Հունաստանում անտառային հրդեհների պատճառով ավելի քան 20 հազար մարդ է տարհանվել

Հունաստանում անտառային հրդեհների պատճառով շտապ տարհանվել են ավելի քան 20 հազար բնակիչներ և զբոսաշրջիկներ։ Սա այդ երկրի պատմության մեջ հրդեհի պատճառով ամենամեծ զանգվածային տարհանումն է։

Մասնավորապես, Հռոդոս կղզուց տարհանվել է մոտ 19 հազար մարդ, զբոսաշրջիկները ստիպված են եղել գիշերել օդանավակայանում, ժամանակավոր կացարաններում, նույնիսկ փողոցում։ Եվս 2 հազար 400 մարդ տարհանվել է Կորֆու կղզուց։

Հունաստանում անտառները այրվում են արդեն մեկ շաբաթ։ Կիրակի օրը հրդեհների թիվն ավելացել է միանգամից 64-ով՝ հասնելով 82-ի, հրդեհի տարածմանը նպաստում են շոգն ու ուժեղ քամին։

Երկրի 180 բնակավայրերում նախօրեին օդի ջերմաստիճանը գերազանցել է 40°C-ը, երկրի հարավում՝ Գիթեյոյում գրանցվել է 46,4°C։ Ըստ օդերևութաբանների՝ Հունաստանում այս եղանակը կպահպանվի առնվազն մինչև չորեքշաբթի։