Կան հայաստանյան ընկերություններ, որոնք հետաքրքրված են ադրբեջանական վառելիքի ներկրմամբ և այժմ ադրբեջանական կողմի հետ բանակցությունների մեջ են, «Ազատությանը» փոխանցեց ՀՀ Էկոնոմիկայի նախարար Գևորգ Պապոյանը:
Թե որ ընկերություններն են դրանք, նախարարը չասաց՝ բացատրելով, որ դա նրանց առևտրային գաղտնիքն է, և այդ ընկերություններն իրենք պետք է հայտարարեն այդ մասին:
Հարցին, թե ադրբեջանական վառելիքը մրցունակ կարո՞ղ է լինել հայաստանյան շուկայում, այն պարագայում, երբ Հայաստանը հիմնականում վառելիք ներկրում է Ռուսաստանից, նախարար Պապոյանը պատասխանեց. «Եթե մրցունակ եղավ, կմտնի շուկա, եթե չեղավ, ապա չի մտնի»:
Գևորգ Պապոյանը հավելեց, որ պետության գործը մրցունակության վրա ազդելը չէ. «Պետության գործը հնարավորինս շատ հնարավորություններ ստեղծելն է: Մնացածը մասնավորը պետք է բանակցի, խոսի: Դրանք հարցեր են, որոնց միայն գործարար շրջանակը կարող է պատասխանել»:
Իսկ այս պահին կա՞ որևէ ընկերություն, որ արդեն ներկրել է ադրբեջանական վառելիք, թե՞ առայժմ միայն բանակցությունների փուլն է, Գևորգ Պապոյանն ասաց, որ եթե ադրբեջանական վառելիքը ներկրվի, այս մասին կհայտարարվի:
Բենզինի ներկրմամբ զբաղվող ընկերություններն առայժմ լռում են
Վառելիքի, մասնավորապես, բենզինի հայաստանյան շուկայում առաջատար են մի քանի ընկերություններ: Դրանցից մեկը գործարար Աշոտ Սալազարյանին պատկանող «Սի Փի Էս Էներջի գրուպ»-ն է: Ի դեպ CPS -ը, ըստ Պետական եկամուտների կոմիտեի, 2025-ի հունվար-սեպտեմբեր ամիսներին Հայաստանի 7-րդ խոշոր հարկատուն է և վճարել է 19 միլիարդ դրամի հարկ: «Ազատությունը» հարցում է ուղարկել ընկերությանը՝ փորձելով պարզել, թե արդյոք «Սի Փի Էս»-ը հետաքրքրված է ադրբեջանական վառելիքի ներկրմամբ: Ընկերությունից փոխանցեցին, թե հարցին կպատասխանեն, եթե նպատակահարմար համարեն:
Վառելիքի ներկրմամբ զբաղվող երկրորդ խոշոր ընկերությունը գործարար Բարսեղ Բեգլարյանին պատկանող «Ֆլեշ»-ն է: Այս ընկերությունն էլ Հայաստանի խոշոր հարկատուների ցանկում 22-րդ տեղում է և վճարել է 11 միլիարդ դրամ: Ընկերության գլխավոր տնօրեն Սանսար Բեգլարյանն այսօր հրաժարվեց պատասխանել «Ազատության» հարցերին, մասնավորապես, թե արդյոք հետաքրքրվա՞ծ են ադրբեջանական վառելիքի ներկրմամբ:
Վառելիքի ներկրմամբ զբաղվող Gulf Armenia-ն նոր միջազգային բրենդ է Հայաստանի բենզալցակայանների ոլորտում: Այն իշխանական պատգամավոր Խաչատուր Սուքիասյանի ընտանիքին պատկանող «Սիլ Կապիտալ» ընկերությունների մեջ է մտնում:
«Գալֆ Արմենայի» էջից տեղեկանում ենք, որ այն սկսել է գործել նախորդ տարվանից, և միջազգային բրենդը Հայաստանում պաշտոնապես ներկայացնող «ArmReco» ՍՊԸ-ն է: Ընկերությունը վառելիքը ներմուծում է Եվրոպայի նավթավերամշակման գործարաններից: Թե կոնկրետ որ երկրներից, չի նշվում:
Փոխվարչապետ Մհեր Գրիգորյանն «Ազատությանը» հաստատել է՝ օրերս Գաբալայում Ադրբեջանի փոխվարչապետ Շահին Մուստաֆաևի հետ քննարկել են Ադրբեջանից Հայաստան նավթի ու նավթամթերքի արտահանման հարցը: