որտեղից արտահանվում է իրանական նավթի մեծ մասը։ Սպիտակ տան ղեկաարի խոսքով՝ Իրանը, հավանաբար, չի կարողանա պաշտպանել այդ կղզին։
Չնայած կոշտ հայտարարություններին՝ Թրամփը պնդել է, որ ԱՄՆ-ի և Իրանի միջև անուղղակի շփումները, որոնցում, ըստ հրապարակումների, ներգրավված են նաև պակիստանցի միջնորդներ, դրական ընթացք ունեն։
Ավելի վաղ ԱՄՆ նախագահը հայտարարել էր, որ մինչև ապրիլի 6-ը հետաձգում է Իրանի էներգետիկ օբյեկտների վրա հնարավոր հարվածները։