Մարտի 10-13-ը Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում, Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Երկրորդ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսի նախագահությամբ, տեղի ունեցավ Գերագույն հոգևոր խորհրդի ժողովը։
Ժողովին մասնակից եպիսկոպոսները քննարկել են Հայոց Եկեղեցու առջև ծառացած մարտահրավերները, Եկեղեցի-պետություն հարաբերությունների ներկա վիճակը, ինչպես նաև Եկեղեցու առաքելության արդյունավորմանն առնչվող հարցեր։ ԳՀԽ-ը ընդգծել է, որ եկեղեցական կյանքում առկա խնդիրները պետք է լուծվեն բացառապես օրինական ու եկեղեցական-կանոնական ճանապարհով։
Դամասկոսի հայոց թեմի առաջնորդ Տ. Արմաշ եպիսկոպոս Նալբանդյանը զեկուցել է Ավստրիայի Սանկտ-Փյոլթըն քաղաքում փետրվարի 17-19-ին գումարված եպիսկոպոսական հավաքի մասին։
ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ Կոչ ենք անում ՀՀ իշխանություններին դադարեցնել Եկեղեցու հանդեպ հալածանքները. Եպիսկոպոսաց հավաքի հայտարարությունըՄասյացոտնի թեմում առաջնորդի պաշտոնանկությունից հետո ստեղծված իրավիճակի վերաբերյալ տեղեկություններ է փոխանցել թեմի առաջնորդական տեղապահ Տ․ Ռուբեն վարդապետ Զարգարյանը. «Նշվեց, որ կարգալույծ եղած Արման Սարոյանը իշխանության մարմինների ապօրինի աջակցությամբ խոչընդոտում է թեմի հովվական, կանոնական և վարչական գործունեությունը՝ լարվածություն առաջացնելով հոգևորականների և հավատացյալների շրջանում»։
Ըստ Մայր Աթոռի տարածած հաղորդագրության՝ անդրադարձ է կատարվել նաև վերջին շրջանում իշխանությունների կողմից ներկայացված օրինագծերին և ենթաօրենսդրական ակտերին, «որոնք սահմանափակում են Հայաստանյայց Առաքելական Սուրբ Եկեղեցու իրավական կարգավիճակն ու գործունեությունը, ինչպես նաև դրանց արծարծումը դիտվում է իբրև հարմար պատրվակ հակաեկեղեցական թեզերի բարձրաձայնման և անարգել տարածման համար»։ Ժողովի մասնակիցներն արձանագրել են, որ նման նախաձեռնությունները խաթարում են Եկեղեցի-պետություն հարաբերությունների սահմանադրական հիմքերը, մասնավորապես՝ խղճի և կրոնի ազատության իրավունքը։
«ԳՀԽ-ն մերժելի նկատեց նաև վարչապետ Նիկոլ Փաշինյանի կողմից Եվրոպական խորհրդարանում 2026թ. մարտի 11-ի ելույթում Հայոց Եկեղեցու և եկեղեցականության հասցեին հնչեցրած մեղադրական շինծու վերագրումները՝ «օտար ազդեցության գործակալ», «պատերազմի կուսակցություն» և այլն, որոնցով ակնհայտորեն փորձ է արվում արդարացման հիմքեր ստեղծել Եկեղեցու նկատմամբ ՀՀ իշխանությունների կողմից իրագործված անօրեն գործողությունների և ծրագրվող հետագա բռնաճնշումների համար», - ասված է հաղորդագրությունում։
Անդրադարձ է կատարվել նաև Զինված ուժերում հոգևոր ծառայության դադարեցմանը: ԳՀԽ հաստատել է, որ Պաշտպանության նախարարի որոշումը հակասում է ՀՀ Սահմանադրության, «Հայաստանի Հանրապետության և Հայաստանյայց Առաքելական Սուրբ Եկեղեցու հարաբերությունների մասին» օրենքի դրույթներին, ինչպես նաև կառավարության համապատասխան որոշմանը, որոնցով ամրագրված է հոգևոր սպասավորների ծառայությունը ԶՈՒ-ում։
Կարևորելով գնդերեցների ծառայության նշանակությունը բանակի հոգևոր և բարոյահոգեբանական մթնոլորտի առողջացման գործում՝ անհրաժեշտ է նկատվել, որ քննարկվեն ծառայության նոր կարգավորումները և դրանք օրինական հարթություն վերադարձնելու ուղիները։
ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ Գերագույն հոգևոր խորհրդի ժողովը տապալվել է. խորհրդի աշխարհիկ անդամները հարցաքննության էին կանչվել