«Կոչ ենք անում հոգևոր մեր եղբայրներին չտրվել սադրանքների». կաթողիկոսի հեռացումը պահանջած եպիսկոպոսների հայտարարությունը

Ամենայն Հայոց կաթողիկոսի հեռացումը պահանջած եպիսկոպոսներն անդրադարձել են Եպիսկոպոսաց ժողովի հետաձգմանը:

«Ցավով տեղեկացանք, որ առաջիկա Եպիսկոպոսաց ժողովը չհիմնավորված պատճառաբանությամբ հետաձգվել է Ամենայն Հայոց Գարեգին Բ Կաթողիկոսի կողմից, որը հնարավորություն պետք է ստեղծեր բոլոր եպիսկոպոսներիս` բարձրագույն ատյանում կանոնական մեր տեսակետը արտահայտելու և փաստարկելու։ Ափսոսում ենք, որ մեր կողմից բարձրացված լրջագույն հարցերը այդպես էլ մնացին անպատասխան», - ասված է եպիսկոպոսների հայտարարությունում։

Կաթողիկոսը դեկտեմբերի 10-12-ը Եպիսկոպոսաց ժողով էր հրավիրել՝ «քննության առնելու Հայաստանյայց Առաքելական Սուրբ եկեղեցու շուրջ վերջին զարգացումները և ներեկեղեցական կյանքին առնչվող հարցեր»: Մայր Աթոռը օրերս հայտարարեց, որ Եպիսկոպոսաց ժողովը ժամանակավորապես հետաձգվում է՝ պայմանավորված բռնաճնշումներով. «Նկատի ունենալով Հայաստանում տիրող ներկա իրավիճակը, մասնավորապես եկեղեցականների նկատմամբ իրականացվող բռնաճնշումները, այդ թվում՝ կալանավորումները, ընդառաջ եպիսկոպոսների խնդրանքին՝ Ամենայն Հայոց կաթողիկոսի տնօրինությամբ եպիսկոպոսաց ժողովի գումարումը ժամանակավորապես հետաձգվում է»:

«Ինչ վերաբերում է Մայր Աթոռի կողմից եպիսկոպոսներիս ուղղված անհիմն մեղադրանքներին, մեկ անգամ ևս վերահաստատում ենք մեր անմնացորդ ուխտը Սուրբ Էջմիածնի հանդեպ, հավատարմությունը՝ Հայաստանյաց Առաքելական Սուրբ Եկեղեցու կարգին և կանոններին, ավանդություններին և մեր զինվորյալ միաբանությանը», - ասված եպիսկոպոսների հայտարարությունում։

Նրանք կոչ են անում «հոգևոր մեր եղբայրներին չտրվել սադրանքների, զերծ մնալ վիրավորական խոսույթից և չթիրախավորել եպիսկոպոսներիս նվիրական առաքելությունը՝ հարգանքով վերաբերվելով եկեղեցու նվիրապետական կարգին: Մեկ անգամ ևս վերահաստատում ենք մեր հիմնավոր և արդարացի դիրքորոշումը, որ անհրաժեշտ է հիմնարար լուծում տալ մեր պետության և Սուրբ եկեղեցու շուրջ ծավալվող անընդունելի երևույթներին»։