«Գործել է զանգովի արդարադատություն», - ՀԷՑ-ի պետականացմանն առնչվող օրենքները Սահմանադրությանը համապատասխանելու՝ բարձր դատարանի որոշումն այսպես է գնահատում Էլցանցերի նախկին տնօրեն, «Տաշիր Գրուպի» սեփականատեր Սամվել Կարապետյանի թիմակիցը:
Դավիթ Ղազինյանը կարծում է՝ ՀԷՑ-ի պետականացման գործընթացի համար կանաչ լույսը Նիկոլ Փաշինյանն է վառել. «Կանաչ լույսը վաղուց է վառվել, հենց կառավարության ղեկավարի առաջին հայտարարությամբ»:
Սահմանադրական դատարանի այս պահին գործող 7 դատավորներն էլ ընտրվել են Նիկոլ Փաշինյանի իշխանության օրոք: ՍԴ-ի որոշումն ամբողջությամբ չկա, այսինքն, հիմնավորումները պարզ չեն, բայց եզրափակիչ մասի հրապարակումից պարզ է դառնում, որ ԱԺ ընդդիմադիրների դիմումն ամբողջությամբ մերժել է, ըստ էության, որոշել են, որ «Տաշիր կապիտալին» լիցենզիայից զրկելը համապատասխանում է Սահմանադրությանը:
Իշխանության ընդունած օրենքների փոփոխություններով հնարավոր դարձավ ՀԷՑ-ը կառավարության նշանակած ժամանակավոր կառավարչին հանձնել ու սկսել պետականացման գործընթացը: Իսկ դա տեղի ունեցավ սեփականատեր Սամվել Կարապետյանի՝ եկեղեցուն աջակցող հայտարարությունից ու նրա կալանավորումից հետո:
Բարձր դատարանի որոշումից ակնհայտորեն գոհ է ՀԷՑ-ի ժամանակավոր կառավարիչ Ռոմանոս Պետրոսյանը: ՍԴ որոշման եզրափակիչ մասն ամբողջությամբ հրապարակելով՝ վարչապետ Փաշինյանի թիմակիցը ֆեյսբուքյան էջում միայն ավելացրել էր՝ «Կեցցե՛ Հայաստանի Հանրապետությունը»:
Էլցանցերի վաճառքի հարցով կառավարություն - «Տաշիր Գրուպ» համաձայնություն տեղի չունեցավ, հիմա, ըստ օրենքի, գործընթացը հանրային գերակա շահ ճանաչելու փուլում է:
Նախկին տնօրենն ասաց՝ պետք է գնահատում կատարվի և դրա հիման վրա սեփականատիրոջը փոխհատուցում տրամադրվի: Տարածքային կառավարման նախարարությունից «Ազատությանը» փոխանցեցին՝ գնահատող ընկերության ընտրությունը ընթացքի մեջ է:
Իսկ ի՞նչ ժամկետներում կավարտվի, Ռոմանոս Պետրոսյանը միայն ենթադրեց՝ գնահատումը ամիսներ կարող է տևել. «Օրենքն այս հանգրվանի վերաբերյալ ժամկետներ չի սահմանում, քանի որ գործընթացն ինքնին բավականին աշխատատար է: Ենթադրվում է ընկերության ակտիվների գնահատում, շրջանառու միջոցների ընդհանուր պարտավորությունների համադրում: Հանրային գերակա շահը ենթադրում է առաջնահերթ շուկայական արժեքի գնահատում: Դա անկախ փորձագիտական ընկերության անելիք է, ինչի մասով արդեն կառավարությունը միջոցներ է ձեռնարկում»:
«Մենք պնդում ենք, որ գնահատող ընկերությունը լինի միջազգային հեղինակություն վայելող, որպեսզի ոչ մի ազդեցություն չլինի», - ասաց Ղազինյանը:
«Ազատության» հարցին՝ եթե չլինի միջազգային հեղինակություն վայելող ընկերություն, չե՞ն ընդունի գնահատման արդյունքները, նա պատասխանեց. «Միանշանակ չենք ընդունի, ուղղակի պետք է սպասել, հասկանանք ինչ են անում: Հաշվի առնելով իրենց գործելաոճը, կարծում եմ, որ այստեղ անօրինական քայլերով կշարժվեն առաջ, կփորձեն գնահատումն իջեցնեն, որովհետև ես ունեմ հիմնավոր կասկածներ, որ իրենք 7 ամսվա ընթացքում վատթարացրել են ընկերության վիճակը: Պետք է գնահատվի հուլիսի 18-ի դրությամբ»:
Մինչ Դավիթ Ղազինյանը պնդում է, որ իրավիճակը պետության նշանակած ժամանակավոր կառավարչի գալով վատացել է, Ռոմանոս Պետրոսյանը նկարներ է հրապարակում՝ ուղեկցող գրառումներով, թե ինչպիսի անմխիթար վիճակում են իրենք գտել ՀԷՑ-ը:
Ինչո՞ւ տեղի չունեցավ գործարքը
Ռոմանոս Պետրոսյանին հարցրինք՝ արդյոք գնի շուրջ չեկա՞ն համաձայնության. «Բանակցությունները, գործարքը, արժեքի շուրջ նաև համաձայնությունները նախատեսված էր իրականացնել եռամսյա օրացույցային ժամկետների մեջ: Արձանագրում ենք, որ փետրվարի 21-ի օրվա ավարտի դրությամբ գործարք տեղի չէր ունեցել: Թե էդ գործարքը ինչ պատճառով տեղի չի ունեցել, ես չեմ կարող մեկնաբանել»:
«Ազատության» հարցին՝ արժեք առաջարկվե՞լ է ՀԷՑ-ի սեփականատերերին, Պետրոսյանը պատասխանեց. «Իհարկե»:
Կողմերից ոչ մեկը թիվ չի հրապարակում:
Դավիթ Ղազինյանն ավելի վաղ ասել էր՝ սահմանված ժամկետում Էլցանցերի վաճառքի հարցով կառավարության առաջարկը ուշացումով է իրենց փոխանցվել, հարցին՝ արդյոք, այդուամենայնիվ, գինն էր խնդիրը, այսօր պատասխանեց, թե մարտավարական նկատառումներով չի կարող փակագծեր բացել: Միայն ասաց, որ առաջարկվող գինն իրենց պատկերացրածից ցածր է եղել, իսկ «Տաշիր Գրուպը» իր տնօրինած Էլցանցերը 1 միլիարդ դոլար է գնահատում:
ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ ՀԷՑ նախկին տնօրենը պնդում է՝ կառավարության առաջարկը ժամկետի խախտմամբ են ստացել, «Հայփոստ»-ից դեռ չեն արձագանքելՊետություն այս դեպքում վճարում է՝ առանց առաջարկ անելու, կընդունե՞ն կառավարության առաջարկը, եթե 1 միլիարդի սահմաններում չլինի. «Սա խլելու գործընթաց է, որը իրենց կարծիքով պետք է տրամաբանական ավարտին հասնի, բնականաբար, շատ փոքր գումար, որպեսզի թոզ փչեն մեր հայրենակիցների աչքերին ու ասեն՝ պետականացրեցինք: Բոլոր հնարավոր ու անհնար ժամկետները սպառվել են կալանքի տակ պահելու, պարոն Կարապետյանը կլինի ազատության մեջ ու արդեն ինքը կորոշի՝ որ տարբերակն ընդունի, որը ոչ»:
Դիտարկմանը՝ իրենք կարո՞ղ են չընդունել այդ գումարը, Ղազինյանը արձագանքեց. «Իհարկե, կարող ենք, ժամանակը կգա, պարզ կլինի»:
Կարապետյանները Հայաստանի կառավարության դեմ հայց ունեն միջազգային արբիտրաժային ատյանում: Այս դեպքում պետությունից կես միլիարդ դոլար են պահանջել: