Հայաստանի առջև բացված դուռը Եվրոպական կուսակցության ղեկավար Տիգրան Խզմալյանը համարում է Եվրախորհրդարանում ընդունված բանաձևը։ Այն կոչ է եվրոպական հանձնաժողովին ու խորհրդին աջակցել Հայաստանին Եվրամիության հետ համագործակցությունն ընդլայնելու հարցում։ Ու թեև այս բանաձևը խորհրդատվական է ու անդակամցության թեկնածությունը՝ երկար գործընթաց, Խզմալյանն այն պատմական քայլ է համարում։
«Կարծում եմ, որ կարելի է հստակ ասել, որ 200-ամյա ռուսական լուծն այս օրերին ընկնում է հայ ժողովրդի վզից», - ասաց նա։
Վարչապետ Փաշինյանն այսօր գործադիրի նիստում հորդորեց քաղաքական ու քաղաքացիական ուժերին, հանրությանը այս օրակարգի շուրջ քննարկումներ սկսել։ Արման Բաբաջանյանի, Արամ Սարգսյանի ու Տիգրան Խզմալյանի ղեկավարած կուսակցությունները արդեն սկսել են քննարկումները։ Հանրային լսումներ էլ կլինեն։
«Եվրոպական խորհրդարանի բանաձևի տեքստում ուղիղ նշված է Ռուսաստանը՝ որպես Հայաստանի գլխավոր թշնամին ու խոչընդոտ ոչ միայն մեր եվրաինտեգրման, այլ նաև ընդհանրապես տարածաշրջանային ու միջազգային խաղաղության ճանապարհին», - նշեց Խզմալյանը։
ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ Եվրախորհրդարանի բանաձևը ևս մեկ առիթ է՝ քննարկելու Հայաստանի ապագայի տեսլականը. Փաշինյան
ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ Եվրախորհրդարանն ընդունեց ԵՄ-ին անդամակցելու Հայաստանի թեկնածության հնարավորությունը դիտարկել առաջարկող բանաձևը
Արևմուտքին մերձենալու իշխող ուժի հայտարարությունները ակտիվացան հայ-ռուսական հարաբերությունների լարվածությանը զուգահեռ։ ՀԱՊԿ-ի հետ համագործակցությունը սառեցնելու, «Զվարթնոց» օդանավակայանից ռուս սահմանապահներին հանելու հայտարարություններին հաջորդեց Եվրախորհրդարանի բանաձևը։ Պատգամավորները ողջունում են ՀԱՊԿ-ին Հայաստանի անդամակցության սառեցումն ու անվտանգության հարցերում Ռուսաստանից կախվածությունը նվազեցնելու ջանքերը։
«Մենք գտնում ենք, որ դեպի Եվրոպա գնացող Հայաստանի վրա հարձակվելը անհամեմատ ավելի ծանր ու բարդ է լինելու Ադրբեջանի ու Ռուսաստանի համար», - ասաց Արամ Սարգսյանը։
Ռուսաստանյան կառույցները լքելու ու Արևմուտք գնալու հետևանքների մասին հայաստանյան քաղաքական դաշտում կան նաև մռայլ կանխատեսումներ, թե Հայաստանին կարող է սպառնալ Ուկրաինայի ճակատագիրը։ Փաշինյանին աջակցող ուժերի ղեկավարներն ունե՞ն վերլուծություններ՝ ինչ ռիսկեր են կախված դեպի Արևմուտք նայող Հայաստանի գլխին։ «Հանրապետություն» կուսակցության ղեկավար Արամ Սարգսյանի կարծիքով՝ ռիսկեր կան, բայց Ռուսաստանի հետ մնալն ավելի վտանգավոր է։
«Ռուսաստանի հետ լինելով՝ Հայաստանի ամբողջ սահմաններում կանգնելու են ռուս խաղաղապահները, «Զվարթնոցում» լինելու են ռուս խաղաղապահները, Հայաստանի սահմանում Թուրքիան ու Ադրբեջանը Նախիջևանից դեպի Ադրբեջան են գնալու ռուս սահմանապահների վերահսկողությամբ, իսկ դա նշանակում է, որ Հայաստանը դե ֆակտո գոյություն չունեցող պետություն է։ Սա ինձ համար ամենամեծ ռիսկն է», - շեշտեց նա։
ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ ՔՊ պատգամավոր. Երևանը հակադրումների ճանապարհով արտաքին քաղաքականությունում չի գնա
Ըստ Սարգսյանի՝ ավելի ռիսկային է նահանջը, քանի որ այդ դեպքում Հայաստանը կորցնում է անկախությունը՝ Ռուսաստանի հետ մնալով բոլոր սահմաններին ռուսների վերահսկողությունն է լինելու։
«Մենք ամեն ինչ պիտի անենք, որ չհայտնվենք Բելառուսի կամ, Աստված չանի, Թաթարստանի կարգավիճակում, այ դա է ռիսկայինը ինձ համար», - նկատեց նա։
Իսկ ի՞նչ կանեն, եթե Փաշինայնը հաշվարկի այդ ռիսկերն ու նահանջի Արևմուտքի ճանապարհից։ Նրան աջակցող ուժերի ղեկավարները խոստանում են փողոց դուրս գալ, պահանջել Փաշինյանի հրաժարականը։
«Եթե ինքը այդ ճանապարհից հետ քայլ է անում, մենք դառնում ենք իր ամենաուժեղ քննադատը։ Այո, փողոց էլ դուրս կգանք, դրոշներ էլ կհանենք, պիկետներ էլ կանենք», - ասաց Արամ Սարգսյանը։
Արման Բաբաջանյանի կանխատեսմամբ՝ այդ նահանջը Փաշինյանի իշխանության վերջը կլինի. -«Եվ մենք հասկանում ենք, որ Նիկոլ Փաշինյանը ևս գիտակցում է այն վտանգները, որոնք ոչ միայն պետության գլխին են, նաև իր իշխանության գլխին են։ Եթե հրաժարվի այդ ճանապարհից, ինքը չի հասնի նույնիսկ շարունակելու, այսինքն՝ ռուսները չեն էլ թողնի, որ Հայաստանում Նիկոլ Փաշինյանի իշխանությունը շարունակի առհասարակ գոյություն ունենալ, որովհետև սպառնալիքները, որոնք այսօր ՀՀ-ի առջև կան, ոչ միայն արտաքին, նաև ներքին քաղաքական բնույթի են»։
Եվրամիության հետ հարաբերությունները խորացնելու օրակարգով այս ուժերի քննարկումները կշարունակվեն, խորհրդարանական լսումներ կլինեն, նաև հանրային հավաքներ։