«Պատերազմի փոխարեն առևտուր ենք անում». ադրբեջանական բենզինը շուտով կհասնի Հայաստան

Արտապատկերում APA-ի տեսանյութից

Ադրբեջանական Socar-ի («Սոկար») բենզինով բեռնված 22 վագոններով գնացքն Ադրբեջանից այսօր դուրս է եկել և ուղևորվել դեպի Հայաստան: Առաջինն այդ մասին տեղեկացրեց պաշտոնական Բաքուն՝ հրապարակելով նաև դեպի Հայաստան ճանապարհ ընկած գնացքի կադրերը:

Ավելի ուշ տեղեկությունը հաստատեց նաև էկոնոմիկայի նախարար Գևորգ Պապոյանը՝ տեղեկացնելով, որ Վրաստանի տարածքով ադրբեջանական բենզինն առաջիկայում կհասնի Հայաստան:

Ադրբեջանից Հայաստան է ներկրվում AI-95 տեսակի բենզին


Ադրբեջանական կողմն այսօր տարածած հայտարարության մեջ ընդգծել է, որ ադրբեջանական բենզինի արտահանումը դեպի Հայաստան տեղի է ունենում նոյեմբերի 28-ին՝ Գաբալայում Հայաստանի և Ադրբեջանի փոխվարչապետերի ձեռք բերած պայմանավորվածության արդյունքում: Հայաստան է ներկրվում «Սոկար»-ի՝ AI-95 տեսակի բենզին: Գործարքը կրում է բացառապես կոմերցիոն բնույթ, իսկ բենզինը վաճառվել է միջազգային շուկայական գներին համապատասխան:

ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ Երևանն ու Բաքուն քննարկում են Ադրբեջանից Հայաստան նավթի ու նավթամթերքի արտահանման հարցը. Հաջիև

«Ազատության» հետ զրույցում էկոնոմիկայի նախարարը պնդեց, թե Հայաստան ներկրվող բենզինը բարձր որակի է:

«Եթե բիզնեսը շարունակեց բերել, և գները իջան, ուրեմն մրցունակ է, եթե գները չիջնեն, ենթադրում եմ, բիզնեսը չի էլ բերի», - ասաց նախարարը՝ պատասխանելով հարցին, թե արդյոք ադրբեջանական բենզինը մրցունակ կլինի՞:

Թե ինչո՞ւ է ներկրվում հենց 22 վագոն բենզին, էկոնոմիկայի նախարարն ասաց, որ ադրբեջանական բենզինը գնած ընկերությունը կամ ընկերություններն իրենք են որոշել առաջին խմբաքանակը հենց այդ չափով ներկրել: Ենթադրում է, որ խոսքը մոտ 1300 տոննայի մասին է:

Գևորգ Պապոյանը, սակայն, առայժմ փակագծեր չի բացում, թե ով կամ ովքեր են են Հայաստան ադրբեջանական վառելիք ներկրում:

ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ Ադրբեջանական վառելիք ներկրելու համար հայաստանյան «որոշ ընկերություններ բանակցությունների մեջ են». որո՞նք են հետաքրքրված

Ըստ նախարարի՝ իրենց խնդիրն է եղել գործարարների մի շրջանակի սեղանի շուրջ նստեցնել, թե այդ շրջանակից որ մեկն է պայմանագիր կնքել, չի կարող ասել: Ադրբեջանական բենզինը գնած ընկերության անունը կհայտարարվի ներկրումից հետո:

Ինչ վերաբերում է հաջորդ խմբաքանակների ներկրմանը, ապա Էկոնոմիկայի նախարարն ասում է, որ այդ մասին լրացուցիչ կհայտարարվի, կարևորը, որ պրոցեսն արդեն սկսել է:

«Այնտեղ, որտեղ մարդիկ փող են աշխատում, այդտեղ խաղաղությունը հաղթել է»


«Պրոցեսը գնացել է, եկեք ֆիքսենք, որ պատերազմի փոխարեն առևտուր ենք անում: Պատերազմը կորուստներ է, առևտուրը՝ բարեկեցություն», - նկատեց նախարարը:

Այն, որ Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղությունը հաստատված է, նախարարի խոսքով՝ երևում է մի քանի մակարդակում՝ կողմերը ոչ միայն այլևս չեն կրակում իրար վրա, զինվորներ չեն զոհվում, և առհասարակ կրակոց չկա գյուղերում, այլ նաև բիզնեսն է աշխատում: Իսկ այնտեղ, որտեղ փող են աշխատում մարդիկ, դա նշանակում է, որ այդտեղ խաղաղությունը հաղթել է, նշեց նա:

Ադրբեջանական կողմն այսօր նույնպես խոսել է խաղաղության գործընթացի մասին՝ նշելով, որ Ադրբեջանից Հայաստան բենզինի արտահանումը ցույց է տալիս, որ խաղաղության գործընթացը կրում է ոչ միայն դեկլարատիվ բնույթ, այլև գործնական արտացոլում է ստանում՝ բերելով տնտեսական դիվիդենտներ:

Արդյոք արդեն պայմանավորվածություն կա՞ Ադրբեջանից այլ ապրանքատեսակների ներկրման հարցում, էկոնոմիկայի նախարարն ասաց, որ ընթացքի մեջ է: Իսկ թե ինչ ապրանքատեսակների մասին է խոսքը, Պապոյանը չմանրամասնեց՝ փոխանցելով, որ աշխատելու են արդեն իսկ հաստատված սկզբունքով՝ նախ ադրբեջանական կողմը հայտարարում է, ապա հայկական կողմը հաստատում:

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն այսօր ողջունեց «այս զարգացումը»: «Առևտուրը տեղի է ունենում մասնավոր ընկերությունների միջև, բայց, իհարկե, Հայաստանի և Ադրբեջանի միջև հաստատված խաղաղությունն է, որ քաղաքական պայմաններ է ստեղծել այդ առևտրի համար», - նշեց նա:

«Եթե տարանցման սակագնի հարցերը չկարգավորվեն՝ տնտեսավարողները այլընտրանքային ձևեր կփնտրեն»

Ադրբեջանից Հայաստան ուղևորված բենզինի առաջին խմբաքանակի տարանցման համար Վրաստանը գումար չի գանձի՝ իբրև ժեստ ուղղված խաղաղության գործընթացին: Թե ինչ սակագին կպահանջի վրացական երկաթուղին հաջորդ խմբաքանակի համար, դժվար է ասել, բայց դատելով վարչապետ Փաշինյանի հայտարարությունից՝ կարելի է ենթադրել, որ պայմաններն այնքան էլ ձեռնտու չեն: Թերևս հենց այդ պատճառով Փաշինյանը խոսեց ներկրման այլընտրանքային ճանապարհների մասին:

«Ինչ վերաբերում է հետագա ընթացքին, ես գիտեմ, որ Վրացական երկաթուղու սակագնի հետ կապված որոշակի հարցեր կան, և հույս ունեմ, որ այդ հարցերը կամ կկարգավորվեն, կամ եթե չկարգավորվեն, տրամաբանորեն տնտեսվարողները այլընտրանքային ձևեր կփնտրեն՝ ներմուծումը և արտահանումը ապահովելու», - ասաց վարչապետը:

Հայաստանն, ըստ պաշտոնական տվյալների, անցած տարի 490 հազար տոննա վառելիք է ներկրել, որից 300 հազար տոննան՝ Ռուսաստանից: Հայաստանում բենզինի շուկայում խոշոր խաղացողներն առայժմ լռություն են պահպանում, թե իրենցից ովքեր են արդեն ադրբեջանական վառելիք գնել: