Իրանն աջակցում է Կովկասի հետ հաղորդակցության ուղիների բացման ցանկացած գործողության և հարթակի․ Ռայիսի

Իրանն աջակցում է կովկասյան տարածաշրջանի հետ հաղորդակցության ուղիների և ենթակառուցվածքների բացման ցանկացած գործողության և հարթակի՝ հարգելով բոլոր երկրների ինքնիշխանության և տարածքային ամբողջականության սկզբունքը, երեկ վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ հեռախոսազրույցում հայտարարել է Իրանի նախագահ Էբրահիմ Ռայիսին՝ հաղորդակցության ուղիների բացումը գնահատելով «արդյունավետ քայլ խաղաղության ամրապնդման և հարևանների շահերի ապահովման ուղղությամբ»։

Ըստ Իրանի՝ հեռախոսազրույցը կայացել է հայկական կողմի նախաձեռնությամբ։

ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ Իրանը չի ընդունում տարածաշրջանի երկրների սահմանների փոփոխություն. Ռայիսին՝ Միրզոյանին

Կովկասը խաղաղության կարիք ունեցող կարևոր տարածաշրջան է, հայտարարել է Ռայիսին՝ շեշտելով՝ Իրանի քաղաքականությունը Կովկասի նկատմամբ հստակ է՝ պետք է այնպես անել, որ կովկասյան տարածաշրջանը մրցակցության դաշտ չդառնա արտատարածաշրջանային երկրների համար, հարցերը պետք է լուծեն տարածաշրջանի երկրները՝ առանց կողմնակի միջամտության։

Անդրադառնալով հոկտեմբերի 23-ին Թեհրանում կայացած «3+3» ձևաչափով հանդիպմանը՝ Ռայիսին այն հարաբերությունների կարգավորման կառուցողական քայլ է որակել։

«Փոխադարձ օգուտների և տարածաշրջանի երկրների շահերի ապահովումն Իրանի Իսլամական Հանրապետության հիմնարար քաղաքականությունն է», ասել է Իրանի նախագահը։

ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ «3+3» հարթակն արդյունավետ ձևաչափ է տարածաշրջանային խնդիրները լուծելու համար․ Աբդոլլահիան

Ըստ Իրանի նախագահի գրասենյակի՝ Փաշինյանն ու Ռայիսին քննարկել են նաև երկու երկրների միջև տնտեսական վերջին համագործակցությունը և տարածաշրջանի վերջին զարգացումները։

Հայկական կողմը երեկ հաղորդել է, որ Հայաստանի վարչապետն ու Իրանի նախագահը մտքեր են փոխանակել «3+3» տարածաշրջանային հարթակի վերաբերյալ, քննարկել հայ-իրանական հարաբերությունների օրակարգային թեմաներին վերաբերող հարցեր, անդրադարձել երկկողմ պայմանավորվածությունների իրականացման ընթացքին։

ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ Նասեր Քանանի. «Իրանը դեմ է սահմանների փոփոխությանը Հարավային Կովկասում»