ԱԽ քարտուղարն ընդունել է ԵԱՀԿ ՄԽ ԱՄՆ համանախագահին, ներկայացրել ապրիլի 11-ի դեպքերը

Լուսանկարը՝ ՀՀ ԱԽ գրասենյակի

Տեղ համայնքի մոտակայքում ապրիլի 11-ի իրադարձություններն ներկայացրել Հայաստանի Անվտանգության խորհրդի քարտուղար Արմեն Գրիգորյանը՝ այսօր ընդունելով ԱՄՆ Պետդեպարտամենտի Կովկասյան բանակցությունների հարցերով ավագ խորհրդական, ԵԱՀԿ Մինսկի խմբի ամերիկացի համանախագահ Լուիս Բոնոյին:

Գրիգորյանը Ադրբեջանի զինված ուժերի սադրանք է որակել տեղի ունեցածը՝ ընդգծելով, որ նման քայլերի միակ նպատակը հայ - ադրբեջանական խաղաղ բանակցություններին ուղղված ջանքերն ի չիք դարձնելն է:

Անվտանգության խորհրդի գրասենյակի հաղորդագրության համաձայն, Բոնոն շեշտել է կառուցողական քայլերի իրականացման և խաղաղության գործընթացին հավատարիմ մնալու անհրաժեշտությունը՝ հետագա էսկալացիաներից խուսափելու համար:

ԱԽ քարտուղարը վերահաստատել է հայկական կողմի հանձնառությունը բանակցային գործընթացին՝ ներկայացնելով առկա խնդիրների կարգավորման հարցում Հայաստանի մոտեցումները:

Հայաստանի ռազմական գերատեսչությունն ապրիլի 11-ին տեղեկացրեց, որ Ադրբեջանի զինուժը կրակ է բացել Սյունիքի մարզի Տեղ գյուղի հատվածում ինժեներական աշխատանք կատարող հայ զինծառայողների ուղղությամբ, ինչին հայկական կողմը համարժեք պատասխանել է: Հաջորդած գործողությունների հետևանքով հայկական կողմն ունի 4 զոհ և 6 վիրավոր, Բաքուն հայտնում է իր 3 զոհի մասին: Ժամեր անց հաղորդվեց իրավիճակի հարաբերական կայունացման մասին: Ադրբեջանը հայկական կողմին է մեղադրում հրադադարի խախտման համար:

Հայաստանում ԱՄՆ դեսպանատան հաղորդագրության համաձայն՝ Լու Բոնոն տարածաշրջան կայցելի ապրիլի 13-22-ը։ Հայ - ադրբեջանական խաղաղության գործընթացին օգնելու նպատակով նա նախատեսում է հանդիպումներ ունենալ «հիմնական շահագրգիռ կողմերի հետ»։

«Պետքարտուղար Բլինքենի, ՀՀ վարչապետի և Ադրբեջանի նախագահի Մյունխենի անվտանգության համաժողովի շրջանակում փետրվարի 18-ին կայացած հանդիպումից, մարտին պետքարտուղարի ու երկու երկրի ղեկավարների միջև տեղի ունեցած հեռախոսային խոսակցություններից և անցյալ ամիս պ-ն Բոնոյի տարածաշրջան կատարած այցից հետո սա խոսակցությունը շարունակելու հնարավորություն կլինի պ-ն Բոնոյի համար», - ասված է հաղորդագրությունում:

«Խաղաղության գործընթացում Հայաստանի և Ադրբեջանի արդյունավետ ներգրավվածության վերջին ջանքերը հուսադրող են մեզ համար, և պ-ն Բոնոն հուսով է, որ այդ պահն օգտագործելով հնարավոր կլինի կառուցել հետագա քայլերը։ Պ-ն Բոնոն կընդգծի, որ Միացյալ Նահանգները հանձնառու է խթանել խաղաղ, ժողովրդավար և բարեկեցիկ ապագային միտված ջանքերը Հարավային Կովկասում», - հաղորդում է ԱՄՆ դեսպանատունը: