Հայաստան ադրբեջանական նավթամթերքի մեկանգամյա տարանցման համար Վրաստանը տուրք չի գանձի, այսօր հայտարարել է Վրաստանի էկոնոմիկայի նախարարությունը:
Պաշտոնական Թբիլիսին տեղեկացրել է, որ անցած շաբաթվա վերջին այդ մասին հարցում է ստացել գործընկերներից, թե որ երկրից՝ չի հստակեցվում։
«Այս տարվա դեկտեմբերի 5-ին Վրաստանի կառավարությունը գործընկերներից ստացել է խնդրանք՝ Վրաստանի տարածքով Ադրբեջանից դեպի Հայաստան վառելիքի միանվագ տարանցում իրականացնելու վերաբերյալ։ Վարչապետ Իրակլի Կոբախիձեի որոշմամբ «Վրացական երկաթուղի»-ին հանձնարարվել է անհապաղ և ամբողջությամբ անվճար իրականացնել բեռի միանվագ երկաթուղային փոխադրումը», - նշված է հայտարարությունում:
Ադրբեջանական նավթամթերքի միանվագ անվճար փոխադրում իրականացնելու մասին հայտարարելով, պաշտոնական Թբիլիսին նաև ընդգծել է, թե Վրաստանը եղել և մնում է Հայաստանի և Ադրբեջանի ռազմավարական և հուսալի գործընկերը, ինչպես նաև աջակցում է տարածաշրջանում խաղաղությանն ու կայունությանը։
Ե՞րբ է սպասվում ադրբեջանական նավթամթերքի առաջին խմբաքանակը
Էկոնոմիկայի նախարար Գևորգ Պապոյանն այսօր վրացական կողմի այս հայտարարությունից հետո «Ազատության» հետ զրույցում հաստատեց՝ Վրաստանի էկոնոմիկայի նախարարն իրեն տեղեկացրել է, որ ադրբեջանական նավթամթերքի առաջին խմբաքանակը Վրաստանով Հայաստան կտեղափոխվի առանց մաքսատուրքի: Ըստ Պապոյանի՝ վրացական կողմը այդ քայլը դիտարկում է իբրև խաղաղության գործընթացին նվիրված ժեստ: Էկոնոմիկայի նախարարը, սակայն, հրաժարվեց ասել՝ երբ է սպասվում ադրբեջանական նավթամթերքի առաջին խմբաքանակի ներկրումը Հայաստան:
«Ազատություն». - Մենք ունե՞նք այդպիսի պայմանավորվածություն՝ ադրբեջանական նավթամթերք Հայաստան ներկրելու համար, ինչի մասին շաբաթ օրը խոսել էր Հաջիևը:
Պապոյան. - «Կգա ժամանակը՝ ամեն ինչ կիմանաք»:
«Ազատություն». - «Իսկ Վրաստանի հետ մենք բանակացություններ ենք վարե՞լ են, որի արդյունքում Հայաստան ադրբեջանական նավթամթերքի մեկանգամյա տարանցման համար վրացական կողմը տուրք չի գանձի:
Պապոյան. - Քանի որ վրացական կողմը դրա մասին հայտարարել է, հաստատում եմ, Վրաստանի էկոնոմիկայի նախարարն է ինձ անձամբ փոխանցել:
«Ազատություն». - Կբացատրե՞ք, իսկ ի՞նչ է նշանակում մեկանգամյա տարանցման համար տուրք չի գանձի Վրաստանը:
Պապոյան. - Ենթադրվում է որպես ժեստ խաղաղության գործընթացում՝ վրացական կողմից: Առաջին անգամվա գալու դեպքում վրացական կողմը գումարը չի գանձելու: Հետո արդեն, բնականաբար, տարանցման վճարներ կան դրանց համար, որոնք կազմակերպությունները պետք է վճարեն: Այսինքն, իրենք իրենց կողմից այդ սիմվոլիկ, առաջին խմբաքանակի համար, եթե էդպիսի բան լինի, իրենց կողմից այդ քայլը արել են:
«Ազատություն». - Կարո՞ղ ենք ենթադրել, որ առաջիկայում սպասվում է ադրբեջանական նավթամթերքի առաջին խմբաքանակը, եթե Վրաստանն այդպիսի ժեստ է անում:
Պապոյան. - Չեմ կարող մեկնաբանել: Ես այս պրոցեսներում սիրում եմ արդյունքների ժամանակ խոսել:
Այն, որ Երևանն ու Բաքուն քննարկում են Ադրբեջանից Հայաստան նավթի ու նավթամթերքի արտահանման հարցը, հայաստանյան հանրությունը տեղեկացավ ադրբեջանական կողմից: Այս մասին շաբաթ օրը Դոհայում ընթացող միջազգային ֆորումի ընթացքում հայտարարեց Ադրբեջանի նախագահի արտաքին քաղաքական հարցերով օգնական Հիքմեթ Հաջիևը։ Ադրբեջանցի պաշտոնյան ասաց, որ այդ հարցը քննարկվել է փոխվարչապետերի՝ Մհեր Գրիգորյանի և Շահին Մուստաֆաևի մակարդակով՝ սահմանազատման հանձնաժողովների վերջին հանդիպման ընթացքում:
ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ Երևանն ու Բաքուն քննարկում են Ադրբեջանից Հայաստան նավթի ու նավթամթերքի արտահանման հարցը. Հաջիև«Այժմ մեր կողմից քննարկվող ոլորտներից մեկը նավթի և նավթամթերքի արտահանումն է Ադրբեջանից Հայաստան։ Սա նույնպես աննախադեպ զարգացում է», - նշել է Հաջիևը։
Փոխվարչապետ Մհեր Գրիգորյանի գրասենյակն առայժմ չի արձագանքել Հաջիև այս հայտարարությանը, և պարզ չէ, թե նավթից ու նավթամթերքից բացի էլ ինչ ապրանքների արտահանման շուրջ են կողմերը քննարկումներ անցկացրել:
Ի՞նչ կարժենա ադրբեջանական վառելիքը և ի՞նչ որակ կունենա
Մինչ պաշտոնական Երևանը գաղտնի է պահում խորհրդային միության փլուզումից հետո առաջին անգամ ադրբեջանական նավթամթերքի ներկրման շուրջ հնարավոր գործարքը, տնտեսագետները մի շարք հարցեր են բարձրացնում, որոնց պատասխանելուց հետո միայն պարզ կդառնա, թե որքանով ադրբեջանական նավթամթերքի ներկրումը տնտեսապես շահավետ կլինի հայաստանյան շուկայի համար:
Նախ՝ ի՞նչ կարժենան ադրբեջանական բենզինն ու դիզելը և հետո՝ ինչպիս՞ի որակ կունենան:
Տնտեսագետ Սուրեն Պարսյանն ասում է, որ Հայաստանը տարեկան մոտ 300 հազար տոննա բենզին և դիզելային վառելիք է սպառում, որի գրեթե 90 տոկոսը ներկրվում է Ռուսաստանից, շատ փոքր քանակություն նաև՝ Ռումինիայից, Վրաստանից և այլ երկրներից: Ռուսական նավթամթերքը, որ գալիս է Վրաստանի տարածքով, երկաթուղային ճանապարհով, որևէ փորձաքննություն չի անցնում, քանի որ ներկրվում է ԵԱՏՄ տարածքից, մինչդեռ ադրբեջանական նավթամթերքը ԵԱՏՄ կանոնակարգերով նախ պետք է փորձաքննություն անցնի:
«Ադրբեջանական վառելիքը պետք է գա Հայաստան ստուգվելուց հետո միայն, պետք է փորձաքննություն անենք, պարզելու՝ արդյոք ադրբեջանական վառելիքը բավարարո՞ւմ է եվրասիական ստանդարտներին, թե՞ ոչ», - ասաց Պարսյանը:
«Ազատության» հարցին՝ թե չի համապատասխանում, ԵԱՏՄ -ն թույլ չի՞ տա, տնտեսագետը պատասխանեց. «Այո, քանի որ ադրբեջանական վառելիքը եթեմտնի մեր երկիր, մաքսազերծվի, դառնում է ԵԱՏՄ անդամ և կարող է վերարտահանվել Ռուսաստան: Երկրորդ կարևոր հարցը՝ գինը, ինչ գնով է Ադրբեջանը պատրաստ վառելիք վաճառել Հայաստանին, սրանք կարևոր հարցեր են, որոնք թույլ կտան գործարքը տնտեսապես հիմնավորել կամ գնահատել»:
Տնտեսագետն ասում է, որ ռուսական վառելիքը որակի հետ կապված թեև խնդիրներ ունի, բայց գնի առումով ունի իր առավելությունները, Հայաստանը այն ձեռք է բերում շուկայականից ավելի մատչելի գնով, քանի որ գործում է միջպետական համաձայնագիր և Ռուսաստանը Հայաստանի նկատմամբ չի կիրառում արտահանման տուրքեր:
Հարցին՝ քանի որ մենք ԵԱՏՄ անդամ ենք, ադրբեջանական վառելիքի ներկրումը ավելի թանկ չի՞ լինի, Պարսյանը պատասխանեց. «2 ամիս առաջ որոշում կայացվեց, որ 3 -րդ երկներից բենզին, դիզելային վառելիքի ներկրումը ազատել մաքսատուրքերից, այդ թվում նաև Ադրբեջանից»:
Թե ի՞նչ ընկերություն կներկրի ադրբեջանական հեղուկ վառելիքը Հայաստան, անհայտ է, սակայն Պարսյանն ընդգծում է, որ ադրբեջանական SOCAR-ը Վրաստանի տարածքում ունի իր ցանցը, որը մրցունակ գներ է առաջարկում վրացական շուկային: