Թրամփը հետ է կանգնում որոշ եվրոպական երկրների նկատմամբ մաքսատուրքեր սահմանելու ծրագրից

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հետ է կանգնում որոշ եվրոպական երկրների նկատմամբ մաքսատուրքեր սահմանելու ծրագրից: Այս մասին Truth Social-ում գրառում է կատարել Թրամփը:

Նշելով, որ արդյունավետ հանդիպում է ունեցել ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Մարկ Ռյուտեի հետ, Թրամփը գրել է, որ ձևավորել են Գրենլանդիայի և, ըստ էության, ամբողջ Արկտիկական տարածաշրջանի վերաբերյալ ապագա համաձայնագրի շրջանակը։

«Այս լուծումը, եթե այն իրագործվի, հիանալի լուծում կլինի Ամերիկայի Միացյալ Նահանգների և ՆԱՏՕ-ի բոլոր երկրների համար։ Այս փոխըմբռնման հիման վրա ես չեմ կիրառի այն մաքսատուրքերը, որոնք նախատեսված էին ուժի մեջ մտնել փետրվարի 1-ից», - ընդգծել է Թրամփը։

Թրամփը հայտարարել էր եվրոպական ութ դաշնակից երկրի համար փետրվարի 1-ից 10 տոկոս մաքսատուրք սահմանելու մասին, որն ուժի մեջ կմնա այնքան, մինչև գործարք կնքվի ԱՄՆ կողմից Գրենլանդիան գնելու վերաբերյալ:

ԱՄՆ նախագահն այս հայտարարությունն արեց այն բանից հետո, երբ եվրոպական երկրները՝ Գրենլանդիան գնելու մասին Սպիտակ տան ղեկավարի ավելի վաղ արած հայտարարություններից հետո, փոքրաթիվ զորամիավորումներ ուղարկեցին Գրենլանդիա։