ԵՄ դիրքորոշումը ռուսական նավթի գնի սահմանափակման վերաբերյալ չի փոխվի

Եվրամիության դիրքորոշումը ռուսական նավթի գնի սահմանափակման վերաբերյալ չի փոխվի՝ չնայած ԱՄՆ-ը թույլ է տվել վաճառել այս պահին նավերում գտնվող ռուսական նավթը։ Այս մասին այսօր հայտարարել է Եվրահանձնաժողովի պաշտոնական ներկայացուցիչ Շիվոն Մակգարրին։

«Հանձնաժողովը շարունակում է համոզված լինել, որ ռուսական նավթի գնի սահմանափակումը և Ռուսաստանի նկատմամբ մեր պատժամիջոցները լիովին արդարացված են։ Դրանք կպահպանվեն նաև նավթային շուկաների ներկայիս անկայունության պայմաններում», - ասել է խոսնակը Բրյուսելում կայացած ճեպազրույցի ժամանակ՝ պատասխանելով այն հարցին, թե ինչպես է Եվրամիությունը արձագանքում ԱՄՆ-ի որոշմանը՝ հանել սահմանափակումները տարանցման մեջ գտնվող ռուսական նավթի նկատմամբ։

Ավելի վաղ ԱՄՆ ֆինանսների նախարար Սքոթ Բեսենթն էր X հարթակում գրել, որ ժամանակավորապես թույլատրվելու է գնել ռուսական նավթը և ԱՄՆ-ի պատժամիջոցներից այս ժամանակավոր բացառությունը կգործի մինչև ապրիլի 11-ը։

ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ ԱՄՆ-ն մեկ ամսով թուլացնում է Ռուսաստանի դեմ նավթային պատժամիջոցները

Մոսկվան այսօր արդեն իր գոհունակությունն է հայտնել ԱՄՆ-ի կողմից ռուսական նավթի նկատմամբ պատժամիջոցների ժամանակավոր մեղմացմանը։

«Միացյալ Նահանգները փաստորեն ընդունում է ակնհայտը․ առանց ռուսական նավթի համաշխարհային էներգետիկ շուկան չի կարող մնալ կայուն», - Telegram-ում գրել է Կրեմլի ներկայացուցիչ Կիրիլ Դմիտրևը։

Տնտեսական բանակցությունների համար ԱՄՆ ժամանած Դմիտրիևը ասել է նաև, որ այս պահին մոտ 100 միլիոն բարել ռուսական նավթ փոխադրման փուլում է։

Մի քանի օր առաջ, սակայն, մարտի 11-ին Եվրահանձնաժողովի նախագահ Ուրսուլա ֆոն դեր Լայենն է Ստրասբուրգում Եվրոպական խորհրդարանի լիագումար նիստում հայտարարել, որ Եվրամիության վերադարձը Ռուսաստանից հանածո վառելիքի օգտագործմանը կթուլացնի ԵՄ-ն։

«Ներկայիս ճգնաժամի պայմաններում ոմանք ասում են, որ պետք է հրաժարվենք մեր երկարաժամկետ ռազմավարությունից և նույնիսկ վերադառնանք ռուսական հանածո վառելիքին։ Դա կլիներ ռազմավարական սխալ»,- ասել է Ֆոն դեր Լայենը։

Այսօր ավելի վաղ նաև Գերմանիայի, Ֆրանսիայի, Իսպանիայի, Նորվեգիայի բարձրաստիճան պաշտոնյաներն էին նաև ասել, որ սխալ է որևէ պատճառով Ռուսաստանի նկատմամբ պատժամիջոցների թուլացումը։

«Ցավոք, Ռուսաստանը որևէ պատրաստակամություն ցույց չի տալիս բանակցությունների համար։ Մենք պարտավոր ենք՝ և պետք է ուժեղացնենք ճնշումը Մոսկվայի վրա։ Ես ուզում եմ սա շատ հստակ ասել. ցանկացած պատճառով պատժամիջոցները մեղմելը սխալ է։ Մենք շարունակելու ենք աջակցել Ուկրաինային։ Իրանի պատերազմը մեզ չի շեղի այս նպատակից», - այսօր հայտարարել է Գերմանիայի կանցլեր Ֆրիդրիխ Մերցը։

ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ Գերմանիայի կանցլերը սխալ է համարում Ռուսաստանի նկատմամբ պատժամիջոցների թուլացումը

Մերցն ընդգծել է, որ նավթի ռազմավարական պաշարների օգտագործումը կօգնի «որոշ չափով» վերահսկել գները։

Փարիզում Ուկրիանյաի նախագահ Վլադիմիր Զելենսկու հետ հանդիպումից հետո Ֆրանսիայի նախագահն էլ ընգծել է, որ Ռուսաստանը «սխալվում է», եթե կարծում է, թե Մերձավոր Արևելքում ընթացող պատերազմը կթուլացնի իր նկատմամբ ճնշումը։

«Այսօր Ռուսաստանը կարող է կարծել, որ Իրանի պատերազմը իրեն որոշակի շունչ քաշելու հնարավորություն կտա։ Բայց դա սխալ է», - ասել է Մակրոնը։

Զելենսկին էլ ասել է, որ Ամերիկայի կողմից այս մեկ թուլացումը կարող է Ռուսաստանին տրամադրել մոտ 10 միլիարդ դոլար պատերազմի համար։
«Սա, անշուշտ, չի օգնում խաղաղությանը», - նշել է նա:

Ավելի վաղ ուրբաթ օրը Մեծ Բրիտանիայի էներգետիկայի փոխնախարար Մայքլ Շանքսն էր հայտարարել, որ Միացյալ Թագավորությունը չի պատրաստվում թուլացնել ռուսական նավթին առնչվող պատժամիջոցները՝ Մերձավոր Արևելքում հակամարտության և Հորմուզի նեղուցի փակ լինելու հետևանքով։

Հորմուզի նեղուցը, որը կապում է Պարսից ծոցը Հնդկական օվկիանոսի հետ, համարվում է աշխարհի կարևորագույն ծովային առևտրային ուղիներից մեկը և առանցքային նշանակություն ունի նավթի տարանցման համար։ Նեղուցով անցնում է համաշխարհային նավթի և գազի մատակարարումների մոտ մեկ հինգերորդը։

ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ Միակ «հաղթողը» Իրանի դեմ պատերազմում