Պակիստանը այսօր ավիահարվածներ է հասցրել Աֆղանստանի մի քանի քաղաքներին, այդ թվում՝ մայրաքաղաք Քաբուլին։ Պակիստանի պաշտպանության նախարար Խավաջա Ասիֆը X-ում հայտարարել է, որ մի քանի ամիս տևած զինված բախումներից հետո լարվածությունը երկու հարևան երկրների միջև «բաց պատերազմի» է վերածվել։
Երկրի տեղեկատվության նախարար Աթաուլլա Տարարն էլ X-ում հաստատել է, որ Պակիստանի բանակը հարվածներ է հասցրել Քաբուլում, ինչպես նաև Պակտիա և Քանդահար նահանգներում գտնվող թիրախներին։
Աֆղանստանի Պաշտպանության նախարարությունը հայտնել է պատասխան հարվածներ հասցնելու մասին։ Սպանվել է 10 պակիստանցի զինծառայող, իսկ 13 դիրք անցել է նրանց վերահսկողության տակ, հայտնում է «Ալ Ջազիրա» հեռուստաալիքը՝ հղում անելով Աֆղանստանի զինված ուժերում ունեցած աղբյուրներին
Աֆղանստանի և Պակիստանի հարաբերությունները սրվել են անցյալ տարվա աշնանը, երբ Աֆղանստանի «Թալիբան»-ը ապաստան է տրամադրել «Թեհրիք-է Թալիբան Պակիստան» ծայրահեղական խմբավորմանը, որը տարիներ շարունակ անհաշտ պայքարի մեջ է Պակիստանի իշխանությունների հետ: