Երկաթուղու մասին իմ պատկերացումն այն է, որ Հայաստանի ու Ռուսաստանի հետ բարեկամ որևէ երկիր գնի ՌԴ-ից կառավարման իրավունքը, լրագրողների հետ ճեպազրույցում հայտարարեց վարչապետ Նիկոլ Փաշինյանը:
«TRIPP-ի շրջանակներում կան ուժեր, ովքեր ասում են, որ եկեք այնպես անենք, որ Մեղրիից հետո, երբ մտնում է Նախիջևան, չմտնի Նախիջևան և շրջանցի Հայաստանը: Բնականաբար, մեր միջազգային գործընկերներն ասում են՝ «ոնց շրջանցի Հայաստանը, Հայաստանը մեր գործընկերն է»: Այդտեղ նրանք, ովքեր ուզում են Հայաստանը շրջանցել, ասում են՝ Հայաստանի երկաթուղին Ռուսաստանի կառավարման ներքո է: Մենք ամեն ինչ անում ենք համոզելու համար, որ, այո, Ռուսաստանի կառավարման ներքո է, բայց Հայաստանի սեփականությունն է ու Ռուսաստանը որևէ ձևով չի ցանկանում ու գործնականում էլ խոչընդոտ չի հարուցի տարածաշրջանային նախագծերի վերաբերյալ: Սրա մասին ես Ռուսաստանի Դաշնության նախագահի հետ էլ եմ խոսել, գիտեմ, որ նա աջակից է այս բոլոր ծրագրերին», - ներկայացրեց վարչապետը:
Փաշինյանն ընդգծեց՝ «Ռուսաստանի կողմից եկաթուղու կառավարման բերումով մենք ռազմավարական մեր դիրքերի կորուստ ենք ունենում ու մրցակցային առավելության կորուստ ենք ունենում». «Իմ պատկերացրած լուծումն այն է, որ մի այնպիսի երկիր, որը բարեկամական հարաբերություն ունի և՛ Ռուսաստանի, և՛ Հայաստանի հետ, ուղղակի գնի Ռուսաստանից կոնցեսիոն կառավարման իրավունքը», - հավելեց վարչապետը:
Թե որ ուժերի մասին է խոսքը, վարչապետը չհստակեցրեց՝ նշելով. «Կան այդ թվում ներդրումային հետաքրքրություններ ունեցողներ, որոնք մտածում են՝ որտեղ արժի փող դնել»:
Հայկական երկաթուղին կոնցեսիոն կառավարման է հանձնվել ռուսական կողմին 2008 թվականին՝ 30 տարով, ևս 10 տարի ավելացնելու հնարավորությամբ:
ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ «Ռուսական երկաթուղիները», որ կառավարում է նաև հայկական երկաթգիծը, չի կարողանում պարտքերը մարել«Թույլ չեմ տալու կաթողիկոսությունը Հայաստանից դուրս տանել»
«Թույլ չեմ տալու կաթողիկոսությունը Հայաստանից դուրս տանել՝ Էջմիածնի գանձերի հետ միասին», - հայտարարեց վարչապետի Փաշինյանը, հավելելով՝ «եթե հարկավոր լինի, միջոցներ կձեռնարկվեն»։
Վարչապետը նշեց, թե տեղեկություն ունի, որ կաթողիկոսությունը ուզում են տեղափոխել, և նախօրեին հրապարակված նամակը ստորագրողներն էլ փորձում են դա կազմակերպել: Սփյուռքի մի շարք ներկայացուցիչներ երեկ հայտարարել էին՝
եկեղեցու ղեկավարության վրա «հետևողական հարձակումները և նրա առաջնորդի հարկադրական հեռացման սպառնալիքները» ուղղակի սպառնալիք են աշխարհի բոլոր հայերի համար:
«Փորձ է արվում իրագործել այդ պլանը, չի իրագործվելու այդ պլանը: Ոմանք շատ ուղիղ դրա մասին խոսում են, ես զգուշացրել եմ, որ չխոսեն և չգործեն այդ ուղղությամբ, զգուշացումները չեն լսել, ուրեմն կզգան զգուշացումները», - հայտարարեց նա:
ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ Սփյուռքի գործիչները կոչ են անում եկեղեցական կառավարման հարցերը լուծել ՀԱԵ մարմինների միջոցով«2026-ից հետո այլևսս չեք տեսնելու քաղաքականությամբ զբաղվող օլիգարխ, նախկին նախագահ»
Սամվել Կարապետյանի առաջադրումը «Հայաստանի Հանրապետությունը ապալեգիտիմացնելու վերջին փորձն է»,- ասաց Նիկոլ ՓԱշինյանը:
«ՀՀ-ն որպես չպետություն հայտարարագրելու վերջին փորձն է։ Իմ նշած բոլոր ուժերը առաջիկա խորհրդարանական ընտրություններում ստանալու են ջախջախիչ փոքրամասնություն։ Էս ընտրությունների արդյունքում բոլոր նախկին իշխանությունները և բոլոր օլիգարխները վերջնականապես և անվերադարձ դուրս են շպրտվելու քաղաքական դաշտից, 2026-ից հետո դուք այլևս չեք տեսնելու քաղաքականությամբ զբաղվող օլիգարխ, նախկին նախագահ»,- ՔՊ գրասենյակում հայտարարեց վարչապետը։
Չնայած սահմանադրական արգելքին՝ «Ուժեղ Հայաստան»-ը նախօերին հայտարարեց՝ վարչապետի իրենց թեկնածուն միլիարդատեր գործարար, այժմ տնային կալանքում գտնվող Սամվել Կարապետյանն է:
ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ Կարապետյանները սահմանադրական արգելքը հաղթահարելու «իրենց ձևն» են գտել