Մատչելիության հղումներ

Հայաստանը քննարկում է Եվրամիությանն անդամակցության հնարավորությունը. Միրզոյան


Լուսանկարը՝ ՀՀ ԱԳՆ լրատվականի
Լուսանկարը՝ ՀՀ ԱԳՆ լրատվականի

Երևանը քննարկում է Եվրամիությանն անդամակցության հնարավորությունը, թուրքական պետական TRT World հեռուստաալիքին տված հարցազրույցում հայտարարել է Հայաստանի արտգործնախարարը՝ պատասխանելով լրագրողի հարցին՝ արդյոք Հայաստանը երբևէ մտածե՞լ է ԵՄ-ին կամ ՆԱՏՕ-ին միանալու մասին։

«Հաշվի առնելով այն բոլոր մարտահրավերները, որոնց մենք ստիպված ենք դիմակայել վերջին՝ 3-4 տարիների ընթացքում՝ Հայաստանում ակտիվորեն քննարկվում են առկա նոր հնարավորությունները։ Գաղտնիք չեմ բացահայտնի, եթե ասեմ, որ այդ շարքում է նաև ԵՄ-ին անդամակցության գաղափարը», - ասել է Արարատ Միրզոյանը: - «Հայաստանի ժողովուրդն ունի եվրոպական ձգտումներ, և ինչպես ասացի, մենք անցնում ենք գործընթացի միջով և կտեսնենք, թե ինչպիսին կլինի գործընթացի ավարտը, որն այս պահին ոչ ոք չի կարող վստահ լինել կամ կանխատեսել»։

Եվրոպական ընտանիքի անդամ դառնալու Երևանի պատրաստակամության մասին օրերս նաև Հայաստանի խորհրդարանի նախագահն էր հայտնել։ Ալեն Սիմոնյանը շեշտել էր՝ Հայաստանը պատրաստ է անդամության թեկնածու դառնալ ու շարժվել այն ուղղությամբ, որը կապահովի առավելագույն անվտանգություն։

Եվրամիության հետ հարաբերությունները առավել խորացնելու մտադրության մասին խոսող իշխանությունները, սակայն, չեն պարզաբանում՝ արդյոք Երևանը ԵՄ թեկնածու դառնալու հարցը քննարկել է եվրոպացի գործընկերների հետ, արդյոք Բրյուսելից կա համաձայնություն։

Հայաստանի արտգործնախարարը թուրք լրագրողի հետ հարցազրույցում մանրամասները չի բացահայտել։

«Եվրամիության հետ մենք ունենք Համապարփակ և ընդլայնված գործընկերության համաձայնագիրը, բայցև նայում ենք այս համաձայնագրից անդին։ Քննարկում ենք վիզաների ազատականացման հարցը, մի քանի նոր մեխանիզմներ, որոնք կարող են օգտագործվել մեր հարաբերություններում», - նշել է Միրզոյանը:

Երևանը մի քանի անգամ ու ամենաբարձր՝ վարչապետի մակարդակով է հայտարարել՝ Հայաստանը պատրաստ է մոտենալ Եվրամիությանն այնքան, որքան Բրյուսելը հնարավոր համարի, սակայն առանց հստակեցնելու՝ արդյոք այդ ճանապարհին պատրաստվո՞ւմ են լքել ԵԱՏՄ-ն ու ՀԱՊԿ-ը։ Վերջին օրերին վարչապետի, Կառավարության անդամների ու իշխող խմբակցության փակ հանդիպումներից հետո էլ ոչ մի մանրամասն չեն բացահայտում։

Միրզոյանը նաև Վաշինգտոնի ու Փարիզի հետ Երևանի մերձեցող հարաբերություններից է խոսել։

«Մենք ունենք Ֆրանսիայի, ԱՄՆ հետ փոխգործակցության նոր հնարավորութուններ։ ԱՄՆ հետ ունենք ռազմավարական երկխոսություն, որի շրջանակներում ուսումնասիրում ենք նոր ուղղություններ», - հայտարարել է Հայաստանի արտգործնախարարը:

XS
SM
MD
LG