Երևանում 5 ամիս անց հուղարկավորվել է ՀՀ-ում սպանված չեչեն կինը

5 ամիս անց՝ այսօր առավոտյան, հողին հանձնվեց Երևանում սպանված չեչեն կինը՝ Այշաթ Բայմուրադովան:

Քննչական կոմիտեից «Ազատությանը» փոխանցեցին, որ «Բնակչության հատուկ սպասարկման ՀՈԱԿ»-ի կողմից պետական միջոցներով է կազմակերպվել հուղարկավորությունը: 23-ամյա կինը հուղարկավորվել է Երևանում:

Չնայած Հայաստանի իրավապահների կրկնակի դիմումներին Ռուսաստանի Դաշնություն՝ զոհի հարազատներին տեղեկացնելու նպատակով, վերջիններս այդպես էլ չեն ժամանել Հայաստան՝ աճյունը վերցնելու համար։

Դեպքից շուրջ չորս ամիս անց Հայաստանի քննչական կոմիտեն հայտնել էր, որ սպանության մեջ կասկածվում են Ռուսաստանի երկու քաղաքացի՝ Կարինա Իմինովան և Սաիդ-Համզատ Բայսարովը։ Իրավապահները նրանց նկատմամբ հայտարարել են հետախուզում։

Հայ և ռուս իրավապաշտպանները պնդում են, որ կասկածյալները կապեր ունեն Չեչնիայի ղեկավար Ռամզան Կադիրովի վարչակարգի հետ։

Այշաթ Բայմուրադովայի սպանությունից 5 ամիս անց կա նաև դիակի փորձաքննության պատասխանը: Համաձայն դրա՝ մահը վրա է հասել մեխանիկական շնչահեղձության հետևանքով:

Հայաստանի Հելսինկյան քաղաքացիական ասամբլեայի Վանաձորի գրասենյակի նախագահ Արթուր Սաքունցը, հղում անելով բաց աղբյուրներին, նշել է, որ կասկածյալների կապերը տեսանելի են նաև սոցիալական ցանցերում։

«Ուղղակի կապը Այշաթի սպանության մեջ կասկածվողների բացահայտված է գոնե սոցիալական ցանցերով»,, - «Ազատություն» ռադիոկայանին ասել էր Սաքունցը:

Նրա խոսքով՝ կասկածյալների նկատմամբ Ռուսաստանում նախկինում հարուցված քրեական գործերը հետագայում կասեցվել են։ Ըստ Սաքունցի՝ տղամարդը մեղադրվել է «Իսլամական պետություն» ահաբեկչական կազմակերպությանը ֆինանսավորելու մեջ, իսկ կինը՝ դանակով սպանության սպառնալիքի գործով, սակայն երկուսն էլ չեն ենթարկվել պատասխանատվության։

Իրավապաշտպանի գնահատմամբ՝ նման դեպքերում հաճախ կիրառվում է մեխանիզմ, երբ քրեական հետապնդումը կարող է վերածվել անձանց վերահսկման կամ համագործակցության գործիքի։

ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ Երևանում սպանված չեչեն կնոջ հուղարկավորությունն իրականացվելու է պետական միջոցներով՝ ՀՀ-ում. հարազատները 4 ամիս է՝ չեն եկել աճյունի հետևից
ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ Այշաթ Բայմուրադովայի սպանությունը կատարած 2 անձի նկատմամբ հարուցվել է հանրային քրեական հետապնդում. ՔԿ
ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ Չեչնիայում դա անվանում են «սպանություն հանուն պատվի». ռուսաստանցի ակտիվիստը՝ Այշաթ Բայմուրադովայի մահվան մասին