Ադրբեջանի նախագահն ընդունել է Վրաստանի խորհրդարանի խոսնակին

Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևն այսօր ընդունել է Վրաստանի խորհրդարանի նախագահ Շալվա Պապուաշվիլիի գլխավորած պատվիրակությանը, հաղորդում է Ադրբեջանի նախագահի գրասենյակը։

Ըստ Բաքվի՝ Ալիևը վստահություն է հայտնել, որ Պապուաշվիլիի այցն Ադրբեջան կնպաստի կապերի հաջող զարգացմանը։ Հանդիպմանը կողմերը մտքեր են փոխանակել էներգետիկայի, տրանսպորտի և մշակույթի ոլորտներում համագործակցության հեռանկարների շուրջ։

Պապուաշվիլիի գլխավորած պատվիրակությունը երեկ է պաշտոնական այցով ժամանել Ադրբեջան։

Վրաստանի խորհրդարանի խոսնակն X-ի իր էջում, մասնավորապես, գրել է, որ «ուրախ է պաշտոնական այցով վերադառնալ Բաքու՝ Կասպից ծովի ադամանդ»։

Նա «արդյունավետ հանդիպումներ» է ակնկալում Բաքվում՝ «երկու ժողովուրդների միջև բարեկամական կապերի հետագա ամրապնդման համար»։

Ըստ Trend ադրբեջանական լրատվական գործակալության՝ «Հեյդար Ալիև» միջազգային օդանակայանում վրացի բարձրաստիճան հյուրին երեկ դիմավորել են Միլի Մեջլիսի առաջին փոխնախագահ Ալի Հուսեյնլին և այլ պաշտոնյաներ։

Ըստ վրացական կողմի՝ այցը ներառում է կառավարական և խորհրդարանական բարձր մակարդակներով հանդիպումներ։

Վրացական պատվիրակության կազմում են փոխխոսնակ Արչիլ Թալակվաձեն, «Վրացական երազանք» իշխող կուսակցության խորհրդարանական խմբակցության նախագահի առաջին տեղակալ Գրետա Ցիցավան, իշխող կուսակցությունից Վրաստանի խորհրդարան ընտրված ծագումով ադրբեջանցի պատգամավորներ Սավալան Միրզոևն ու Զաուր Դարգալլին, ինչպես նաև «Միացյալ ազգային շարժում»- «Միասնական ընդդիմություն» դաշինքից Ռամազ Նիկոլաիշվիլին:

ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ Վրաստանի խորհրդարանի խոսնակ Պապուաշվիլին ժամանել է Բաքու