Մատչելիության հղումներ

Հունաստանում անտառային հրդեհների` հայերին հասցրած վնասների մասին տվյալներ չկան


Հունաստանում Հայաստանի դեսպանությունը տվյալներ չունի այդ երկրում մոլեգնող անտառային հրդեհների հետեւանքով հայերի կրած վնասների մասին: «Համայնքային կառույցների հետ քննարկումներ եղել են, հարցուփորձ եղել է այս առումով, որեւէ տեղեկություն չկա», - «Ազատություն» ռադիոկայանի հետ հեռախոսազրույցում ասաց Հունաստանում Հայաստանի դեսպան Վահրամ Կաժոյանը:

«Իսկապես, շատ ցավալի եւ ողբերգական վիճակ է, որովհետեւ թե’ երկինքն է ամպամած` ծխի հետեւանքով, եւ թե’ քաղաքում ամենուրեք տեսանելի են` մեքենաների վրա, մայթեզրերին, այդ ծխի նստվածքները: Պելոպոնեսի հարավային, արեւելյան եւ արեւմտյան կողմերն են այրվում, Էվիա կղզին, Ատտիկա թերակղզու արեւելյան հատվածը», - նշեց դեսպանը` հավելելով. - «Բարեբախտաբար, Աթենք դեռեւս կրակը չի հասել, բայց ես չեմ բացառում, որ շրջաններում, որտեղ հրդեհը մոլեգնում է, կարող են լինել հայերի ամառանոցային տներ»:

Հունաստանում մոլեգնող հրդեհները արդեն 63 մարդու մահվան պատճառ են դարձել:

Հույն իրավապահների կարծիքով, հրդեհները միայն բնական աղետի հետեւանք չեն. կան տեղեկություններ, որոնց համաձայն, անտառները մարդիկ են հրկիզել` չարամիտ դիտավորությամբ:

Հունաստանի իշխանությունները մեկ միլիոն եվրո են խոստացել հրկիզողներին բացահայտելուն օգնող տեղեկությունների համար:


Արմեն Քոլոյան, Պրահա

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG