4 գերիների վերադարձը և Սիրիային 2 վարձկանների փոխանցումը իրար հետ կապ չունեն, լրագրողների հետ ճեպազրույցում հայտարարեց վարչապետ Նիկոլ Փաշինյանը:
«Մենք աշխատում ենք նաև Սիրիայի Արաբական Հանրապետության հետ հարաբերությունների հետագա զարգացման ուղղությամբ: Հույս ունենք այդ որոշումը, որը բարեկամական որոշում է Սիրայի նկատմամբ, այդ թվում՝ Սիրիայի հայ համայնքի շուրջ մթնոլորտը ավելի նպաստավոր կդարձնի», - ասաց վարչապետը։
Նախօրեին Հայաստան են վերադարձել 4 գերիներ՝ Դավիթ Դավթյանը, Գևորգ Սուջյանը, Վագիֆ Խաչատրյանը և Վիգեն Էուլջեքյանը։ Ազգային անվտանգության ծառայությունը հաղորդել էր, որ հայ գերիների վերադարձի գործընթացն իրականացվել է որպես Հայաստանի ու Ադրբեջանի միջև հաստատված խաղաղության գործնական արդյունք։
Արդարադատության նախարարությունն էլ հաղորդել էր, որ Հայաստանում ցմահ ազատազրկման դատապարտված Սիրիայի երկու քաղաքացիներ՝ Յուսեֆ Ալաաբեթ ալ-Հաջին և Մուհհռաբ Մուհամմադ ալ-Շխերինը, Թուրքիայի միջոցով փոխանցվել են Սիրիայի իրավասու մարմիններին։
Հայաստանի իրավապահները պարզել էին, որ 44-օրյայի ընթացքում այս վարձկաններին առաջարկվել էր 2 հազար դոլար։ Նրանց նաև ամեն հայի համար 100 դոլար գլխագին էին խոստացել։
ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ Չորս գերի է Ադրբեջանից վերադարձել Հայաստան, երկու սիրիացի վարձկաններ են հանձնվել Սիրիային