Ազգային ժողովը ձայների 60 կողմ, 22 դեմ հարաբերակցությամբ ընդունեց Հռոմի ստատուտի վավերացման մասին օրենքի նախագիծը։
7-օրյա ժամկետում Ազգային ժողովը նախագիծը կուղակի նախագահին՝ ստորագրման։
Նախքան քվեարկությունը ընդդիմադիր երկու խմբակցությունները հայտարարեցին, որ դեմ են քվեարկելու նախագծին։
Ընդդիմադիր «Հայաստան» խմբակցության քարտուղար Արծվիկ Մինասյանը նիստի մեկնարկին հայտարարեց՝ օրակարգում ներառված է հարց, որը հակասահմանադրական ընթացակարգով է ներկայացված։
«Ազգային ժողովն իրավասու չէ Հռոմի ստատուտի վավերացնելու հարցը, առանց սահմանադրական փոփոխությունների, քննարկման առարկա դարձնել՝ իր բազմաթիվ ռիսկերով հանդերձ, որոնց վերաբերյալ կարիք կար ամբողջական, խորը և պաշտպանական բոլոր գործողությունները ձեռնարկելուց հետո նոր անդրադառնալ», - ասաց Մինասյանը։
Երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի առաջնորդած ուժը ասածը հիմնավորում է Բարձր դատարանի 2004 թվականի որոշմամբ, որով ստատուտը Սահմանադրությանը հակասող էր ճանաչել։
Մինչդեռ Սահմանադրական դատարանի նախագահն, անդրադառնալով դատարանի 2004 թվականի որոշմանը, հայտարարել էր, որ սահմանադրական երկու փոփոխություններից հետո իրավիճակ է փոխվել, դատարանն էլ այս տարվա մարտին որոշեց, որ փաստաթուղթն այլևս չի հակասում Մայր օրենքին։
Երրորդ նախագահ Սերժ Սարգսյանի ղեկավարած ուժն էլ ամիսներ առաջ Հռոմի կանոնադրությունը վավերացնելու իշխանությունների որոշումը «ծայրահեղ քաղաքական կուրություն» էր որակել՝ «հղի անկախատեսելի հետևանքներով»:
Երկու խմբակցություններն էլ հայտարարում են՝ դեմ են քվեարկելու վավերացմանը։
Ռուսաստանի նախագահի ձերբակալման օրդեր տված Միջազգային քրեական դատարանի կանոնադրությունը վավերացնելու՝ Երևանի որոշումը Մոսկվան ոչ բարեկամական քայլ էր որակել: Օրերս Մոսկվայից սպառնացել էին՝ Հայաստանի կողմից Հռոմի ստատուտի վավերացումն ամենաբացասական հետևանքները կունենա երկկողմ հարաբերությունների վրա՝ առանց հստակեցնելու, թե ինչ քայլերի կդիմեն։
Հայաստանը Հռոմի ստատուտը ստորագրել է 1998 թվականին, բայց մինչև հիմա չի վավերացրել։
Այս տարվա մարտին Հայաստանի Սահմանադրական դատարանը որոշեց, որ Միջազգային քրեական դատարանի Հռոմի կանոնադրությունը համապատասխանում է երկրի Սահմանադրությանը: Սեպտեմբերի վերջին ԱԺ հանձնաժողովը դրական եզրակացություն տվեց կանոնադրության վավերացմանն ու այն ընդգրկվեց ԱԺ լիագումար նիստ։
Պաշտոնական Երևանը հիմնավորման մեջ է նույնիսկ շեշտել կանոնադրության վավերացման և իրավազորության ճանաչման անհրաժեշտությունը՝ ընդգծելով՝ Ադրբեջանի կողմից Հայաստանի նկատմամբ նոր ռազմական ագրեսիայի իրականացման ռիսկը շարունակում է մնալ բարձր, իսկ այն վավերացնելուց հետո նաև պատերազմական հանցագործությունները ենթակա են լինելու ՄՔԴ իրավազորությանը, ինչը միանշանակ կհանդիսանա կանխարգելիչ և զսպող միջոց Ադրբեջանի համար:
Իսկ ինչ վերաբերում է Ռուսաստանի մտահոգությանը, օրերս Միջազգային իրավական հարցերով ՀՀ ներկայացուցիչ Եղիշե Կիրակոսյանը պարզաբանեց, թե Հռոմի ստատուտի վավերացումից հետո ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինին՝ Հայաստան մուտք գործելուց հետո ձերբակալելու մասին չի կարող խոսք լինել՝ պետությունների գործող ղեկավարներն օժտված են իմունիտետով։
«Այն լուծումները, որոնք հիմնվում են Հռոմի ստատուտի 96-րդ հոդվածի 2-րդ մասով, առաջարկվել են մեր ռուս գործընկերներին։ Դա ենթադրում է երկկողմ համաձայնագրի ստորագրում։ Ռուսական կողմին առաջարկված երկկողմ համաձայնագրով կողմերը պարտավորվում են միմյանց երաշխիքներ տրամադրել ամենաանհանգստացնող հարցերի վերաբերյալ», - պարզաբանեց Կիրակոսյանը՝ միևնույն ժամանակ շեշտելով, ռուսական կողմը դեռ չի արձագանքել առաջարկին։
Ընդհանուր առմամբ Հռոմի ստատուտը ստորագրել են 139 պետություններ, բայց համաձայնագիրը վավերացրել են ոչ բոլորը։ Ստատուտի մասնակից են 123 պետություններ։ Տարածաշրջանի երկրներից Ռուսաստանը, Վրաստանն ու Իրանը ստորագրել են այն, սակայն վավերացրել է միայն Վրաստանը՝ 2003-ի սեպտեմբերին։ Իսկ Ռուսաստանը 2016 թվականին չեղարկել է իր ստորագրությունը, երբ Միջազգային քրեական դատարանը Ռուսաստանի գործողությունները Ղրիմում որակել է «օկուպացիա»։ Թուրքիան ու Ադրբեջանը չեն ստորագրել։
ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ Կիրակոսյան․ Հռոմի ստատուտի վավերացման դեպքում Պուտինին Հայաստանում ձերբակալություն չի սպառնում