ՀԷՑ նախկին տնօրենը պնդում է՝ կառավարության առաջարկը ժամկետի խախտմամբ են ստացել, «Հայփոստ»-ից դեռ չեն արձագանքել

ՀԷՑ-ի նախկին գլխավոր տնօրեն Դավիթ Ղազինյանը հաստատում է՝ Էլցանցերի վաճառքի հարցով կառավարության առաջարկը ստացել են, բայց պնդում է՝ «Հայփոստ»-ից նամակը ուշացումով են փոխանցել՝ սեփականատերերին զրկելով սահմանված ժամկետում պատասխանելու հնարավորությունից:

Ըստ Ղազինյանի՝ Տարածքային կառավարման նախարարությունն առաջարկն ուղարկել է փետրվարի 17-ին, բայց իրենց «Հայփոստ»-ից նամակի մասին տեղյակ են պահել փետրվարի 20-ին, իսկ այն հասցեատերերին հասցրել փետրվարի 25-ին, երբ արդեն լրացրել էր օրենքով սահմանված եռամսյա ժամկետը:

«Ազատության» հարցին՝ «այստեղ համագործակցությո՞ւն եք տեսնում «Հայփոստ»-ի ու կառավարության միջև, որ նամակը ձեզ ուշ հասնի», Ղազինյանը պատասխանեց. - «Այո: Անգամ եթե 17-ին դուրս գար, 18-ին հասներ մեզ, մենք կունենայինք հնարավորություն պատասխանելու: Հաշվի առնելով, որ մեզ նամակը հասել է արդեն երեք ամսից հետո այստեղ պատասխանել-չպատասխանելը.... օրենքի սահմանում չէ, որովհետև 3-ամսյա ժամկետը վերջացել է»:

ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ ՀԷՑ-ի արժեքը՝ 1 միլիարդ դոլար, պնդում է նախկին տնօրենը. ինչ փուլում է ՀԷՑ-ի վաճառքի գործընթացը

«Ազատությունը» փորձեց պարզաբանումներ ստանալ, ինչպես Տարածքային կառավարման նախարարությունից, այնպես էլ «Հայփոստ»-ից: Նախարարությունից կարճ փոխանցեցին՝ իրենք պատշաճ ծանուցումն իրականացրել են, «Հայփոստ»-ից արձագանք դեռ չկա:

Թե ինչ գին է գործադիրն առաջարկել բաշխիչ ցանցերի սեփականատեր Կարապետյաններին, նախկինն տնօրենը հրաժարվեց այս փուլում հանրայնացել: Միայն նշեց՝ կես միլիոն դոլարից բավականին ցածր է եղել: Սա այն գումարն է, որ Կարապետյանները միջազգային դատարան ներկայացված հայցով պահանջում են կառավարությունից:

«Ես ասել եմ՝ ինչ ճանապարհով ենք գնալու, առաջարկն արվել է ուղղակի մարտավարական առումով չենք կարող այս պահին բացահայտել, մնացածն արդեն գերակա շահի ճանապարհով գնահատել է ընկերությունը», - ասաց Դավիթ Ղազինյանը:

Որ ՀԷՑ-ը կպետականացվի ու կճանաչվի հանրային գերական շահ, նախօրեին «Factor TV»-ի եթերում հայտարարել էր իշխող կուսակցության ղեկավար անդամ, ՀԷՑ-ի ժամանակավոր կառավարիչ Ռոմանոս Պետրոսյանը: Մինչև այդ Պետրոսյանը հայտնել էր, որ սեփականատերերի հետ բանակցություններ չեն էլ եղել, պարզապես ընկերության լիցենզիայի դադարեցումից հետո՝ եռամսյա ժամկետը լրանալուն պես, կառավարությունը գին է առաջարկել ընկերության սեփականատերերին: ՀԷՑ-ը գնելու համար ինչքա՞ն է պատրաստ եղել վճարել պետությունը, Ռոմանոս Պետրոսյանը չի հայտնել:

«Այս պահին չեմ կարող հանրայնացնել այդ թիվը, քանի որ դա որոշակի լեգալ գործընթացների, նաև գնագոյացման կառուցվածքի, այդ կառուցվածքի հիմքում իրավակարգավորումների, այդ թվում նաև սահմանադրական նորմերի, օրենսդրական նորմերի խիստ պահպանմամբ իրավական գործընթաց է, որը այս պահին կոնֆիդենցիալ է դեռևս համարվում։ Առաջարկը արվել է, բայց գործարք տեղի չի ունեցել, ինչը նշանակում է, որ փետրվարի 21-ից հետո արդեն Սահմանադրության 60-րդ հոդվածի համաձայն կառավարությունը որպես հանրային գերակա շահ պետք է ճանաչի տվյալ մեր ընկերության 100 տոկոս բաժնետոմսերը և փոխհատուցման վճարումից հետո պետականացվի 100 տոկոսով», - նշել է ՀԷՑ-ի ժամանակավոր կառավարիչը։

Գերակա շահ ճանաչելու դեպքում պետությունն, ըստ օրենքի, պետք է վճարի ընկերության գնահատված արժեքից 15 տոկոս ավելի: Եթե սեփականատերերը չհամաձայնեն, միևնույնն է, կառավարությունն այն կարող է վերցնել, սեփականատերն էլ՝ վիճարկել դատարանում: ՀԷՑ-ը պետականացնելու մասին վարչապետ Նիկոլ Փաշինյանը հայտարարել էր այն նույն օրը, երբ հրապարակվել էր եկեղեցին պաշտպանելու մասին գործարար Սամվել Կարապետյանի կարճ հարցազրույցը: Այդ հարցազրույցից ժամեր անցած գործարար Կարապետյանը հայտնվեց ճաղերի հետևում, զուգահեռ մեկնարկեց ՀԷՑ-ը «Տաշիր» ընկերությունից վերցնելու գործընթացը: Այսօր արդեն հստակ է՝ պետությունն այն ճանաչելու է հանրային գերակա շահ:

ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ Ինչ փուլում են ՀԷՑ-ի շուրջ զարգացումները. մանրամասնում են վարչապետն ու նախկին տնօրենը

Ի պատասխան ի՞նչ քայլեր են ծրագրում «Տաշիր» ընկերության սեփականատերերը, Սամվել Կարապետյանի թիմակից Դավիթ Ղազինյանը շատ փակագծեր այսօր չբացեց. «Ճիշտն ասած ի սկզբանե ինձ համար գոնե պարզ էր՝ ինչ է կատարվելու, և այս սցենարի վրա կատարվող առաջարկների մյուսի վերաբերյալ չեմ էլ զարմանում։ Ակնկալիք իրենցից ո՛չ արդարության, ո՛չ ճիշտ գնահատականների չունեմ, բայց ամեն դեպքում նաև համոզված եմ, որ միջազգային արբիտրաժում, դատական ատյաններում քննվող գործերով ի վերջո, անկախ իրենց կամքից, չեն կարողանալու իրենց ուզած սցենարով գնալ»։

Կառավարությունն, ըստ Ղազինյանի, փորձում է արհեստական խնդիրներ ստեղծել, ՀԷՑ-ի իրական արժեքը նվազագույնի հասցնելու նպատակով: Կարծում է՝ հենց դրա համար էր վարչապետ Նիկոլ Փաշինյանը շաբաթներ առաջ հայտարարում, թե ընկերության արժեքը գուցե բարձր չգնահատվի. «Որոշ կարծիքներ են հնչում, բայց շատ նախնական, որովհետև կարող է պարզվի, որ ՀԷՑ-ի ֆինանսական վիճակը այնքան վատ է, որ իր շուկայական արժեքը շատ ցածր է, և կարելի է ուղղակի կառավարության որոշմամբ ինչ-որ մի գումար հատկացնել»։

Ընկերության ֆինանսական վիճակի վերաբերյալ փորձեցինք տեղեկություն ստանալ ժամանակավոր կառավարիչ Ռոմանոս Պետրոսյանից, բայց նա զանգերին չպատասխանեց: Նախկին տնօրենի խոսքով՝ արդարություն ակնկալում են միջազգային դատարանից: ՀԷՑ-ի հարցով նաև Հայաստանի Սահմանադրական դատարանում գործ կա: Ընդդիմադիրներն են դիմել ՍԴ, դեկտեմբերից մեկնարկած նիստերը ընթանում են գրավոր ընթացակարգով, հերթական նիստն էլ մարտի 10-ին է նշանակված:

«Միջազգային արբիտրաժում քննվող գործի վրա միանշանակ չեն կարող ազդեցություն ունենալ, ներպետականին համոզված եմ, որ կարող են և ունենում են։ Ոչ մի այցի ապահովում չի կիրառվում», - ընդգծեց Դավիթ Ղազինյանը։

ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ Ստոկհոլմի արբիտրաժի որոշումը. Կառավարությունն ու «Տաշիր»-ը հակասական մեկնաբանություններ են ներկայացնում


Իսկ միջազգային դատարանում գործի քննությունն ի՞նչ փուլում է, Ղազինյանն ասաց՝ տեղյակ է, որ մեկնարկել է, բայց ընթացքից մանրամասներ չգիտի. «Մենք ունենք 500 միլիոն դոլարի հայց, որի մեջ չեն մտնում այդ վարկային պարտավորությունները, ՀԷՑ-ի, այս պահին ներկա։ Ես ունեմ ներքին համոզմունք, որ բավարարելու է Ստոկհոլմի արբիտրաժը»։

ՀԷՑ-ի վարկային պարտավորությունների վերաբերյալ նույնպես Ղազինյանը թիվ նշել չցանկացավ: Կարապետյանների պահանջն այն է, որ գերակա շահ ճանաչելու համար ընկերության գնահատումը միջազգային հեղինակավոր ընկերություն իրականացնի, եթե կառավարությունն այլ որոշում կայացնի՝ զգուշացրեց՝ դատարան նոր հայցեր կներկայացնեն: