ԱՄՆ 60 սենատորներ ու ներկայացուցիչներ կոչ են անում մեծացնել անվտանգության օգնությունը Հայաստանին․ ANCA

Լուսանկարը՝ Ամերիկայի Հայ դատի հանձնախմբի

ԱՄՆ 60 սենատորներ և ներկայացուցիչներ, միանալով դեմոկրատ սենատորներ Ալեքս Պադիլլայի և Աննա Էշուի նամակին, կոչ են արել Կոնգրեսի առաջնորդներին մեծացնել անվտանգության օգնությունը Հայաստանին և մարդասիրական օգնությունը Արցախի փախստականներին, հայտնում է Ամերիկայի Հայ դատի հանձնախումբը (ANCA):

Մասնավորապես, Պադիլա- Էշու նամակում կոչ է արվում, որպես ԱՄՆ արտաքին ռազմական ֆինանսավորում,10 միլիոն դոլար տրամադրել Հայաստանին, և հավելյալ օգնության օրինագծով մարդասիրական օգնություն՝ էթնիկ զտումների հետևանքով Արցախից տեղահանված 120 հազար հայերի կարիքները բավարարելու համար, փոխանցում է ANCA-ն։

«Լաչինի միջանցքի ամիսներ տևած շրջափակումը, Լեռնային Ղարաբաղի վրա Ադրբեջանի դաժան, անհիմն ռազմական հարձակումը սարսափելի մարդասիրական ճգնաժամ է ստեղծել՝ ստիպելով ավելի քան 100 հազար էթնիկ հայեր լքեն իրենց տները», - ասել է սենատոր Պադիլլան՝ շարունակելով․ - «ԱՄՆ-ը պետք է քայլեր ձեռնարկի այս արտակարգ դրությունը լուծելու համար։ Ես վճռականորեն կոչ եմ անում Կոնգրեսի ղեկավարությանը արտաքին օգնության փաթեթում ներառել Հայաստանին անվտանգության և հումանիտար աջակցությունը»:

Աննա Էշոն իր հերթին հայտարարել է․ - «Հայաստանին շտապ անհրաժեշտ է ԱՄՆ օգնությունը՝ Ադրբեջանի ագրեսիայից պաշտպանելու իր ժողովրդավարությունը և մեղմելու հումանիտար ճգնաժամը, որն առաջացել է Ադրբեջանի կողմից Լեռնային Ղարաբաղի էթնիկ զտումների հետևանքով։ Քանի որ Կոնգրեսը պատրաստում է օրինագիծ՝ աջակցելու մեր խոցելի ժողովրդավարական դաշնակիցներին ամբողջ աշխարհում, Հայաստանը պետք է ներառվի այդ ցուցակում»:

Ազգային անվտանգության լրացուցիչ ֆինանսավորման օրինագիծը կվերանայվի հաջորդ շաբաթ, հաղորդում է Ամերիկայի Հայ դատի հանձնախումբը։

Սեպտեմբերի 19-ի ռազմական գործողություններից հետո ավելի քան 100 հազար բնակիչներ լքեցին Արցախը։

ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ Ադրբեջանից բռնի տեղահանված ու էթնիկ զտումների հետևանքով փախստական դարձած հայերի թիվը 500 հազար է. վարչապետ