Պաղեստինի ինքնավարությունը հուսով է, որ Գազայի հատվածում հնարավոր է հրադադար հաստատել մինչև մարտի 10-ին մեկնարկող մահմեդականների սուրբ ամիսը՝ Ռամադանը:
Թուրքիայում գումարված Անթալիայի միջազգային դիվանագիտական համաժողովում այսօր այդ մասին ասել է Պաղեստինի արտաքին գործերի նախարար Ռիադ ալ-Մալիքին:
«Մենք հուսով ենք, որ կկարողանանք հասնել հրադադարին մինչև Ռամադանը: Եվ գիտեք, մենք հույս ունեինք, որ երեկ կարողացանք դա անել, բայց ձախողվեցինք: Եթե այսօր դրան չհասնենք՝ կնշանակի, որ ևս 1000 պաղեստինցի կա՛մ կսպանվի, կա՛մ կվիրավորվի»,- ասել է նախարարը։
Իսրայելը և «Համաս»-ը միջնորդների մասնակցությամբ բանակցում են Գազայում հրադադար հաստատելու շուրջ: Վաղը քննարկումների հերթական փուլը տեղի կունենա Կահիրեում:
Պաղեստինի ինքնավարությունը, որը միջազգային ճանաչում է ստացել, սակայն սահմանափակ լիազորություններ ունի, կառավարում է Իսրայելի կողմից գրավված Հորդանան գետի Արևմտյան ափի որոշ հատվածներում:
2007 թվականի տեղական ընտրություններից հետո Պաղեստինի ինքնավարությունը կորցրել է հսկողությունը Գազայի հատվածի նկատմամբ, քանի որ այդ տարածքում իշխանության է եկել «Համաս»-ը, որը Միացյալ Նահանգներում և Եվրամիությունում համարվում է ահաբեկչական կազմակերպություն:
ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ Բայդենը հուսով է, որ Գազայում Ռամադանի ամսվա ընթացքում հրադադար կհաստատվի